Բորբոքում
From Wikipedia, the free encyclopedia
Բորբոքում վնասող գործոնի նկատմամբ օրգանիզմի բարդ կենսաբանական պատասխան և պաշտպանական մեխանիզմ, որը պրոցեսի մեջ է ընդգրկում իմուն բջիջների, արյունատար անոթների և մոլեկուլային միջնորդանյութերի։ Բորբոքման ֆունկցիաներն են՝ նախնական բջջային վնասման էլիմինացիան, մեռած բջիջների և վնասված հյուսվածքների հեռացումը վնասման կամ բորբոքման օջախից և հյուսվածքի վերականգնման խթանումը։
Բորբոքման հինգ դասական նշաններն են ջերմությունը, ցավը, կարմրությունը, այտուցը և ֆունկցիայի կորուստը։ Բորբոքումը համընդհանուր պատասխան է, համարվում է ոչ սպեցիֆիկ իմունիտետի մեխանիզմներից մեկը, ի տարբերություն ադապտիվ իմունիտետի, որը սպեցիֆիկ է ամեն մի պաթոգենի համար։ Բորբոքման անբավարարությունը կարող է բերել վնասող ազդակով հյուսվածքների հարաճուն վնասման և վտանգի տակ կդնի օրգանիզմին։ Հակառակ դրան, քրոնիկական բորբոքումն ասոցացվում է տարբեր հիվանդությունների հետ, ինչպիսիք են գարնանային կատարը, պերիօդոնտալ հիվանդությունը, աթերոսկլերոզը և օստեոարթրիտը։
Բորբոքումը լինում է սուր կամ խրոնիկական։ Սուր բորբոքումը վնասող ազդակի նկատմամբ օրգանիզմի առաջնային պատասխանն է և տեղի է ունենում պլազմայի և լեյկոցիտների արյունից դեպի վնասման օջախ արագացած մուտքով։ Բազմաթիվ կենսաքիմիական երևույթների հետևանքով բորբոքումն անընդհատ խորանում ու հասունանում է, բերելով տեղային անոթային համակարգի, իմունային համակարգի և վնասման օջախում տարբեր բջիջների ներգրավման։ Երկարատև կամ քրոնիկական բորբոքումը բերում է բորբոքային օջախում առկա տարբեր բջիջների վերափոխումների, ինչպես օրինակ՝ մոնոնուկլեարների վերափոխումները, և բնութագրվում է միաժամանակ ընթացող քայքայման և վերականգման պրոցեսներով։
Բորբոքումը վարակի հոմանիշ չէ։ Վարակը մանրէային ներթափանցման և օրգանիզմի բորբոքային պատասխանի փոխհարաբերությունն է՝ երկու բաղադրիչների համատեղ առկայություն, որը ընդգծում է բորբոքման ինֆեկցիոն պատճառը։ Բորբոքումը օրգանիզմի իմունաանոթային պատասխան է անկախ պատճառային գործոնից։
Շատ կարևոր է տարբերակել բորբոքումը վարակից, քանի որ Ախտաբանության և բժշկական ախտորոշումների մեջ կան տիպիկ իրավիճակներ, երբ բորբոքումը ընթանում է առանց մանրէային ինվազիայի, օրինակ՝ աթերոսկլերոզը, տրավման, իշեմիան և աուտոիմուն հիվանդությունները, որոնք ընթանում են 3-րդ տիպի գերզգայունությամբ։ Եվ հակառակը, կան մանրէային ներթափանցման ձևեր, որոնք ընթանում են առանց դասական բորբոքման, օրինակ՝ պարազիտոզները կամ էոզինոֆիլիան։