Լուտեցիա
From Wikipedia, the free encyclopedia
Լուտեցիա, անտիկ բնակավայր ժամանակակից Փարիզի տարածքում։ Ի սկզբանե այն եղել է կելտական ցեղերից մեկի՝ փարիզիների կենտրոնական բնակավայրը։ Հռոմեական նվաճումներից հետո բնակավայրը պահպանում է իր անվանումը. եթե կելտերեն louk-teih, louk-tier նշանակում էր «խոնավ, տղմոտ տարածք», ապա լատիներեն՝ lutum նշանակում էր «կեղտ, աղբ»[1]։ Մ.թ.ա. 1-ին դարից Լուտեցիան դառնում է Հռոմեական կայսրության պրովինցիաներից մեկի՝ Գալլիայի քաղաքական և տնտեսական կենտրոնը։
Լուտեցիա Lutetia | |
---|---|
Փարիզի հռոմեական միջնաբերդը (4-րդ դար) | |
Մոտակա քաղաք | Փարիզ, Ֆրանսիա |
Բարձրություն ծ. մ. | 65 |
Ձևավորվել է | մ.թ.ա. 1-ին դար |
Ճարտարապետական ոճ(եր) | հռոմեական քաղաք |
3-րդ դարում գերմանական ցեղերից ալեմանները ասպատակում են քաղաքը, ինչի հետևանքով Սեն գետի ձախափնյա հատվածի բնակիչները տեղափոխվում են առավել պաշտպանված ու ապահով Սիտե կղզի։ Լուտեցիան սկսում են կոչել «փարիզիների քաղաք» (լատին․՝ Civitas Parisiorum), ապա՝ Պարիզիում (лат. Parisium): Ենթադրվում էր, որ գալլա-հռոմեական քաղաքը կառուցված է եղել ժամանակակից Փարիզի տեղում, սակայն 1994-2005 թվականներին արված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ բնակավայրը գոյություն է ունեցել նախքան հռոմեական իշխանության հաստատումը[2]։ Պեղումներն ընդգրկել են 15 հա տարածք։
Փարիզի տարածքում այսօր գտնվում են հին քաղաքի մնացորդները՝ աքվեդուկներ, կամարներ, ամֆիթատրոն, բաղնիքներ, որոնք լավ են պահպանվել։ Լուտեցիա անունն է կրում նաև աստերոիդների հիմնական գոտու 21-րդ աստերոիդը, որը հայտնաբերվել էր 1852 թվականի նոյեմբերի 15-ին Հերման Գոլդշմիդտի կողմից, Փարիզում[3], ինչպես և Լուտեցիում տարրը, որը օքսիդի տեսքով հայտնաբերել են ֆրանսիացի քիմիկոս Ժորժ Ուրբենը, ավստրիացի հանքաբան Կարլ Աուեր ֆոն Վելսբախը և ամերիկացի քիմիկոս Չարլզ Ջեյմսը 1907 թվականին[4][5]։