From Wikipedia, the free encyclopedia
Օծում , օծություն, Սուրբ Հոգով օծվելը, կնքվելը կամ Սուրբ Հոգու կնիքն իր վրա ընդունելը, որ կատարվում է Հիսուս Քրիստոսի՝ Օծյալ Փրկչի անունով մկրտվելուց հետո։ Այդ օծումից ի վերուստ սահմանված է Հիսուսին հավատացողների համար, ովքեր մաքրված են նրա քավչարար արյան և հրաշափառ Հարության զորության շնորհիվ։ Սուրբ Հոգու Օծումը Աստծո Ուխտի հաստատումն է, որով քրիստոնյան կնքվում է որպես Աստծո ընտրյալ, և որով հաստատագրվում է նրա սրբացումը։
Օծումի տեսանելի, զգայելի դրսևորումը կամ նրա առարկայական խորհրդանշանը ներկայումս սուրբ Մյուռոնն է։ Մյուռոնօծությունը կատարվում է Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկի՝ Դրոշմի արարողության ժամանակ։ Հնում, ինչպես նշվում է Աստվածաշնչում, Օծումի առարկայական խորհրդանիշը սրբազան յուղն էր կամ օծության յուղը՝ ներկայիս Մյուռոնի նախօրինակը։ Այն, որպես սրբարար և նվիրագործյալ յուղ, խորհրդանշում էր գալիք Մեսիային, որն իր գալուստից դեռ շատ առաջ կոչվում էր «Օծյալ» (այսինքն՝ Քրիստոս), որի շնորհիվ եղավ Սուրբ Հոգու պարգևը ՝ բուն և ճշմարիտ Օծումը։ Այսինքն ՝ Օծյալից եղավ Օծում։
Հին կտակարանում Օծումի յուղն առաջին անգամ հիշատակվում է Ելք գրքում, երբ Տերը Մովսեսին պատվիրում է, ի թիվս սուրբ խորանին տրվող այլ ընծաների վերցնել նաև «... օծության յուղի ու խնկի համար բաղադրանյութեր» (25.6)։ Այնուհետև պատվիրում է ոսկեխույրի վրա «Սրբություն Տյառն» փորագիրը տանող Ահարոնին և քահանայագործող ահարոնյան դասին օծել. «... Կ’օծես նրանց, կ’օրհնես ու կսրբագործես նրանց, որպեսզի ինձ համար քահանայություն անեն» (Ելք 28.41)։ Օծումի յուղի բաղադրության, կիրառման և սրբագործ նշանակության մասին առավել մանրամասն խոսվում է Ելք գրքի հետագա գլուխներում (30.22–33, 40.9–13), որոնցից պարզ է դառնում, որ Օծումով սրբացվել են ոչ միայն անձինք, այլև խորանը, սպասքը, ողջակեզների սեղանը, ավազանը, Ահարոնի պատմուճանը և այլն։
Օծումի յուղի ՝ որպես աստվածային սրբության գործածումը օտար և արգելյալ բաների նկատմամբ դիտվել է անպատշաճ, իսկ օծյալ վիճակում մեղք գործելը համարվել մահացու հանցանք (Ելք 30.23–33, Եզեկ. 23.41)։ Չօծվելը նշան էր սգավորության, իսկ օծվելը ՝ ուրախության (Սաղմ. 103.15)։ Օծվել են ենթակայի մազերը, գլուխը, մորուքը, ոտքերը, երբեմն ՝ ողջ մարմինը (Սաղմ. 132)։ Օծումն ընդունված էր նաև Հիսուսի ժամանակ, և ինքը՝ Հիսուս ևս, իբրև իր թաղման կանխանշան, ընդունում է Օծումը բորոտ Սիմոնի տանը, Բեթանիայում (Մատթեոս 26.6–13, Մարկոս 14.3–9, Հովհաննես 12.1–8)։
Օծումի խորհրդավոր ծեսը, Հին ուխտի համաձայն, պիտի անպայման կատարվեր օծյալի վրա. օծվում էին քահանայապետները, քահանաները, մարգարեները, Իսրայելի ժողովրդի դատավորներն ու թագավորները՝ որպես Աստծո պատգամաբերներ ու պատվիրանները գործադրողներ։ Նրանք միայն սուրբ Օծումով կարող էին վերահասու լինել աստվածային պատգամին և արժանանալ հոգևոր պարգևների ու շնորհների։ Մարգարեություններում ակնարկվում է Բացարձակ Օծյալի՝ Հիսուս Քրիստոսի գալստյան և նրա բերած բացարձակ օծության մասին։ Հիսուսը դիտվում է և՛ իբրև օծյալ, և՛ որպես Սուրբ Հոգին ՝ Բացարձակ Օծությունը շնորհող, ուստի և ՝ Բացարձակ Օծությունն ինքը։ Նա բնորոշվում է իբրև Տիրոջ Հոգով օծված («Տիրոջ Հոգին ինձ վրա է, դրա համար իսկ նա օծեց ինձ...». Եսայի 61.1), Օծիչ («Գլուխս յուղով օծեցիր». Սաղմ. 22.6), Օծյալ («Այնտեղ պիտի Դավթին եղջյուրներ ծլեցնեմ, իմ օծյալի համար ճրագ պատրաստեմ». Սաղմ. 131.17)։
Առաքյալներն Օծումին տվել են բուժիչ նշանակություն («Եվ բազում դևեր էին հանում, բազում հիվանդների օծում էին յուղով ու նրանց բժշկում». Մարկոս 6.13 , «Հիվանդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով։ Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի...». Հակոբոս 5.14–15)։ Դեռևս առաքելական ժամանակներից է սերում հիվանդին օծելու ավանդույթը, որ Հայ եկեղեցում ստացել է Կարգ հիվանդաց և վերջին օծում անունը։ Հայ եկեղեցու ծեսի համաձայն, սրբալույս Մուռոնով օծվում են եկեղեցական պաշտոնյաները ՝ քահանայից մինչև կաթողիկոս։ Ձեռնադրության ժամանակ օծվում են ենթակայի ճակատն ու ձեռքերը, կաթողիկոսի օծվելու պարագային Մյուռոնը հեղվում է նրա գլխին ՝ իբրև խորհըրդանշան եկեղեցու գերագույն գլխի։
Նախնական շրջանում Քրիստոսին հավատացողները սուրբ յուղով օծվել են մկրտությունից հետո։ Այս Օծումը Հայ եկեղեցին ներկայումս անվանում է Դրոշմ, Հույն եկեղեցին ՝ Մյուռոն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.