բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ ակացիան (լատին․՝ Robinia pseudoacacia) ծառ է, պատկանում է ընդավորների (Fabaceae) ընտանիքին, ունի 25-30 մ (միջինը՝ 12 մ) բարձրություն, սփռվող սաղարթ, հաստ, մուգ և խորը ակոսավոր կեղև։ Նույնն է, ինչ ռոբինիա կեղծակացիան։ Սպիտակ ակացիայի արմատային համակարգը շատ հզոր է։ Նրա արմատները խորանում են մինչև 20 մ և ավելի։ Տերևները կենտ փետրավոր են, կարճ կոթուններով, որոնք ճյուղերի ուղղությամբ փոխակերպվում են աճառանման կեղծ բունոցների։ և կազմված են 4-ից մինչև 8 զույգ էլիպսաձև, բաց կանաչ, փափուկ, ամբողջաեզր տերևիկներից։ Փշերը (ձևափոխված տերևներ) ամուր են, փայտաձև, շատ սուր ծայրով, մանգաղանման։ Ծաղիկները բազմաթիվ են, բուրումնավետ, սպիտակ, խոշոր, կախվող ողկույզներով։ Պտուղը՝ տափակ ունդ է, մինչև 10 սմ երկարության, մուգ գույնի սերմերով։
Սպիտակ ակացիա | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Robinia pseudoacacia | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Սպիտակ ակացիան ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին և ծառի վրա մնում են կախված ողջ ձմռան ընթացքում։ Այս ծառի կյանքի տևողությունը 50 տարի և ավելի է։ Աճում է ճանապարհների երկայնքով, այգիներում և պուրակներում։
Սպիտակ ակացիան թունավոր է՝ և´ սերմերը, և´ կեղևը, և´ արմատները։
Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, որտեղ հանդիպում է հյուսիսարևմտյան և հյուսիսային նահանգներում՝ Այովա, Մոնտանա և Օկլահոմա, Պենսիլվանիայից մինչև Դակոտա։ 1804 թ. առաջին անգամ այս բույսի սերմերը բերվել են Ռուսաստան, իսկ 1813 թ. հայտնվել են Ղրիմի Նիկիտինյան բուսաբանական այգում։
Դեղագործական հումք են սպիտակ ակացիայի ծաղիկները, որոնք հավաքում են ծաղկման սկզբին, կիսաբացված վիճակում։ Չորացնում են ստվերում՝ ծածկի տակ, լավ օդափոխվող տարածքում, կամ էլ չորանոցներում՝ 40-500C ջերմության պայմաններում։ Չորացվող հումքը պետք է ցրված լինի բարակ շերտով և հաճախ շրջվի։ Կեղևը և տերևները հավաքում են ամբողջ աճի (վեգետացիայի) շրջանում։
Տերևաթափ խոշոր ծառեր են՝ մինչև 20 — 25 (երբեմն 30) մ բարձրությամբ, լայն գլանաձև, գագաթում կլորավուն, ցանցառ սաղարթով։ Բնի տրամագիծը հասնում է մինչև 1,2 մ-ի, հաստ, խոր ակոսանման ճաքճքված մոխրագորշավուն կեղևով։ Ընձյուղները մերկ են կամ սկզբնական շրջանում թեթևակի աղվամազապատ, ձիթականաչավունից մինչև փայլուն կարմրադարչնագույն։ Տերևներն ունեն 10 — 25 (երբեմն՝ 45) սմ երկարություն, տափակ, հաճախ հետ թեքված փշերի վերածված տերևակիցներով, որոնց երկարությունը հասնում է մինչև 2 սմ-ի։ Տերևիկների թիվը հասնում է 9—19-ի, էլիպսաձև են, 2—4,5 սմ երկարությամբ և 1,5 — 2 սմ լայնությամբ, գագաթում կլորավուն, կլորավուն կամ լայն սեպաձև