From Wikipedia, the free encyclopedia
Պետական դումա կամ Կայսերական դումա, օրենսդրախորհրդակցական ներկայացուցչական հիմնարկություն Ռուսական կայսրությունում 1906-1917 թվականներին։ Ստեղծվել է 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ճնշման տակ, 1905 թվականի հոկտեմբերի 17-ի մանիֆեստով։
Պետական դուման քննում էր օրենքների նախագծերը, որոնք այնուհետև քննարկվում էին Պետական խորհրդում և ապա հաստատվում ցարի կողմից։ Ընտրվում էր 5 տարի ժամկետով։ Ընտրությունները բազմաստիճան էին, ըստ չորս կուրիաների (հողատիրական, քաղաքային, գյուղացիական, բանվորական)։ Ազգաբնակչության կեսը (կանայք, ուսանողներ, զինծառայողներ, որոշ ազգային փոքրամասնություններ) զրկված էին ընտրելու իրավունքից։ I (1906 թ.-ի ապրիլի 27-հուլիսի 8) և II (1907 թ.-ի փետրվարի 20-հունիսի 2) Պետական դումայում հիմնական ֆրակցիաները կադետներն էին, տրուդովիկները և սոցիալ-դեմոկրատները։
Հունիսերեքյան պետական հեղաշրջման ժամանակ (հունիսի 3, 1907) նոր ընտրական օրենք մտցվեց, որով ի հաշիվ աշխատավորության և ազական շրջանների բնակչության ներկայացուցչության խիստ կրճատման՝ դումայում ավելանում էր տիրող դասակարգերի ներկայացուցչությունը։ Արդյունքում III (1907 թ.-ի նոյեմբեր 1-1912 թ.-ի հունիս 9) և IV (1912 թվականի նոյեմբեր 15-1917 թվականի փետրվարի 25) Պետական դումայում գերակշռող էին պրոցարիստական կուսակցությունները (գլխավորապես աջերը և օկտյաբրիստները)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Պետական դումայում ստեղծվեց օպոզիցիոն «Պրոգրեսիվ բլոկը», որը ձգտում էր ցարական կառավարությունից կորզել քաղաքական զիջումներ՝ պատերազմը հաջող ավարտելու և հեղափոխությունը ճնշելու նպատակով։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ընթացքում ստեղծվեց Պետական դումայի ժամանակավոր կոմիտե, որը համաձայնության գալով Պետրոգրադի սովետի էսէռա-մենշևիկյան պարագլուխների հետ, կազմեց ժամանակավոր կառավարություն։
Հոկտեմբերյան հեղափոխության պայմաններում պետական դուման վերջնականապես լուծարվեց։
Պետական դումայի նախագահներն են եղել 1-ի Մ․ Ա․ Մուրոմցևը (կադետ), II-ի՝ Ֆ․ Ա․ Գոլովինը (կադետ), III-ի՝ Ն․ Ա․ Խոմյակովը (մինչև 1910 թ.-ը), Ա․ Ի․ Գուչկովը (1910-1911), Մ․ Վ․ Ռոձյանկոն (1911-1912) (բոլորն էլ օկտյաբրիստներ), IV-ի՝ Մ․ Վ․ Ռոձյանկոն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 239)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.