Կոշիկ
From Wikipedia, the free encyclopedia
Կոշիկ, մարդու ոտքը պաշտպանելու և հարմարավետ դարձնելու համար նախատեսված հարմարանք։ Չնայած մարդու ոտքը կարող է հարմարվել տարբեր լանդշաֆտներին և կլիմայական պայմաններին, բայց այն խոցելի է, և կոշիկները պաշտպանություն են ապահովում։ Ի սկզբանե ձևը կապված է ֆունկցիոնալության հետ, բայց ժամանակի ընթացքում կոշիկները նաև դարձել են նորաձևության առարկա։ Որոշ կոշիկներ հանդիսանում են պաշտպանիչ հանդերձանք, օրինակ՝ պողպատե ծայրով կոշիկները, որոնք կրում են արդյունաբերական օբյեկտներում։
Բացի այդ, կոշիկները հաճախ ոճային առումով փոփոխվել են, ինչպիսիք են բարձրակրունկ կոշիկները, որոնք կանայք ամենից հաճախ կրում են նորաձևության միջոցառումների ժամանակ։ Ժամանակակից կոշիկները մեծապես տարբերվոմ են ոճով, բարդությամբ և արժեքով։ Բազային սանդալները բաղկացած են միայն բարակ ներբանից և պարզ ժապավենից։ Հայտնի դիզայներների կոշիկները պատրաստվում են թանկարժեք նյութերից, ունեն բարդ կառուցվածք և վաճառվում են մեծ գումարներով։ Կոշիկի որոշ տեսակներ նախատեսված են հատուկ նպատակների համար, ինչպիսիք են այն կոշիկները, որոնք հատուկ նախագծված են լեռնագնացության կամ դահուկավազքի համար, իսկ մյուսներն ունեն ավելի լայն կիրառություն, ինչպիսիք են սպորտային կոշիկները, որոնք հատուկ նշանակության սպորտային կոշիկներից վերածվել են ընդհանուր նշանակության կոշիկների։
Ավանդաբար, կոշիկները պատրաստվել են կաշվից, փայտից կամ կտավից, բայց ավելի ու ավելի հաճախ դրանք պատրաստվել են ռետինից, պլաստմասսայից և նավթաքիմիական ծագման այլ նյութերից[1]։ Ամբողջ աշխարհում կոշիկի արդյունաբերությունը տարեկան բերում է 200 միլիարդ դոլար[1]։ Կոշիկի 90%-ը հայտնվում է աղբավայրերում, քանի որ նյութերը դժվար է առանձնացնել, վերամշակել կամ այլ կերպ նորից օգտագործել[1]։