Թովմա Աքվինացի
From Wikipedia, the free encyclopedia
Թովմա Աքվինացի (լատին․՝ Thomas Aquinas, իտալ.՝ Tommaso d'Aquino, 1225[1], Ռոկասեկա, Ակվինո, Սիցիլիայի թագավորություն[2] - մարտի 7, 1274[3], Ֆասսանովա աբբայություն, Պապական մարզ[4]), իտալացի[9][10] աստվածաբան, փիլիսոփա, օրթոդոքսալ (ուղղափառ) սխոլաստիկայի համակարգող, կաթոլիկ եկեղեցու հայր, հորջորջվել է որպես՝ Doctor Angelicus, Doctor Universalis, «princeps philosophorum»[11] («փիլիսոփաների արքայազն»), թոմիզմի փիլիսոփայական ուղղության հիմնադիր, դոմինիկյան միաբանության անդամ, 1879 թ-ից ճանաչվել է ամենահեղինակավոր կաթոլիկ կրոնական փիլիսոփա։ Կապել է կաթոլիկ եկեղեցու դավանաբանությունը (մասնավորապես, Օգոստինոս Երանելու գաղափարները) Արիստոտելի փիլիսոփայության հետ։ Ձևակերպել է Աստծո գոյության հինգ ապացույցները։ Ընդունելով բնական գոյության և մարդկային բանականության համեմատական ինքնուրույնությունը՝ գտնում էր, որ բնությունն ավարտվում է վերին օգնության, բանականությունը՝ հավատի, գոյի զուգադրության վրա հիմնված փիլիսոփայական իմացությունն ու բնական աստվածաբանությունը՝ գերբնական հայտնության մեջ։
Թովմա Աքվինացի լատին․՝ Thomas Aquinos | |
---|---|
Ծնվել է | 1225[1] Ռոկասեկա, Ակվինո, Սիցիլիայի թագավորություն[2] |
Մահացել է | մարտի 7, 1274[3] Ֆասսանովա աբբայություն, Պապական մարզ[4] |
Գերեզման | Church of the Jacobins |
Բնակության վայր(եր) | Aquino? |
Դավանանք | կաթոլիկություն |
Ուղղություն | Թոմիզմ, just war theory? և սխոլաստիկա |
Մասնագիտություն | աստվածաբան, պրոֆեսոր, Լատինական կաթոլիկ քահանա, փիլիսոփա, գրող և Catholic theologian |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և աստվածաբանություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Ալմա մատեր | Փարիզի միջնադարյան համալսարան (1248) և Նեապոլի համալսարան (1245) |
Տիրապետում է լեզուներին | միջնադարյան լատիներեն, Medieval Italian? և լատիներեն[5] |
Ազդվել է | Բոետիոս, Մայմոնիդ, Կիկերոն, Ալ-Քինդի, Հովհան Սկոտ էրիուգենա, Իբն Ռուշդ[6], Անսելմ Քենթրբերցի[7], Ալբերտ Մեծ, Ավիցեննա[8], Օգոստինոս Երանելի, Պլատոն, Արիստոտել, Պողոս առաքյալ, Աբու Համիդ ալ-Ղազալի և Գրիգոր I |
Հայր | Լանդոլֆ դ'Ակինո |
Ուսուցիչ | Ալբերտ Մեծ |
Աշակերտներ | Henry Bate of Malines? և Remigio dei Girolami? |
Thomas Aquinas Վիքիպահեստում |
Եղել է բնական աստվածաբանության գլխավոր, դասական ջատագովը, թոմիզմի հայրը։ Արևմուտքի մտքի վրա նրա ազդեցությունը նկատելի է. արդի փիլիսոփայության զգալի մասը զարգացրել է նրա գաղափարները կամ հակադրվել դրանց՝ հատկապես բարոյագիտության, բնական օրենքի, մետաֆիզիկայի և քաղաքագիտության տեսության բնագավառներում։ Ի տարբերություն այն ժամանակներում եկեղեցում տարածում գտած շատ հոսանքների՝ Թովման վերցրեց Արիստոտելի առաջ քաշած մի շարք գաղափարներ և փորձեց դրանք սինթեզել քրիստոնեության սկզբունքների հետ[12]։ Նրա ամենահայտնի աշխատություններն են «Disputed Questions on Truth» (1256-59), «Summa contra Gentiles» (1259-1265) և Summa Theologiae (1265-1274): Աքվինացու գրավոր ժառանգության կարևոր մասն են կազմում նաև Սուրբ գրքի և Արիստոտելի աշխատությունների նրա մեկնությունները։ Բացի այդ, հորինել է օրհներգություններ, որոնք կաթոլիկ եկեղեցու պատարագի մասն են կազմում առ այսօր[13] Կաթոլիկ եկեղեցին Թովմա Աքվինացուն պատվում է որպես սուրբի և նրան համարում տիպար ուսուցիչ բոլոր նրանց համար, ովքեր ուսումնասիրում են Սուրբ ուսմունքը , փիլիսոփայություն, կաթոլիկ աստվածաբանություն, եկեղեցու պատմություն, պատարագ, կանոնական իրավունք[14]՝ եկեղեցում ծառայության մտնելու նպատակով։
Թովմա Աքվինացին համարվում է կաթոլիկ եկեղեցու մեծագույն աստվածաբաններից ու փիլիսոփաներից մեկը։ Բենեդիկտոս 15-րդ պապը հայտարարել է. «Այս (դոմինիկյան) օրդենը մի նոր փայլ ստացավ, երբ եկեղեցին Թովմայի ուսմունքը ազդարարեց որպես իրենը, իսկ նրան էլ, որ արժանացել է պոնտիֆիկների հատուկ գովեստներին, հռչակեց իբրև կաթոլիկ դպրոցների տեր և հովանավոր»[15] : Անգլիացի փիլիսոփա Էնթնի Քեննին Թովմա Աքվինացուն համարում է արևմտյան աշխարհի մեկ դյուժին մեծագույն փիլիսոփաներից մեկը[16]։