հիմքով, երիտասարդ ժամանակ մազմզուկապատ, ավելի ուշ՝ մերկ, վերևի կողմից բաց կանաչավուն, ներքևի կողմից կապտականաչավուն, կարճ կոթունավոր, յուրաքանչյուր կոթունի հիմքում՝ փափուկ, մախաթանման տերևակիցով։ Ողկույզները բազմածաղիկ են, 10—20 սմ երկարությամբ, դեպի ցած հակված, սպիտակ, խիստ բուրումնավետ ծաղիկներով։ Բաժակը լայն զանգականման է, 0,7 — 1 սմ երկարությամբ, ծածկված շիկավուն աղվամազով։ Պսակը սպիտակ է կամ թեթևակի կրեմագույն, մինչև 3,5 սմ տրամագծով։ Թևիկները գրեթե հավասար են առագաստի երկարությանը, նավակը բթածայր է։ Ունդերը երկարավուն գծանման են, տափակ, 5—12 սմ երկարությամբ և 1—1,5 սմ լայնությամբ, թեթևակի ծռված կեռիկով, մերկ, 3 — 15 երկարավուն երիկամաձև սերմերով, որոնք ձիթականաչ են, գորշ կամ մուգ դարչնագույն, երբեմն՝ սևավուն կամ բծավոր, հարթ, անփայլ, կամ փայլուն։ Ծաղ կում է մայիսից-հունիս (երբեմն՝ սեզոնում 2 անգամ), պտղաբերում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։
Տարածված է հյուսիսային Ամերիկայում, Ապալաչյան լեռներից մինչև Պենսիլվանիա և Ջորջիա, արևմուտքում՝ մինչև Այովա, Միսսուրի և Օկլաոխոմա։ Աճում է տերևավոր անտառներում, փոքր խմբերով և առանձին։ Արագ է աճում, առաջացնում է խոր գնացող առանցքային արմատներ, տալիս է բնային և արմատային մացառներ։ Չափազանց լուսասեր և երաշտադիմացկուն ծառատեսակ է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Ջերմասեր է, սակայն դիմանում է մինչև 30—35 °C-ի սառնամանիքներին։ Ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում ցրտահարվում է, սակայն հետագայում արագ աճի շնորհիվ սաղարթը վերականգնվում է։ Հրաշալի մեղրատու է. մի ծառը տալիս է մինչև 15 կգ բարձրորակ մեղր։ Տերևները պարունակում են 220—240 մգ/տոկոս վիտամին C և 200 մգ վիտամին A:
Երիտասարդ ծառերի կեղևի եփուկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է գաստրիտների սրացման և խոցային հիվանդության ժամանակ, իսկ սպիրտային թուրմը՝ Բուլղարիայում և Գերմանիայում, ստամոքսահյութի թթվայնության բարձրացման և ստամոքսի այլ հիվանդությունների դեպքում։ Տերևների, երիտասարդ ընձյուղների թուրմն օգտագործվում է գաստրիտների սրացման և ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցերի ժամանակ։ Ծաղիկների եփուկը ժողովրդական բժշկությունում արդյունավետ են համարում երիկամների և միզապարկի հիվանդությունների ժամանակ, թուրմը՝ ռևմատիզմի ժամանակ, արտաքին ձևով։
Սպիտակ ակացիայի ծաղիկներն օգտագործում են խառնուրդի ձևով՝ սովորական արջախաղողի տերևների, սովորական տարկավանի ծաղիկների, կապույտ տերեփուկի ծաղիկների, մատուտակի արմատների հետ, որպես միզամուղ հավաքածու։ Բուլղարիայում թուրմն օգտագործում են որպես խորխաբեր և ջերմիջեցնող միջոց։
