Աֆրոդիտե
From Wikipedia, the free encyclopedia
Աֆրոդիտե[3] կամ Ափրոդիտե (հին հունարեն՝ Ἀφροδίτη, հնում ստուգաբանվում էր որպես ածանցյալ ἀφρός - «փրփուր» բառից), Հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։ Զևսի և Դիոնեի դուստրը (այլ տարբերակի համաձայն՝ առաջացել է ծովի փրփուրից)։ Աֆրոդիտեի պաշտամունքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում։ Սկզբանական շրջանում համարվել է պտղաբերության (և ծովի) աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և աստվածների սրտերին, սեր պարգևում նրանց։ Ափրոդիտեի սիրո իշխանությանը ենթարկվում էին աստվածներն ու մարդիկ, բացառությամբ դիցուհիներ Աթենասի, Արտեմիսի և Հեստիայի։ Հեփեստոսի կինը և Արեսի տարփածուն էր։ Աֆրոդիեին ուղեկցում են գեղեցկության և նազանքի աստվածները։ Մտնում էր 12 մեծ օլիմպիական աստվածների թվում։ Նրան նվիրվել են բազմաթիվ մեհյաններ, որոնցից աչքի է ընկնում Կորնթոսի հռչակավոր տաճարը։ Աֆրոդիտեի լավագույն արձաններից է Տավրիդյան Աֆրոդիտե արձանը (մ.թ.ա. III դ.) պահվում է Լենինգրադի Էրմիտաժում, Միլոսյան Աֆրոդիտեն (մ.թ.ա. 2-րդ դար)՝ Լուվրի թանգարանում։ Աֆրոդիտեն իր պաշտամունքային էությամբ համանման է հայկական Աստղիկ աստվածուհուն։ Հռոմեական դիցաբանության մեջ նույնացվել է Վեներային։ Աֆրոդիտեն սիրում էր Կիպրոսի արքայի որդուն, Ադոնիսին։
Աֆրոդիտե | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված, պտղաբերության աստված, աստվածուհի և օլիմպիական աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն և Հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Վեներա և Աստարտե |
Նստավայր | Օլիմպոս |
Աշակերտ է | Օլիմպոս |
Հայր | Զևս[1] և Ուրանոս |
Մայր | Դիոնե[2] |
Ամուսին | Հեփեստոս |
Կողակից | Անքիսես, Բուտես, Ֆայետոն, Ադոնիս, Արես, Հերմես, Դիոնիսոս, Պոսեյդոն, Ֆաետոն և Զևս |
Զավակներ | Անտերոս, Դեյմոս, Էրոս, Փոբոս, Հարմոնիա, Հիմերոս, Հերմափրոդիտ, Հիմենևս, Պրիապուս, Ռոդոս, Eryx?, Տիխե, Պեիթո, Էնեաս, Polycaon?, Golgos?, Adrestia?, Քարիտներ և Lyrus? |
Ասպարեզ | սեր և գեղեցկություն |
Aphrodite Վիքիպահեստում |
Ափրոդիտեն սովորաբար պատկերվել է գեղեցիկ մերկ կնոջ տեսքով։ Բազմաթիվ նկարիչներ պատկերել են գեղեցկուհուն ծովի մեջ մի մեծ խեցու վրա կանգնած։