Սանկտ Պետերբուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Սանկտ Պետերբուրգ[Ն 1] (ռուս.՝ Санкт-Петербург, օգոստոսի 18, 1914 - հունվարի 26, 1924՝ Պետրոգրադ, հունվարի 26, 1924 - սեպտեմբերի 6, 1991[Ն 2]՝ Լենինգրադ), բնակչությամբ Ռուսաստանի երկրորդ քաղաքը։ Դաշնային նշանակության քաղաք։ Հյուսիսարևմտյան դաշնային տարածաշրջանի և Լենինգրադի մարզի վարչական կենտրոնը։ Քաղաքը հիմնադրել է Պետրոս I-ը 1703 թվականի մայիսի 27-ին (մայիսի 16)։ 1712-1918 թվականներին՝ Ռուսաստանի մայրաքաղաք[Ն 3]։
Քաղաքն իր անունը ստացել է Պետրոս առաքյալի՝ հիմնադիր արքայի երկնային հովանավորի պատվին, սակայն ժամանակի ընթացքում սկսեց ավելի ասոցացվել հենց Պետրոս I-ի անվան հետ։ Սանկտ Պետերբուրգի պատմությունն ու մշակույթը կապված է Ռուսական կայսրության և Ռուսաստանի՝ որպես ժամանակակից պատմության մեջ եվրոպական գերտերություն մտնելու հետ։ Կայսերական իշխանության և զինվորական փառքի խորհրդանիշն է[5]։
Տեղակայված է Ռուսական Դաշնության հյուսիս-արևմուտքում, Ֆիննական ծոցի և Նևա գետի ափին։ Սանկտ Պետերբուրգում է գտնվում Ռուսական Դաշնության Սահմանադրական դատարանը, ՌԴ Նախագահին կից Հերալդիկ խորհուրդը, Լենինգրադի մարզի իշխանության մարմինները[6], ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեան։ Քաղաքում են տեղակայված նաև Ռազմածովային նավատորմի Գլխավոր հրամանատարությունը և Ռուսաստանի Զինված ուժերի Արևմտյան ռազմական շրջանի շտաբը[7]։
Եղել է երեք հեղափոխությունների՝ 1905–1907 թվականների, 1917 թվականի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունների կենտրոնը[8]։ 1941–1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ քաղաքը 872 օր գտնվել է շրջափակման մեջ, որ արդյունքում ավելի քան 2 մլն մարդ է զոհվել։ 1945 թվականի մայիսի 1-ին գերագույն հրամանատար Իոսիֆ Ստալինի հրամանով Լենինգրադին շնորհվել է հերոս քաղաքի կոչում։ 2018 թվականի տվյալներով դաշնային նշանակություն ունեցող Սանկտ Պետերբուրգի կազմի մեջ են մտնում նաև զինվորական փառքի 3 քաղաք՝ Կրոնշտադտ, Կոլպինո, Լոմոնոսով։
5 356 755 (2018) բնակչությամբ՝ Սանկտ Պետերբուրգն աշխարհում ամենահյուսիսային քաղաքն է, որն ունի մեկ միլիոնից ավել բնակիչ։ Ամբողջովին Եվրոպայում տեղակայված քաղաքների մեջ Սանկտ Պետերբուրգը բնակչությամբ երրորդ քաղաքն է, ինչպես նաև ոչ մայրաքաղաք առաջին քաղաքը, որն ունի այդքան բնակչություն։ «Մինչև 2030 թվականը Սանկտ Պետերբուրգի զարգացման ռազմավարություն» նորարարական սցենարը ենթադրում է, որ 2030 թվականին բնակչությունը կկազմի 5.9 մլն[9]։ Քաղաքը Սանկտ Պետերբուրգ քաղաքային ագլոմերացիայի կենտրոնն է։ Քաղաքի մակերեսը 1439[10] կմ² է, 2012 թվականի հուլիսի 1-ին Մոսկվայի ընդարձակումից հետո Սանկտ Պետերբուրգն իր տարածքով երկրի երկրորդ քաղաքն է․ նախքան Սևաստոպոլի՝ ՌԴ-ին միանալը, Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի Դաշնության ամենափոքր դաշնային սուբյեկտն էր։
Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի տնտեսական, գիտական և մշակութային կարևորագույն կենտրոնն է, տրանսպորտային խոշոր հանգույց։ Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնը և դրա հետ կապված հուշարձանների համալիրները մտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների մեջ[11]․ այն երկրի զբոսաշրջային ամենակարևոր կենտրոններից մեկն է։ Առավել նշանակալի մշակութա-զբոսաշրջային օբյեկտների թվում են Էրմիտաժը, Կունստկամերան, Մարիինյան թատրոնը, Ռուսաստանի ազգային գրադարանը, Ռուսաստանի պետական թանգարանը, Պետրոպավլովյան ամրոցը, Սուրբ Իսահակի տաճարը[12], Նևայի պողոտան։ Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանմանն է ուղղված նաև Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնի պահպանման ու զարգացման ծրագիրը։