Արջամկան օրը (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
«Արջամկան օրը» (անգլ.՝ Groundhog Day), Հարոլդ Ռամիսի կատակերգությունը Դեննի Ռուբինի սյուժեի հիման վրա։ Այն Հարոլդ Ռամիսի և Բիլ Մյուրեյի վեցերորդ համատեղ ֆիլմն է. աշխատանք, որից հետո ստեղծագործական դուետը բաժանվեց[13]։ Կինոնկարը ստացել է BAFTA մրցանակ լավագույն սցենարի համար, իսկ արդյունքում ներառվել է ԱՄՆ Ֆիլմերի ազգային գրանցամատյանում։
Ֆիլմը նկարահանվել է 1992 թվականին Վուդստոքում, իսկ վարձույթում հայտնվել է 1993 թվականի փետրվարի 12-ին։ Կինոնկարն օդերևութաբան Ֆիլ Քոննորսի պատմության մասին է, որը Փանքսաթոնի քաղաքում Արջամկան օրվա ամենամյա տոնակատարության ժամանակ հայտնվում է ժամանակի հանգույցում։ Վերաիմաստավորելով իր վերաբերմունքը կյանքի նկատմամբ՝ հերոսը կարողանում է գրավել սիրելի կնոջ ուշադրությունն ու դուրս գալ ժամանակի հանգույցից։ Քննադատերը բարձր են գնահատել դերասանական խաղը, ֆիլմի սցենարը, փիլիսոփայական համատեքստն ու բարոյական ուղերձը։ Հատկապես ընդգծվել է հեղինակային մտահղացումը. հանդիսատեսից թաքցնել ժամանակային հանգույցն առաջացրած պատճառները։ Ֆիլմը վարձույթում մեծ հաջողություններ է ունեցել՝ միայն ԱՄՆ-ում և Կանադայում հավաքելով մոտ 71 մլն դոլար։
Ժամանակի հանգույցի գաղափարը, հերոսի կողմից «իդեալական օր» կառուցելը և նրա բարոյական վերափոխումը բազմաթիվ կրոնական դոկտրինաների, փիլիսոփաների համար լավ պատկերազարդում են դարձել։ Կինոնկարը բազմաթիվ ընդօրինակումների աղբյուր է դարձել։ «Արջամկան օր» արտահայտությունը կայուն ձևով մուտք է գործել շատ ազգերի լեզուներ՝ որպես անընդհատ կրկնվող իրադարձության, միապաղաղ կյանքի հոմանիշ[14]։