հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Վահան Առաքելի Բայբուրդյան (սեպտեմբերի 11, 1933 կամ 1933[1], Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, արևելագետ, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արտակարգ և լիազոր դեսպան։
Վահան Բայբուրդյան | |
---|---|
Ծնվել է | 1933 Ախալցխա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | դիվանագետ և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր, պատմական գիտությունների դոկտոր (1977) և պրոֆեսոր (1979) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | Մովսես Խորենացու մեդալ |
Երեխա(ներ) | Արմեն Բայբուրդյան |
Վահան Բայբուրդյանը ծնվել է 1933 թվականին Ախալցխայում։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո, Վահան Բայբուրդյանն իր ասպիրանտական ուսումնառությունն անցել է արևելագիտական կենտրոններից մեկում՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում (Մոսկվա, 1962–1965 թթ.)։ Մոսկվայում իր թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո՝ 1965 թվականին՝ Վահան Բայբուրդյանը վերադառնում է Երևան ու երկար տարիներ հետազոտական աշխատանք կատարում Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում։
Վահան Բայբուրդյանն արևելագիտական, հայագիտական, միջազգային հարաբերություններին վերաբերող զգալի թվով հրատարակություններ է գրախոսել, խմբագրել և հրատարակել։ Նա բազմիցս մասնակցել և զեկուցումներով հանդես է եկել արևելագիտական ու հայագիտական միջազգային գիտաժողովներում։
Վահան Բայբուրդյանը եղել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտնական-քարտուղարը, Իրանի բաժնի վարիչը, Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը, նույն ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը, ռեկտորի պաշտոնակատարը, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչը, Հր. Աճառյան համալսարանի արևելագիտության և ռոմանագերմանական ֆակուլտետի դեկանն ու նույն համալսարանի արևելագիտության ամբիոնի վարիչը։ Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղվել է նաև մանկավարժական-դասախոսական գործունեությամբ։ Բայբուրդյանը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կողմից հրատարակվող «Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» մատենաշարի խմբագրական կազմի անդամ է, ինստիտուտի «Համաշխարհային պատմություն» մասնագիտության գծով թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների պաշտպանության գիտական խորհրդի նախագահի տեղակալն է, նաև ՀՀ տարբեր գիտական կենտրոնների և ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների անդամ։
1992 թվականին Վահան Բայբուրդյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Վեց տարի անընդմեջ Իրանում վարելով դեսպանի պաշտոնը՝ Վ. Բայբուրդյանին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Իրանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո վերադառնալով հայրենիք, Վ. Բայբուրդյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական։
Վահան Բայբուրդյանը մի շարք մեծածավալ մենագրությունների և հոդվածների հեղինակ է։ Լայն է նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը. Իրանի և առհասարակ Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմություն, հայագիտություն, մասնավորապես հայ ժողովրդի և Հայկական հարցի պատմություն, հայ գաղթօջախների պատմություն, հայ առևտրական կապիտալի պատմություն, հայ-իրանական պատմական և միջպետական հարաբերություններ, քրդագիտություն, հայ-քրդական հարաբերություններ, միջազգային հարաբերություններ, քաղաքականություն և այլն։
1969 թվականին ռուսերեն լույս տեսավ Վահան Բայբուրդյանի «Նոր Ջուղայի հայ գաղթօջախը XVII դարում (Նոր Ջուղայի դերը իրանա-եվրոպական քաղաքական և տնտեսական հարաբերություններում)» մենագրությունը։
Վահան Բայբուրդյանը շարադրել է «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական բազմահատորյակի (1972 թ.) և Հայկական սովետական հանրագիտարանի Նոր Ջուղային և Իրանի հայ գաղթօջախներին նվիրված բաժինները։
2007 թվականին Բայբուրդյանը հրատարակել է «Նոր Ջուղա» մենագրությունը։ Նա բացահայտել է Իրանի հայ գաղթօջախների խաղացած դերը հայ քաղաքական մտքի ձևավորման ու ազգային-ազատագրական գաղափարների վերելքի գործում, համոզիչ փաստերով ցույց է տվել, որ ուշ միջնադարում և պատմության նոր դարաշրջանում հայերն իրենց կարևոր ավանդն են ունեցել Արևելքի ու Արևմուտքի քաղաքակրթությունների և մշակույթների շփման գործում։ Զարգացվում է նաև այն թեզը, որ պատմական ճակատագրի բերումով ապրելով օտար միջավայրում, իրանահայությունը կարևոր դեր է խաղացել մայր հայրենիքի տնտեսական ու քաղաքական կյանքում, իսկ Նոր Ջուղան ամբողջ XVII դարի ընթացքում եղել է հայ մտավոր և տնտեսական կյանքի ամենաաչքի ընկնող կենտրոնը։
Վահան Բայբուրդյանի գիտական հետաքրքրությունների մշտական առարկան է հանդիսացել նաև հայ առևտրական կապիտալի պատմությունը։ Նա հրատարակել է մի շարք ուսումնասիրություններ։ Դեռևս 1960-ական թվականներին այդ խնդրի վերաբերյալ Բայբուրդյանը Մոսկվայում և Երևանում մի շարք հոդվածներ է հրապարակել, իսկ 1996 թվականին Թեհրանում հայերեն հրատարակվում է նրա «Համաշխարհային առևտուրը և իրանահայությունը XVII դարում» մեծածավալ մենագրությունը, որն անմիջապես թարգմանվում է պարսկերեն և նույն թվականին լույս տեսնում Թեհրանում։ Ավելի ուշ, 2004 թվականին Նյու Դելիում անգլերեն հրատարակվում է «Միջազգային առևտուրը և հայ վաճառականները XVII դարում» մենագրությունը։
1974 թվականին Բայբուրդյանը հրատարակել է «Թուրք-իրանական հարաբերությունները 1900–1914 թթ.» մենագրությունը, որը նա ներկայացրել է որպես դոկտորական ատենախոսություն և հաջողությամբ պաշտպանել 1975 թվականին։ Այն թարգմանվել է պարսկերեն և «Թուրքիայի քաղաքականությունը Իրանի նկատմամբ XX դարի սկզբներին» վերնագրով 1989 թվականին լույս է տեսել Սպահանում՝ համառոտագրված տարբերակով։ Միաժամանակ աշխատության առանձին բաժիններ լույս են տեսել Ստամբուլի մամուլում՝ թուրքերեն։
1984 թվականին լույս է տեսել Վահան Բայբուրդյանի «Իրանը առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և պատերազմի տարիներին» մենագրական ուսումնասիրությունը։ Իսկ 1999 թվականին հրատարակվել է «Իրանն այսօր» ծավալուն աշխատությունը, որտեղ լուսաբանվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային կյանքի բազմապիսի խնդիրները։ 2005 թվականին լույս է տեսել Բայբուրդյանի Իրանի պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը) աշխատությունը, որը շահել է «Հայ օգնության ֆոնդի» (ԱՄՆ) դրամաշնորհը։ 2006 թվականին լույս է տեսել այդ աշխատության երկրորդ լրամշակված հրատարակությունը։
Վահան Բայբուրդյանը քուրդ ժողովրդի պատմության և հատկապես հայ-քրդական հարաբերությունների բնագավառում ճանաչված մասնագետ է։ Այդ թեմայով գրել է մենագրություններ՝ «Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում XIX դարում և XX դարի սկզբին» (Երևան, 1989 թ.) և «Քրդերը, Հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո» (Երևան, 2008 թ.)[2]։ Վերջին աշխատությունն անգլերեն թարգմանությամբ հրատարակվել է 2013 թվականին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.