Հաննիբալ
From Wikipedia, the free encyclopedia
Հաննիբալ[4] (մ. թ. ա. 247, Կարթագեն, Կարթագեն - մ. թ. ա. 183, Գեբզե, Բյութանիա), կարթագենցի զորավար, հին աշխարհի մեծագույն զորավարներից ու պետական գործիչներից մեկը։ Եղել է Հռոմեական հանրապետության երդվյալ թշնամին և Կարթագենի վերջին նշանավոր առաջնորդը Պունիկյան պատերազմներում նրա անկումից առաջ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաննիբալ (այլ կիրառումներ)
Հաննիբալ | |
---|---|
Զինվորական կոչում | Գերագույն գլխավոր հրամանատար |
Ծնվել է՝ | մ. թ. ա. 247 |
Ծննդավայր | Կարթագեն, Կարթագեն |
Մահացել է՝ | մ. թ. ա. 183 ինքնասպանություն |
Վախճանի վայր | Գեբզե, Բյութանիա |
Երկիր | Կարթագեն |
Տոհմ | Բարսիդներ[1] |
քաղաքական գործիչ և զորավար | |
Հայր | Համիլկար Բարկա[2] |
Երեխաներ | Հասպար Բարսա |
Պարգևներ | |
Առողջական վիճակ | միակնություն |
Հաննիբալը ծնվել է մ.թ.ա. 247 թվականին կարթագենացի զորավար Համիլկարի ընտանիքում։ Ինը տարեկան հասակում երդվել է լինել Հռոմի թշնամին։ Դառնալով կարթագենյան զորքերի հրամանատարն Իսպանիայում՝ սկսել է Պունիկյան երկրորդ պատերազմը՝ հարձակվելով Սագունտի վրա։ Մ.թ.ա. 218 թվականին ներխուժել է Իտալիա և մի քանի անգամ պարտության մատնել հռոմեացիներին, այդ թվում նաև Կաննեում։ Սակայն հռոմեացիները կարողացել են նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը և հարձակման անցնել Իսպանիայում, ապա նաև Աֆրիկայում։ Կարթագենին օգնելու նպատակով գնալով Աֆրիկա՝ Հաննիբալը պարտություն է կրել Զամայի ճակատամարտում, ինչից հետո Կարթագենն ստիպված է եղել հաշտություն կնքել Հռոմի հետ։ Մ.թ.ա. 196 թվականին Հաննիբալը մեղադրվել է հակահռոմեական տրամադրություններ ունենալու մեջ և հայտնվել տարագրության մեջ։ Ինքնասպանություն է գործել մ.թ.ա. 183 թվականին՝ չցանկանալով հանձնվել հռոմեացիներին։
Հաննիբալը համարվում է մեծագույն ռազմավարներից մեկը Եվրոպայի պատմության մեջ, ինչպես նաև հին աշխարհի մեծագույն զորավարներից մեկը Ալեքսանդր Մակեդոնացու, Հուլիոս Կեսարի, Սկիպիոնի և Պյուռոսի հետ միասին։ Ռազմական պատմաբան Թեոդոր Այրո Դոջը Հաննիբալին կոչել է «ռազմավարության հայր», քանի որ նրա թշնամիները՝ հռոմեացիները, փոխառել են նրա ռազմավարության որոշ տարրեր[5]։ Այդպիսի գնահատականը նրա համար ստեղծել է մեծ համբավ ժամանակակից աշխարհում, նա համարվել է մեծ ռազմավար Նապոլեոն Բոնապարտի հետ միասին։
Մ.թ.ա. 189 թվականին Հաննիբալը ժամանել է Հայաստան՝ Արտաշես Ա թագավորի մոտ։ Վերջինիս պատվերով նախագծել և հիմնել է Արտաշատ քաղաքը, որը հետագայում դարձել է Հայաստանի մայրաքաղաքը և հին աշխարհում կոչվել է նաև հայկական Կարթագեն։