Սպիտակ ակացիայի կեղևի եփուկը։ 1/2 ճաշի գդալ մանրացված հումքի վրա ավելացնում են 500 մլ ջուր, եռացնում 20 րոպե, քամում տաք վիճակում և եռացրած ջրով ծավալն ավելացնում մինչև նախկին մակարդակը (500 մլ)։ Օգտագործում են փոքրիկ բաժիններով՝ 2 օրվա ընթացքում։ Եթե եփուկի ընդունումն օրգանիզմը լավ է տանում, կարելի է խմել օրվա ընթացքում, ցանկալի է գոլ վիճակում։
Ակացիայի ծաղիկների եփուկը։ 1 ճաշի գդալ թարմ կամ չորացած հումքի վրա ավելացնում են 500 մլ ջուր, եռացնում 3 րոպե, քամում և եռացրած ջրով ծավալն ավելացվում մինչև նախկին մակարդակը։
Ակացիայի ծաղիկների թուրմ։ Հումքին ավելացնում են սպիրտ կամ օղի և թրմում 2 շաբաթ՝ արևի տակ։ Օգտագործում են արտաքին։
Տերևների և երիտասարդ ընձյուղների թուրմ։ Հումքը թրմում են 40%-անոց սպիրտի մեջ՝ 1։ 10 հարաբերությամբ, 15 օր, պարբերաբար խառնելով։ Օգտագործում են օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ, 1 թեյի գդալ։
Ակացիայի ծաղիկների թուրմ։ 10 գ հումքի վրա ավելացնում են 200 մլ եռման ջուր, թրմում, ապա քամում։
Դեղաձևերի ներքին օգտագործման դեպքում (սերմեր, կեղև, արմատներ) պետք է պահպանել զգուշություն՝ նկատի ունենալով նրանց թունավոր լինելը։ Սուր թունավորումներն ուղեկցվում են թուլությամբ, սրտխառնոցով, փսխումով, գլխացավով կամ քնկոտությամբ, վատ ինքնազգացողությամբ։ Նման երևույթներ կարող են լինել նաև բնափայտի մշակման ժամանակ։
Ակացիայի ալկալոիդների հանդեպ հատկապես զգայուն են ձիերը։ Կենդանիների թունավորման ժամանակ ի հայտ են գալիս խիստ արտահայտված որովայնացավեր, դողացնում են, դառնում գերգրգռված, առաջ են գալիս ջղակծկումներ, սրտի աշխատանքի թուլություն։ Որպես առաջին օգնություն կատարվում է ստամոքսի լվացում, ադսորբող նյութերի նշանակում, ախտանշանային (սիմպտոմատիկ) բուժում (սրտային և այլ միջոցներ)։
Օգտագործում են սննդի, լաքերի, ներկերի արդյունաբերությունում և պարֆյումերիայում։ Տերևները կեր են տնային կենդանիների համար։
Սպիտակ ակացիայի բնափայտից պատրաստված մանրահատակն իր որակով չի զիջում կաղնու փայտից պատրաստված մանրահատակին։ Լայնորեն օգտագործվում է այգիներում և պուրակներում որպես դեկորատիվ և բուրավետ բույս։
Սպիտակ ակացիան պիտանի է ափերի, կիրճերի, զառիվայրերի ամրացման, դաշտապաշտպան շերտերի համար։
Հիանալի մեղրատու բույս է։ Ծաղիկներում ամենաշատ նեկտար լինում է առավոտյան ժամերին՝ 18-24C0-ի պայմաններում։ Ծաղիկները նեկտար են անջատում 3-4 օր։ Մեկ ծաղկի նեկտարի մեջ շաքարի քանակը հասնում է մինչև 2 մգ։ Ուժեղ մեղվաընտանիքը մեկ ծառից կարող է հավաքել մոտ 8 կգ մեղր։ Ակացիայի ծաղիկներից ստեղծված մեղրը շատ բաց է, թափանցիկ, բյուրեղանում է շատ դանդաղ։ Ուկրաինայում սպիտակ ակացիայի 1 հա-ից ստացվում է 600-800 կգ մեղր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.