Կենտրոնական նյարդային համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ) կենդանիների նյարդային համակարգի հիմնական մասն է, որը կազմված է նեյրոններից և նեյրոնների ելուններից։ Անողնաշարավորների մեծամասնության մոտ կենտրոնական նյարդային համակարգը ներկայացված է միմյանց հետ սերտորեն կապված նյարդային հանգույցներով (գանգլիաներ), իսկ ողնաշարավորների (այդ թվում մարդու) մոտ՝ ողնուղեղով և գլխուղեղով։
Կենտրոնական նյարդային համակարգ | |
---|---|
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | Նյարդային համակարգ, organ with organ cavity?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Նյարդային համակարգ[2] |
Կազմված է | գլխուղեղ[3], Ողնուղեղ[3], ուղեղային թաղանթներ[3] և ուղեղաբուն |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | central nervous system development? |
MeSH | A08.186 |
Foundational Model of Anatomy | 55675 |
Terminologia Anatomica 98 | A14.1.00.001 |
Նկարագրված է | Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան |
Central nervous system Վիքիպահեստում |
ԿՆՀ-ի գլխավոր դերը բարձր մասնագիտացություն ունեցող պարզ և բարդ պատասխան ռեակցիաների իրականացումն է, որոնք ստացել են ռեֆլեքս անվանումը։ Ռեֆլեքսը օրգանիզմի պատասխան ռեակցիան է արտաքին կամ ներքին ազդեցություններին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ։ Բարձրակարգ կենդանիների և մարդու մոտ ԿՆՀ-ի ավելի ցածրակարգ և միջին բաժինները՝ ողնուղեղը, երկարավուն ուղեղը, միջին ուղեղը, միջանկյալ ուղեղը և ուղեղիկը, կարգավորում են առանձին օրգանների և օրգան համակարգերի աշխատանքը, ապահովում վերջիններիս միջև գոյություն ունեցող կապերը՝ ապահովելով օրգանիզմի ամբողջականությունը։ ԿՆՀ-ի բարձրագույն բաժինը՝ մեծ կիսագնդերի կեղևը և դրան մոտ գտնվող մերձկեղևային գոյացությունները՝ հիմնականում կարգավորում են օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև գոյություն ունեցող բարդ փոխհարաբերությունները։
ԿՆՀ-ն օրգանների և հյուսվածքների հետ կապվում է ծայրամասային նյարդային համակարգի միջոցով (ԾՆՀ)։