Դնեստր
From Wikipedia, the free encyclopedia
Դնեստր (ուկրաիներեն՝ Дністе́р, մոլդ.՝ Nistru, Нистру, հին հունարեն՝ Τύρας, լատին․՝ Tyras, Tiras), գետ Ուկրաինայում և Մոլդովայում (մասամբ երկու պետությունների սահմանով)։ Սկիզբ է առնում Կարպատների հյուսիսային լանջերից, թափվում Սև ծովի Դնեստրի լիմանը։ Երկարությունը 1352 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 72 100 կմ²[1]։ Միջին հոսանքում ջրի միջին ծախսը 310 մ³/վրկ. է[1]։ Գետի տարեկան հոսքի ծավալը կազմում է 10,2 կմ³[2]: Միջին թեքությունը 0,56 մ/կմ է։ Գետի լայնությունը ստորին հոսանքում հասնում է 200 մետրի, միջին խորությունը՝ 4-8 մետրի, առավելագույն խորությունը՝ 10-16 մետրի։ Հոսքի արագությունը միջին հոսանքում 1-1,5 մ/վրկ. է, ստորին հոսանքում՝ 0,5 մ/վրկ., գետաբերանային հատվածում՝ դրանից էլ պակաս[3]։
Ափերին գտնվող առավել կարևոր քաղաքները՝ Մոգիլյով-Պոդոլսկի, Սորոկի, Ռիբնիցա, Բենդեր, Տիրասպոլ։
Գետի վրա կառուցվել են երկու խոշոր ջրամբար, որոնցից Դնեստրյանն ընկած է Ոիկրաինայի, Դուբոսարյանը՝ Մոլդովայի տարածքում։
Դնեստրի ջրերով աշխատում են հետևյալ խոշոր ջրէկերը.
- Դնեստրի ջրէկ — Ոիկրաինայի Նովոդնեստրովսկ քաղաքի մոտ, 702 մեգավատտ
- Դնեստրի ջրէկ-2 — Ուկրաինայի Վիննիցայի մարզի Նագորյանի գյուղի մոտ, 40,8 մեգավատտ
- Դնեստրի ГАЭС — Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Ռասկոպինցի գյուղի մոտ — առաջին հերթը՝ (3×ГА) 972 մեգավատտ/ 1248 մեգավատտ (պոմպային), նախագծված է (7×ГА)՝ 2268 մեգավատտ/2912 մեգավատտ
- Դուբոսարյան ջրէկ - Մոլդովայում՝ Մերձդնեստրյան Հանրապետության Դուբոսարի քաղաքի մոտ, 48 մեգավատտ