Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
կուսակցություն / From Wikipedia, the free encyclopedia
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (կրճատ՝ Ս.Դ.Հ.Կ., արմտ. հայ.՝ Սոցիալ-դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւն, նաև հայտնի է որպես՝ «Հնչակյաններ», արմտ. հայ.՝ «Հնչակեաններ»), հայկական քաղաքական կուսակցություն է։ Այն հիմնադրվել է 1887 թվականի օգոստոսին Ժնևում, Շվեյցարիա, մի խումբ արևելահայ ուսանողների կողմից, որոնք էին՝ Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Ռուբեն Խանազատյանը, Գաբրիել Կաֆյանը, Քրիստափոր Օհանյանը, Գևորգ Ղարաջյանը, Մանուել Մանուելյանը։ Ներկայումս գործող ամենահին կուսակցությունն է։ Առաջին սոցիալիստական կուսակցությունն է, որը գոյություն է ունեցել Օսմանյան կայսրությունում և Իրանում, նաև հայտնի որպես Պարսկաստան[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (այլ կիրառումներ)
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն Սոցիալ-դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Համբիկ Սարաֆյան |
Հիմնադիր | Ավետիս Նազարբեկյան, Մարո Վարդանյան-Նազարբեկյան, Ռուբեն Խանազատ |
Հիմնադրված | 1887 |
Գաղափարախոսություն | Սոցիալ-դեմոկրատիա Դեմոկրատական սոցիալիզմ Հայ ազգայնականություն |
Քաղաքական հայացք | ձախակենտրոնից ձախ |
Պաշտոնական գույն(եր) | կարմիր |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Թերթ | տե՛ս Կուսակցության հրատարակություններ |
Միջազգային պատկանելություն | չկա, նախկինում Սոցիալիստական Ինտերնացիոնալ |
Հայաստանի Ազգային ժողով | 0 / 132 |
Լիբանանի խորհրդարան | 0 / 128 |
Social Democrat Hunchakian Party Վիքիպահեստում |
Կուսակցության անվանումը վերցվել է «Հնչակ» թերթից, որի անունը «զանգակ» բառի հոմանիշն է։ Թերթի անվանումը ստացել է ռուս դեմոկրատ Ալեքսանդր Գերցենի «Կոլոկոլ» պարբերականի անվան (ռուս.՝ Колокол, բառացի «Հնչակ») թարգմանությունից։ Խմբագիրները՝ կուսակցության հիմնադիրները անվանումն ընտրել էին «լուսավորության և ազատության համար զանգը կամ արթանցումը» խորհրդանշելու նպատակով։
Հնչակյան կազմակերպություններ են ստեղծվել Օսմանյան կայսրությունում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Պարսկաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում և այլն։
Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստել են հայ հասարակական-քաղաքական մտքի ազգային-դեմոկրատական հոսանքը՝ Միքայել Նալբանդյան և Րաֆֆի, ինչպես նաև «Կոլոկոլ» պարբերականի գաղափարները՝ ռուս հեղափոխական նարոդնիկությունը։ Սակայն, ի տարբերություն նարոդնիկության, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը։
1888 թվականին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը «մոտակա նպատակ» էր համարում համազգային ապստամբությամբ թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորման միջոցով անկախ հանրապետության ստեղծումը, իսկ «հեռավոր նպատակ»՝ հայ հասարակության սոցիալիստական վերափոխումը։