Հայաստանի համայնքներ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Հանրապետության համայնքներ, տեղական ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ Հայաստանում։ Համայնքները ընդգրկում են մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։ Հայաստանի բոլոր բնակավայրերն առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ ընդգրկված են համայնքների մեջ։ Երևան և Գյումրի քաղաքները նույնպես համայնք են։ Հայաuտանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է ՀՀ Uահմանադրությամբ, որի 9-րդ գլխի 179-190 հոդվածներն ուղղակիորեն սահմանում են տեղական ինքնակառավարման հարցերը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ oրենքով, որը հիմնվում է Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիայի վրա, այլ oրենքներով և իրավական ակտերով[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համայնք
Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին՝ առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը։ Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի վարչական կենտրոն համարվում է առավել բնակչություն ունեցող բնակավայրը։ Կան նաև բացառություններ, օրինակ՝ Նաիրի, Անի, Արաքս և այլ համայնքներ։ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներ (Ֆիոլետովո, Վերին Դվին, Արզնի և այլն)։
Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային հարցեր լուծելու համար ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ)` համայնքի ղեկավարներ և համայնքի ավագանիներ, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են 5 տարի ժամկետով` ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ։ Համայնքի ավագանու անդամների թիվը պայմանավորված է համայնքի բնակչության թվով և կարող է կազմել 5-65 հոգի[1]։
Երբեմն հայերենում համայնք են անվանվում նաև հայկական տարբեր կազմակերպություններ (կրոնական համայնք, քաղաքային համայնք, հայկական համայնքները սփյուռքում և այլն)։ Հայկական համայնքներ կան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Իրանում, Ֆրասնիայում և այլուր։