Հին հայկական պոեզիա
From Wikipedia, the free encyclopedia
Հին հայկական պոեզիա, 5-18-րդ դարերում ապրած հայ բանաստեղծների ստեղծագործությունների ամբողջություն[1][2]։ Գրավոր պոեզիային նախորդել է բանավոր գրականության հարուստ ավանդույթը[3]։ Հին հայ պատմագրության և թարգմանական գրականության հետ միասին պոեզիան հայ հին գրականության կարևոր մասն է կազմել։
Հին հայկական պոեզիայի առաջին նմուշները եղել են կրոնական[4], 7-րդ դարում կազմվել է հոգևոր բանաստեղծությունների առաջին ժողովածուն[5]։ Հենց այդ ժամանակ էլ սկիզբ է առնում աշխարհիկ պոեզիան[6]։ Հայերեն պահպանված ամենահին պոեմը վերաբերվում է 7-րդ դարին[7]։
Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին[8] համարվում են մինչև 17-րդ դարը ստեղծագործած ամենաազդեցիկ բանաստեղծները։ 12-17-րդ դարերի գրականությունը իրենից ներկայացնում է հայկական քաղաքակրթության անցումը դասականից ժամանակակից դարաշրջան[9]։ 13-րդ դարից սկսվում է սիրային քնարերգության ծաղկման շրջանը[10], իսկ բանաստեղծության մեջ առաջին անգամ շոշափվում է արտագաղթի թեման[11]։ Դյուցազներգությունները հայտնվել են 15-16-րդ դարերում[12]։ 17-18-րդ դարերում ամենատարածվածը աշուղական պոեզիան էր[13]։
Հայ բանաստեղծների ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են 1513 թվականին Վենետիկում[14][15]։ Հին հայկական պոեզիային բնորոշ էր շեշտական տաղաչափության կիրառությունը[16]։