Լա Պաս
From Wikipedia, the free encyclopedia
Լա Պաս (իսպաներեն՝ La Paz, (/lɑː ˈpɑːz/[1]), պաշտոնական անվանումը՝ Nuestra Señora de La Paz (Իսպաներեն արտասանություն՝ [ˈnwestɾa seˈɲoɾa ðe la ˈpas], իսպաներենից բառացի թարգմանած՝ Խաղաղության մեր տիրուհի), այմարերեն անվանումը՝ Չուկի Յապու (Չուկիյագո)[2]), քաղաք Բոլիվիայում, դե ֆակտո (դե ֆակտո) երկրի կառավարության նստավայրն ու մայրաքաղաքը (Բոլիվիա բազմազգ պետության սահմանադրական մայրաքաղաքը Սուկրեն է, որը նաև երկրի բարձրագույն դատական իշխանության նստավայրն է[3])։ Գտնվում է Կենտրոնական Անդերում, Լա Պաս գետի կիրճում, ծովի մակերևույթից մոտավորապես 3700 մ բարձրության վրա (աշխարհի ամենաբարձրադիր մայրաքաղաքն է[4][5])։ Միջազգային օդանավակայան է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լա Պաս (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լա Պաս | |||||
La Paz / Chuqiyapu | |||||
| |||||
Երկիր | Բոլիվիա | ||||
Քաղաքապետ | Խուան Ֆերնանդո դել Գրանադո Կոսիո | ||||
Հիմնադրված է | 1548 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1898 թվականից | ||||
Մակերես | 255 կմ² | ||||
ԲԾՄ | 3593 մ | ||||
Բնակչություն | 887 512 մարդ (2009) | ||||
Խտություն | 6275,16 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 2,1 մլն. | ||||
Ժամային գոտի | UTC-4 | ||||
Հեռախոսային կոդ | +591 2 | ||||
Փոստային դասիչ | 0201–0220 | ||||
Պաշտոնական կայք | ci-lapaz.gov.bo | ||||
| |||||
2015 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 789.541[6]. այդ ցուցանիշով երրորդ տեղն է զբաղեցնում Բոլիվիայում՝ Սանտա Կրուս դե լա Սիեռայից ու Էլ Ալտոյից հետո[7], իսկ մետրոպոլիսային ամբողջ տարածքում ապրում էր մոտավորապես 2,3 միլիոն մարդ[8]։ Քաղաքը միաժամանակ համարվում է Բոլիվիայի Լա Պաս դեպարտամենտի վարչական կենտրոնը։
Լա Պասը Բոլիվիայի քաղաքական, վարչական, տնտեսական կարևորագույն կենտրոնն է. այստեղ է արտադրվում երկրի համախառն ներքին արդյունքի 24%-ը, այստեղ իրենց գրասենյակներն ու արտադրական ձեռնարկություններն ունեն բոլիվիական բազմաթիվ ընկերություններ[9]։
Քաղաքը նաև Լատինական Ամերիկայի մշակութային կարևոր կենտրոն է, որտեղ պահպանվել են գաղութային ժամանակաշրջանի մի շարք նշանակալից պատմաճարտարապետական հուշարձաններ (Սան Ֆրանցիսկո եկեղեցին, Խաղաղության տիրուհու բազիլիկ տաճարը, մետրոպոլիսային տաճարը, Plaza Murillo-ն, Jaén փողոցը...): Լա Պասը համբավվել է նաև իր ինքնատիպ շուկաներով, որոնցից մեկն էլ Վհուկների շուկան է, ինչպես նաև՝ գիշերային եռուն կյանքով[10][11] ու ճոպանուղային ցանցով, որ ամենալայնն է աշխարհում[12]։ 2015 թվականի մայիսին Լա Պասը, Դոհայի, Վիգանի, Դուրբանի, Հավանայի , Բեյրութի ու Կուալա Լումպուրի հետ մեկտեղ, պաշտոնապես ճանաչվել է աշխարհի յոթ նոր հրաշք քաղաքներից մեկըD[13]: 2015 թվականին Globalization and World Cities Research Network (GaWC)-ը Լա Պասն ընդգրկել է աշխարհի գլոբալ քաղաքների ցանկում՝ համարելով "Gamma" տիպի քաղաք[14]։