Հովհաննես Թումանյան
հայ գրող և հասարակական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 7 (19), 1869[1][2][3], Դսեղ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4][2][3] - մարտի 23, 1923(1923-03-23)[4][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][2][3]), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[7], կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ[8]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Թումանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Թումանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7 (19), 1869[1][2][3] |
Ծննդավայր | Դսեղ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4][2][3] |
Վախճանվել է | մարտի 23, 1923(1923-03-23)[4][5][6][…] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4][2][3] |
Գերեզման | Խոջիվանք[3] |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ և գրող |
Լեզու | հայերեն և ռուսերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1887)[2] |
Ժանրեր | բանաստեղծություն, քնարապատմողական, հեքիաթ և բալլադ |
Ուշագրավ աշխատանքներ | Անուշ, Թմկաբերդի առումը, Գիքորը, Փարվանա և Հ. Թումանյանի հեքիաթներ |
Անդամակցություն | Վերնատուն[2][3] |
Ամուսին | Օլգա Թումանյան |
Զավակներ | Նվարդ Թումանյան, Թամար Թումանյան, Մուշեղ Թումանյան, Աշխեն Թումանյան, Արտավազդ Թումանյան, Համլիկ Թումանյան, Արեգ Թումանյան, Անուշ Թումանյան, Արփենիկ Թումանյան և Սեդա Թումանյան |
Ներշնչվել է
| |
Հովհաննես Թումանյան Վիքիքաղվածքում | |
Հովհաննես Թումանյան Վիքիդարանում | |
Hovhannes Tumanyan Վիքիպահեստում |
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[7]։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[9]։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը՝ աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը[7]։
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։
1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ՝ նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները։