Միջնադարյան Փարիզ
From Wikipedia, the free encyclopedia
Միջնադարյան Փարիզ, եղել է Արևմտյան Եվրոպայի ամենամեծ քաղաքներից մեկը։ Դրա պատմությունն ընդգրկում է չորս թագավորական դինաստիաների՝ Մերովինգների (V-VIII դարեր), Կարոլինգների (VIII-X դարեր), Կապետինգների (X-XIV դարեր), Վալուաների (XIV-XVI դարեր) կառավարման շրջանները։ Քաղաքը բաժանված է եղել երեք պայմանական մասերի՝ Սիտե կղզի, հյուսիսային աջափնյակ և հարավային ձախափնյակ, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է զարգացման իր առանձնահատկությունները։ Միջնադարյան Փարիզի հյուսիսային կողմում գտնվում էր Մոնմարտր բլուրը, իսկ հարավային մասում՝ գտնվում էին ավելի զառիթափ Սենտ Ժենևև (որի վրա տեղակայված էր հայտնի Լատինական թաղամասը) և Մոնպառնաս բլուրները։ Միջնադարյան Փարիզի մոտավոր սահմանները համընկնում են այսօրվա Փարիզի առաջին 6 շրջանների և 7-րդ շրջանի մի մասի զբաղեցրած տարածքի հետ։
Մերովինգների ժամանակաշրջանում, արագ զարգանալով գալլահռոմեական Լուտեցիայի (լատին․՝ Lutetia) հիմքի վրա, Կարոլինգների կառավարման շրջանում Փարիզը կորցնում է մայրաքաղաքի կարգավիճակը, իսկ դրա հետ նաև երբեմնի քաղաքական կշիռն ու առևտրային աշխուժությունը։ Բայց Կապետինգների ժամանակաշրջանում այն արագ վերականգնում է կորցրածը՝ դառնալով նաև Արևմտյան Եվրոպայի ազդեցիկ համալսարանական կենտրոններից մեկը և աստվածաբանության ամենահեղինակավոր եվրոպական կենտրոնը։
Միջնադարյան Փարիզի բարեկարգումն ավարտվել է հիմնականում XIII դարում, XIV դարի առաջին կեսին քաղաքի աճը շարունակվել է, բայց հետո դարձյալ դադարել։ XV դարի I կեսին քաղաքն անկում է ապրել (Հարյուրամյա պատերազմի տարիներին այն կորցրել է բնակչության գրեթե կեսը և զգալիորեն ավերվել), բայց միջնադարի վերջում Փարիզը վերականգնվել է և նորից սկսել ընդարձակվել[1][2][3]։