Զրադաշտ
From Wikipedia, the free encyclopedia
Զրադաշտ կամ Զարաթուշտրա (ավեստ․՝ Zaraθuštra, պարս.՝ زرتشت, Zartošt, հուն․՝ Ζωροάστρης, ոչ վաղ քան մ. թ. ա. 1500 և ոչ ուշ քան մ. թ. ա. 550, անհայտ - ոչ վաղ քան մ. թ. ա. 1500 և ոչ ուշ քան մ. թ. ա. 520, անհայտ), հին Իրանի մարգարեն, ով համարվում է զրադաշտականության հիմնադիրն ու Գաթերի՝ Ավեստայի հնագույն մասերի հեղինակը[1]։ Չնայած նրան, որ Զրադաշտի ծննդավայրն ու ծննդյան ամսաթիվը հստակ պարզ չէ, իբրև նրա ենթադրյալ ծննդյան ամսաթիվ նշվում է մ.թ.ա. 600-ից մինչև 1200 թվականը, իսկ իբրև ծննդավայր հիշատակվում են Իրանի այնպիսի տարբեր շրջանների անուններ, ինչպիսիք են՝ Ռեյը (Ռագան), Ատրպատականը (Իրանական կամ արևելյան Ադրբեջանը), Խորեզմը, Սիստանը, Խորասնն ու Ամոլը[2]։
Զրադաշտ | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 1500 և ոչ ուշ քան մ. թ. ա. 550 |
Ծննդավայր | անհայտ |
Մահացել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 1500 և ոչ ուշ քան մ. թ. ա. 520 |
Մահվան վայր | անհայտ |
Կրոն | Զրադաշտականություն |
Մասնագիտություն | մարգարե, կրոնների հիմնադիր, բանաստեղծ, գրող և սքանչելագործ |
Ամուսին | Hvōvi? |
Ծնողներ | հայր՝ Պարուշասպա, մայր՝ Դուղդովա |
Երեխաներ | Փուրուչիստա և Իսաթ Վասթար |
Zoroaster Վիքիպահեստում |
Ըստ ավանդության` կրոնի հիմնադիր Զրադաշտը 30 տարեկանում Ահուրա Մազդայից ստացել է մարգարեության շնորհը, ստեղծել զրադաշտական կրոնը, իսկ Վշտասպ արքան ընդունել է նրա հավատը, որն իրանական պետականության ձևավորման կարևոր գործոնն ու սկիզբն էր։ Զրադաշտի ուսմունքները, հետագայում միանալով Իրանի տեղական կրոնական հավատալիքներին, ստեղծեցին ներկայիս մազդիսնան՝ զրադաշտականությունը, որը նաև ավելի քան հինգ դար Իրանի պաշտոնական կրոնն է եղել։ Զրադաշտի անունը Մայքլ Հարթի կողմից ստեղծված մարդկության պատմության հարյուր ազդեցիկ մարդկանց ցուցակում զբաղեցնում է իր պատվավոր տեղը[3]։ Զրադաշտական կրոնն այսօր ունի շուրջ 200,000 հետևորդ Իրանում, Հնդկաստանում և աշխարհի այլ մասերում[4]։