Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն
From Wikipedia, the free encyclopedia
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ), երբեմն՝ «Տաշքենդի պակտ»[2][3][4], «Տաշքենդի համաձայնագիր»[2], տարածաշրջանային միջազգային կազմակերպություն[5], որի հավատարամագրված նպատակներն են «խաղաղություն, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդում, անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնավարության ապահովում հավաքական պաշտպանության հիման վրա»[6]։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | Ռազմաքաղաքական դաշինք և Միջազգային կազմակերպություն |
Հապավում | ОДКБ, CSTO, OTSC, OTSC, OVKS, ΟΣΣΑ, KGAÖ, ОДКБ, OTSC, KXShT, KTMT, ODKB[1], PPKK և ҰҚШҰ |
Հիմնադրված | մայիսի 15, 1992 |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան և Բասմաննի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան |
Պաշտ. լեզու(ներ) | ռուսերեն |
Գլխավոր քարտուղար | Ալեքսանդր Լուկաշենկո |
Կամավորներ | 63 |
Կայք | odkb-csto.org(ռուս.) |
ՀԱՊԿ հիմնադրվել է 1992 թվականի մայիսի 15-ին, երբ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում ստորագրեցին Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը[7]։ 1993 թվականին ՀԱՊԿ-ին միացան Ադրբեջանը, Բելոռուսը և Վրաստանը։ Ավելի ուշ Համաձայնագրի շարքերը լքեցին Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը։ Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին՝ 1994 թվականին ՀԱՊԿ-ի կազմի մեջ մտնում էին 9 պետություններ, այս պահի դրությամբ՝ 6 պետություն։ 2002 թվականի հոկտեմբերի 6-ին Քիշնևում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահների կողմից հաստատվել է ՀԱՊԿ-ի Կանոնադրությունը[8]։ 2004 թվականի դեկտեմբերին Կազմակերպությունը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի դիտորդի կարգավիճակ է ստացել[8]։
Կազմակերպության գերագույն մարմինը հավաքական անվտանգության խորհուրդն է, որը նշանակում է կազմակերպության գլխավոր քարտուղարին[9]։ Խորհրդի նախագահությունը փոխանցվում է ռուսերենի այբենական հաջորդականությամբ, եթե Խորհուրդը այլ որոշում չկայացնի[10]։ 2022 թվականի ընթացքում նախագահում էր Հայաստանը[11]։ ՀԱԿՊ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք տարի ժամկետով (2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը) նշանակվել է Իմանգալի Տասմագամբետովը[12]։ Անդամ պետությունների փոխգործակցության կորդինացման համար ըստ իրենց կոմպետենցիաների պատասխանատու են Արտաքին գործերի նախարարների Խորհուրդը (ԱԳՆԽ), Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն (ԱԿՔԿ)[8]։
ՀԱՊԿ-ի զինված ուժերի հիմքը կազմում են օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը (ՕԱՀՈՒ) և արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈՒ), որոնք նախատեսված են հանկարծակիորեն առաջացած ռազմական բնույթի սպառնալիքների ոչնչացման համար, ՀԱՊԿ-ի շրջանակներում գործում են նաև Հավաքական խաղաղապահական ուժեր (ՀԱՊԿ-ի Խաղաղապահ ուժեր)[13]։
2022 թվականի մայիսի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների հոբելյանական հանդիպումը՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կնքման 30-ամյակին և ՀԱՊԿ-ի կազմավորման 20-ամյակին[14]։
Հանդիպմանը մասնակցեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը[15], իր ելույթում նա ՀԱՊԿ-ը անվանեց «տարածաշրջանի անվտանգության և կայունության կարևորագույն գործոն», դրա հետ մեկտեղ նշելով բարդ իրավիճակը Կազմակերպության գործունեության գոտում[16]։ Միջոցառման ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ – Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ժամանակն է ՀԱՊԿ անդամ պետությունները խնդիր դնեն իրենց զորքերը ներգրավել ՄԱԿ-ի խաղաղապահական գործունեության մեջ, քանի որ այդ քայլը կամրապնդի ՀԱՊԿ-ի իրավասուբյեկտությունը, կապահովի Կազմակերպության մասնակցությունը խաղաղության աջակցման միջազգային գործողություններին[17]։