Վնասարարություն (ԽՍՀՄ)
From Wikipedia, the free encyclopedia
Վնասարարություն (ռուս.՝ вредительство), ստալինյան դարաշրջանում ԽՍՀՄ քրեական օրենսգրքում նախատեսված հանցագործության ձև։
Վնասարարությունը նկարագրվում էր որպես «Խորհրդային պետությունը թուլացնելու նպատակով արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դրամական համակարգի, առևտրի կամ ժողտնտեսության այլ ճյուղերի, ինչպես և պետական մարմինների կամ հասարակական կազմակերպությունների քայքայմանն ուղղված առանձնապես վտանգավոր պետական հանցագործություն, որը կատարվել է պետական կամ հասարակական հիմնարկները, ձեռնարկությունները, կազմակերպություններն օգտագործելու կամ դրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու միջոցով»։
Վնասարարության մեջ մեղադրվողները կարող էին լինել ԽՍՀՄ քաղաքացիները, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։ Վնասարարության համար նախատեսվում էր ազատազրկում 8—15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ և աքսորով՝ 2—5 տարի ժամկետով կամ առանց աքսորի (ՀԽՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 64)։
Ալեքսանդր Սոլժենիցինն իր «Գուլագ արշիպելագ» գրքում պատմում էր ինժեներ Նիկոլայ ֆոն Մեքի մասին, ով ընդամենն առաջարկել էր բեռնատար գնացքներում միջինից ծանր բեռներ տեղադրել, ինչի համար էլ վնասարարության մեղադրանքով դատապարտվել և ուղարկվել էր ուղղիչ աշխատանքային գաղութ։ Ֆոն Մեքի ենթադրյալ հանցագործությունն այն էր, որ ցանկացել էր գերծանրաբեռնել գնացքները, որպեսզի ռելսերն ավելի արագ մաշվեն[1]։