Ստորգետնյա ջրեր կամ ջերմուկներ, երկրակեղևի տարբեր խորություններում՝ ապարային կազմավորումների ճեղքվածքներում և ծակոտիներում գտնվող ջրեր։ Ստորգետնյա ջրերի ջրհավաք ավազանը ջուր է ստանում գետերից, վտակներից, ինչպես նաև՝ անձրևներից։

Thumb
Երկրի ընդերքից բխող ջուր (Ուկրաինա)

Ունեն են խմելու, ոռոգման, ինչպես նաև կենցաղային օգտագործման նշանակություն։ Տաք աղբյուրների ջրերով հնարավոր է ջերմատների և բնակարանների ջեռուցում իրականացնել[1]։ Ջերմուկները տաքանում են երկրի ընդերքի ջերմության շնորհիվ, երիտասարդ հրաբխային գործունեության շրջաններում, որտեղ ոչ մեծ խորություններում ապարները դեռևս սառած չեն, ստորերկրյա ջրերը գտնվում են գերտաք վիճակում և դուրս են գալիս գոլորշու կամ գեյզերների ձևով։ Ջերմուկները սովորաբար ունեն ցածր հանքայնացում, հիմքային (ալկալային) են՝ Na-ի բարձր պարունակությամբ։ Ըստ ջերմաստիճանի տարբերում են ջերմուկների հետևյալ տարատեսակները, սուբթերմալ՝ 20–37°, հոմոթերմալ՝ 37–42°, հիպերթերմալ՝ 42°-ից բարձր։ Ըստ գազերի պարունակության ջերմուկների մեծ մասամբ ազոտային են, բայց հանդիպում են ածխաթթվային, մեթանային և ածխաթթոլ–ծծմբային տարբերակներ։

Ստորգետնյա հանքային ջրերն ունեն բուժիչ հատկություններ[1]։

Տեսակներ

Տարբերում են ծանրահակ, գոլորշանման, թաղանթային, մազանոթային, բյուրեղային, պինդ (սառույց) և այլ ստորերկրյա ջրեր։ Ծանրահակը (գրավիտացիոն) ապարների ճեղքերով ազատ հոսող ջուրն է, որով հագեցած ապարաշերտերն առաջացնում են ջրառատ հորիզոններ։ Մակերևույթից հաշված՝ առաջին՝ ոչ ճնշումային ջրատար հորիզոնը գրունտային ջրերի հորիզոնն է, որից վեր աերացիային (օդավորման) գոտին է, որտեղ հանդիպում են ստորերկրյա ջրերի ժամանակավոր կուտակներ՝ վերնաջրեր։

Գրունտային ջրերից ներքև տեղադրված են հիմնականում ճնշումային՝ արտեզյան ջրերի միջշերտային հորիզոնները։ Ստորերկրյա ջրերը բնական լուծույթներ են՝ հագեցած ավելի քան 60 քիմիական տարրերով, միկրոօրգանիզմներով և գազերով։

Ըստ հանքայնացման աստիճանի՝ լինում են քաղցրահամ, կիսաքաղցրահամ, հանքային, ըստ ջերմաստիճանի՝ գերսառը, սառը, գոլ, տաք և գերտաք, ըստ ծագման՝ ներծծման, խտացման, նստվածքակուտակումային և մագմայական։ Ստորերկրյա ջրերը երկրի ջրային պաշարների մաս են․ կապ են ստեղծում քարոլորտի, ջրոլորտի, մթնոլորտի, կենսոլորտի միջև, շահագործման ընթացքում վերականգնվում են (հիմնականում մագմայական ջրերի հաշվին)։ Ջրատար հորիզոններն առաջացնում են ստորերկրյա ջրերի հանքավայրեր։

Հայաստանում

Օգտագործման բնույթով Հայաստանում տարբերում են խմելու, տեխնիկական, արդյունաբերական և հանքային ջրեր։

Հայաստանում ստորերկրյա ջրերի դերը մեծ է գետերի հոսքի ձևավորման գործում, քանի որ տարածքի զգալի մասի ապարները հրաբխային են՝ ծակոտկեն, ճեղքավորված։ Մթնոլորտային տեղումները, ներծծվելով, առաջացնում են ստորերկրյա հոսք, որի մի մասը Երկրի մակերևույթ Է դուրս գալիս՝ սնելով գետերը։ Հայաստանում ստորերկրյա սնման բաղադրիչը մեծ է հետևյալ գետերում՝ Մեծամոր՝ 93%, Աշոցք՝ 85%, Գավառագետ՝ 83%, Մասրիկ՝ 78%, Գորիս՝ 73%, Ազատ՝ 69%, Ախուրյան՝ 59%, Որոտան՝ 54%, Արփա՝ 53%, Քասաղ՝ 51% և այլն։ Ներկայումս բնապահպանական լուրջ խնդիր է ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանումը։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.