Հարավային Եվրոպա
From Wikipedia, the free encyclopedia
Հարավային Եվրոպա կամ Միջերկրածովյան Եվրոպա, Եվրոպա աշխարհամասի կազմում գտնվող տարածաշրջան, որը ներառում է Պիրենեյան թերակղզու պետությունները (Իսպանիա, Պորտուգալիա, Անդորրա), Ապենինյան թերակղզու վրա գտնվող Իտալիան (ինչպես նաև Վատիկան անկլավ պետությունը և Սան Մարինո գաճաճ պետությունը) և Հունաստանը։
Տարածք | 1,3 մլն կմ² |
---|---|
Բնակչություն | 152 մլն մարդ |
Երկրներ | 16 պետություն |
Կախյալ երկրներ | Ջիբրալթար Կատալոնիա |
Չճանաչված երկրներ | Հյուսիսային Կիպրոս |
Լեզուներ | ռոմական լեզվաընտանիք սլովոնական լեզվաընտանիք |
Ժամային գոտիներ | +2 |
Պայմանականորեն այս տարածաշրջանի մեջ է մտնում նաև Թուրքիան՝ պետություն, որը կապում է Հարավային Եվրոպան և Հարավարևմտյան Ասիան։
Աշխարհագրորեն Հարավային Եվրոպայի մաս են կազմում նաև Բալկանյան թերակղզու վրա գտնվող պետությունները՝ Ալբանիան և նախկին Հարավսլավիայի մաս կազմող հանրապետությունները։ Չնայած այս հանգամանքին, այս պետությունները ավելի հաճախ ներառվում են Արևելյան Եվրոպա տարածաշրջանի մեջ, քանի որ պատմական, քաղաքական, տնտեսական և մշակութային տեսանկյունից էապես տարբերվում են Հարավային Եվրոպայի մյուս պետություններից։
Եվրոպայի և աշխարհի տարածաշրջաններից Հարավային Եվրոպան առանձնանում է իր ծովափնյա աշխարհագրական դիրքով, ինքնատիպ և բազմազան բնական պայմաններով և բնությամբ, պատմական և մշակութային վառ անցյալով և հատկապես զբոսաշրջային կարևորագույն կենտրոններով։
Պատահական չէ, որ Հարավային Եվրոպայից են սկիզբ առել Աշխարհագրական մեծ հայտնագործությունները, որի շնորհիվ մարդը հաստատվեց աշխարհի տարբեր ծայրերում։ Հարավային Եվրոպայի ժողովուրդները մեծ ներդրում են ունեցել եվրոպական քաղաքակրթության և դեմոկրատիայի (ժողովրդավարության) ծաղկման և զարգացման գործընթացներում։ Այս տարածաշրջանում են ստեղծվել ժամանակների հզորագույն պետությունները՝ Հին Հունաստանը և Հռոմեական կայսրությունը, ինչպես նաև այս տարածաշրջանը առանձնանում է նրանով, որ առաջին անգամ հենց Հարավային Եվրոպայում (մասնավորապես Հունաստանում) բոցավառվել և աշխարհի սեփականություն է դարձել Օլիմպիական խաղերը։