Մաքսատուրքեր
From Wikipedia, the free encyclopedia
Մաքսատուրք, պետական դրամական տուրքի ձև, որ գանձվում են տվյալ երկիր ներմուծվող ապրանքներից, ունեցվածքից և այլ արժեքներից։ Մաքսատուրքերի դրույքները սահմանվում են մաքսային տարիֆով։ Առաջացել են որպես վաճառականներին մատուցվող ծառայությունների վարձ՝ նավահանգստային շինություններից, պահեստներից, ինչպես նաև կշեռքներից օգտվելու համար։ Կապիտալիզմի ժամանակ մաքսատուրքերը փոխարկվել են ներքին առևտրի և ազգային տնտեսության որոշ ճյուղեր արտասահմանյան ապրանքների մրցակցությունից պաշապանելու միջոցի։ Ըստ հարկման օբյեկտի մաքսատուրքերը լինում են ներմուծման, արտահանման և տրանզիտային։ Վերջին երկուսը ժամանակակից կապիտալիստական երկրներում գրեթե չեն օգտագործվում։ Տիրապետող են ներմուծման մաքսատուրքերը, որոնք մոնոպոլիաների համար առևտրական պատերազմների, դեմպինգի, տնտեսապես կախյալ երկրների կողոպուտի, ազգային արտադրությունն արտասահմանյան մրցակցությունից պաշապանելու միջոց են։ Զարգացող երկրները մաքսատուրքերը օգտագործում են ազգային տնտեսության ամրապնդման, զարգացման և պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու նպատակով։ Ըստ գանձման եղանակի լինում են առանձնահատուկ մաքսատուրքեր, որի դեպքում գանձումը կատարվում է կայուն դրույքներով՝ ներմուծվող ապրանքների հատից, միավորից, չափից, կշռից են, և գնային մաքսատուրքեր, երբ գանձումը կատարվում է տոկոսներով՝ ապրանքների գներից։ Երբեմն օգտագործվում են խառը (առանձնահատուկ-գնային) և նույն ապրանքի նկատմամբ տարբեր մաքսատուրքեր։ Ըսա մաքսային տարիֆի կառուցվածքի մաքսատուրքերը լինում են տարբերական, հովանավորական, արտոնյալ, հակադեմպինգային և այլն։ Առաջին դեպքում նույն ապրանքի համար սահմանվում են մաքսատուրքերի մի քանի դրույքներ (անվանական, արտոնյալ, նվազագույն, միջին, առավելագույն)։ Օգտագործվում է որպես տնտեսության պետական մոնոպոլիստական կարգավորման, ինչպես նաև արտաքին սանտրում տարբեր երկրների միջև խտրականություն դնելու միջոց։ Հովանավորական մաքսատուրքերը կիրառվում են արտասահմանից որոշ ապրանքների ներմուծումը, ինչպես նաև սեփական հումքի ու կիսաֆաբրիկատների արտահանումը խոչընդոտելու, հայրենական արդյունաբերության համար լավագույն պայմաններ ստեղծելու, մենաշնորհային բարձր գներ սահմանելու և այլ նպատակներով։ Արտոնյալ մաքսատուրքերը սահմանվում են մեկ կամ մի քանի երկրների համար հատուկ բարենպաստ մաքսային կարգ ստեղծելու նպատակով։ Հակադեմպինգային մաքսատուրքերը, որպես լրացուցիչ, սովորականից բարձր տուրքեր, ներմուծող երկրներում կիրառում են այն դեպքում, երբ արտահանողներն արտաքին շուկաներում ապրանքները վաճառում են ներքին շուկայի գներից ցածր գներով, ներքին շուկայի և արտասահմանյան գների տարբերությունն է։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |