Գահնամակ
From Wikipedia, the free encyclopedia
Գահնամակ (պահլ․ Gahnamak), հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։ Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 424 թվականի դեկտեմբերի 25-ին պարսից արքունի դիվանում (արխիվում)։
Ավատատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրը վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։
Հայ իշխանների գահակարգությունը ավանդվել է հնագույն ժամանակներից։ Մովսես Խորենացին այդ հրովարտակի հիմնադիրը համարում է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակին։ Նախարարական գահակալությունը գործել է Արշակունիների թագավորության ամբողջ ժամանակաշրջանում (1 - 5-րդ դարեր)։ Այն շարունակվել է նաև մարզպանական ժամանակներում (5-7-րդ դարեր)՝ Սասանյան թագավորների գերագահության ներքո։
Տարբեր դարերից մեզ հասած Գահնամակի օրինակների տեղեկությունները գահ ունեցող նախարարների թվի և նրանց զբաղեցրած գահերի աստիճանների մասին տարբեր են ու անորոշ։ Ըստ 4-րդ դարի վերագրվող Գահնամակի, որը պահպանվել է «Ներսեսի վարք»-ում, Արշակ Բ-ի գահակալման ժամանակ (350 - 368) հայ նախարարների թիվը հասել է 400-ի։ Սակայն «Վարք»-ի հեղինակը հիշատակել է ընդամենը 167 նախարարի անուն (որից 13-ը գահ չունեցող)՝ վերջում ավելացնելով, որ չի կարող բոլորին գրի առնել։
13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը նույնպես հիշատակում է Տրդատ Գ-ի օրոք (287-332) եղած 400 գահ ու պատիվ ունեցող նախարարների։ Փավստոս Բյուզանդը Արշակ Բ-ի ժամանակ հիշատակվում է 900 գործակալ իշխանների, որոնք նրա արքունիքում այս կամ այն առիթով բազմել են հատկացյալ բարձերին կամ գահերին։ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին (գահակալել է 387-439) վերագրվող Գահնամակում, որը նա ներկայացրել է Սասանյան արքունիքին, հիշատակված են 70 նախարար, իսկ 4-րդ դարի մեկ այլ վավերագրում թվարկված է 86 նախարար։ Ըստ 9-րդ դարի արաբ մատենագիր Յակուբիի՝ Արմինիա վարչամիավորման մեջ գոյություն են ունեցել 113, իսկ ըստ Յակուտ ալ-Համավիի (12-ից - 13-րդ դարեր)՝ 118 իշխանություն։
Հայ նախարարությունների մասին հարուստ տեղեկություններ են հաղորդում հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բյուզանդը, Եղիշեն, Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին, Սեբեոսը և ուրիշներ։ Պահպանված Գահնամակների ու պատմիչների տեղեկությունների հիման վրա կազմված ցուցակներն այնուհանդերձ լրիվ չեն ամփոփում բոլոր հայ նախարարությունները։