Imagine Dragons
From Wikipedia, the free encyclopedia
Imagine Dragons, ամերիկյան փոփ ռոք խումբ Լաս Վեգասից (Նևադա)։ Խմբի գլխավոր երգիչն է Դեն Ռեյնոլդսը, գլխավոր կիթառահարը՝ Վեյն Սերմոն, բասիստը՝ Բեն Մըքքի, և հարվածային գործիքների երաժիշտը՝ Դանիել Պլատցման[2]։ Խումբը հայտնի է դարձել It’s Time երգի շնորհիվ, որին հաջորդել է դեբյուտային ստուդիական Nights Vision ալբոմը (2012), որից Radioactive և Demons սինգլները զբաղեցրել են չարթի բարձրագույն տեղերը։ Rolling Stone-ը Radioactive-ը, որը Billboard Hot 100-ում շաբաթներ շարունակ առաջին տեղն է զբաղեցրել, անվանել է «տարվա լավագույն ռոք հիթ»[2][3][4][5]։ MTV-ն նրանց անվանել է «տարվա լավագույն խումբ-բացահայտում»[6], իսկ Billboard-ը նրանց համարել է «2013 թվականի բեկումնային խումբ» և «2017 թվականի լավագույն խումբ»[7]՝ նրանց դնելով 2013[8], 2017[9] և 2018 թվականների[10] «Տարին ռոքում» ցուցակի բարձրագույն տեղում։ 2018 թվականին Imagine Dragons-ը զբաղեցրել է Billboard-ի տարեվերջյան «Թոփ արտիստներ՝ դուետ/խումբ» կատեգորիայի առաջին հորիզոնականը[11]։
Imagine Dragons | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Լաս Վեգաս |
Ժանրեր | ինդի-ռոք |
Գործունեություն | 2008 թվականից մինչ օրս |
Լեյբլ | Interscope Records KIDinaKORNER |
Պարգևներ | |
Կայք | imaginedragonsmusic.com |
Անդամներ | |
Դեն Ռեյնոլդս Բեն Մակկի | |
Նախկին անդամներ | |
Էնդրյու Տոլման Բրիտաննի Տոլման | |
Imagine Dragons Վիքիպահեստում |
Խմբի երկրորդ ստուդիական ալբոմը՝ Smoke + Mirrors (2015) առաջին հորիզոնականն է զբաղեցրել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում[12][13]։ Ալբոմին հաջորդել են թոփ 40-յակում տեղ զբաղեցրած I Bet My Life սինգլը և երկրորդ և երրորդ սինգլները՝ Gold և Shots։ Այնուհետև խումբն իրականցրել է 10-ամսյա համաշխարհային շրջագայություն, որից հետո 2016 թվականին կարճատև ընդմիջում վերցրել՝ հազվադեպ ելույթ ունենալով և տարվա ընթացքում սաունդրեքներ ներկայացնելով։ Խումբը, այնուհետև, թողարկել է իր երրորդ ստուդիական ալբոմը՝ Evolve (2017), որից երեք սինգլներ՝ Believer, Thunder և Whatever It Takes չարթերի թոփում են եղել՝ դարձնելով նրանց Billboard Hot Rock երգերի չարթում ամենաշատ շաբաթներն առաջին հորիզոնական զբաղեցրած խումբը։ Շատ երկրներում ալբոմը եղել է թոփ հնգյակում[14]։ Evolve World Tour-ն ավարտելուց հետո Imagine Dragons-ը թողարկել է իր չորրորդ ստուդիական ալբոմը՝ Origins-ը, 2018 թվականին նոյեմբերի 8-ին։ Ալբոմից առաջինը թողարկվել են Natural և Zero սինգլները, այնուհետև՝ Machine և Bad Liar սինգլները[15]։ Ալբոմի դելյուքս տարբերակում ներառվել է նախկինում թողարկված Born to Be Yours վերնագրով սինգլը։
Imagine Dragons-ը երեք անգամ հաղթել է Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունում, ինն անգամ՝ Billboard Music Awards-ում, մեկ անգամ՝ Գրեմմի մրցանակաբաշխությունում, մեկ անգամ՝ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունում և մեկ անգամ՝ Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությունում։ 2014 թվականի մայիսին խումբը ներկայացվել է 14 Billboard երաժշտական մրցանակի, այդ թվում՝ Տարվա լավագույն արտիստ և Milestone մրցանակի, որը ճանաչում է արտիստների ստեղծագործականությունն ու նորարարությունը տարբեր ժանրերում։ 2018 թվականի ապրիլին խումբը ևս 11 անգամ առաջադրվել է Billboard երաժշտական մրցանակաբաշխությունում[16]։
Imagine Dragons-ը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից վավերացված 35 միլիոն սինգլ է վաճառել ԱՄՆ-ում և 20 միլիոն ալբոմ աշխարհում[17]։ 2018 թվականին Imagine Dragons-ը եղել է Spotify-ում[18] ամենալսված խումբը և առաջին ռոք խումբը, որի երկու երգերը՝ Believer և Thunder, յուրաքանչյուրն անցել է մեկ միլիարդ սթրիմինգը[19]։ Imagine Dragons-ը Billboard-ի հիթ-շքերթներում ունի 2010-ականների լավագույն երեք ռոք երգերը՝ Believer, Thunder և Radioactive[20]։