From Wikipedia, the free encyclopedia
Կերակրափողը կամ որկորը (esophagus) համեմատաբար նեղ և երկար մի խողովակ է, որը տեղավորված է ըմպանի և ստամոքսի միջև։Կերակրափողը միակ օրգանն է ,որտեղ սննդագնդիկը կանգ չի առնում։ Սկսվում է վզային VI և VII ողնի մակարդակից (որը համապատասխանում է մատանիաձև աճառի ստորին եզրին) և վերջանում կրծքային XI ողնի մակարդակի վրա։ Քանի որ որկորը, վզի շրջանում սկսվելով, իջնում է կրծքի խոռոչ և այստեղից, ստոծանին ծածկելով, մտնում է որովայնի խոռոչ, ուստի նրան բաժանում են չորս հատվածի՝ պարանոցային, կրծքային, ստոծանիական և որովայնային (partes cervicalis, thoracalis, diaphragmatica et abdominalis)։ Որկորի երկարությունը 23-25 սմ է։ Առջևի ատամներից մինչև ատամոքսն ընկած հատվածի ընդհանուր երկարությունը (նաև բերանի խոռոչը, ըմպանը և որկորը) 40-42 սմ է։ Ռետինե խողովակը պետք է 3.5 սմ այդ երկարությունից ավելի վերցնել՝ կերակրափողի միջով ստամոքսահյութ վերցնելու համար։
Որկորը տեղ-տեղ ունի սեղմվածքներ, որոնցից առաջինը գտնվում է իր սկզբնական մասում (ըմպանային), երկրորդը՝ շնչափողի երկատման տեղում (շնչափողային) և երրորդը՝ ստոծանիական շրջանում (ստոծանիական)։
Որկորի լուսանցքը լայնական կտրվածքի վրա վզային հատվածում ներկայացնում է որպես մի լայնական ճեղք (շնչափողի կողմից ճնշվելու հետևանքով), իսկ կրծքային մասում կլորացած է կամ աստղաձև։ Որկորի պատերը կազմված են հետևյալ շերտերից. ներքին ՝ լորձաթաղանթային (tunica mucosa), միջին՝ մկանային (tunica muscularis) և արտաքին՝ շարակցահյուսվածքային բնույթի (tunica adventitia)։
Լորձաթաղանթը (tunica mucosa) ծածկված է բազմաշերտ տափակ էպիթելով և պարունակում է լորձային գեղձեր, որոնք իրենց արտազատուկով հեշտացնում են կերակրագնդի սահումը կլլման ժամանակ։ Չձգված դիրքում որկորի լորձաթաղանթը առաջացնում է երկայնաձիգ ծալքեր, որոնք հարթվում են, երբ նրա միջով անցնում է կերակրագունդը։
Երկայնաձիգ ծալքավորումը որկորի ֆունկցիոնալ հարմարողակունությունն է, որը նպաստում է հեղուկների անցմանը ծալքերի արանքների ակոսներով և որկորի լայնացմանը պինդ կերակրագնդերի անցման դեպքում։
Մկանային պատյանը (tunica muscularis) կազմված է արտաքին երկայնաձիգ և ներքին շրջանաձև շերտերից։ Որկորի վերին երրորդականի երկու շերտերն էլ կազմված են միջաձիգ զոլավոր մկանաթելերից, բայց ներքևում նրանք աստիճանաբար փոխարինվում են հարթ մկանաթելերով։ Շարակցական պատյանը(tunica adventitia) արտաքին պատյանն է, կազմված է փուխր շարակցական հյուսվածքից, որի միջոցով որկորը միանում է շրջապատող օրգաններին։
Որկորի գեղձերը (glandulae esphageae) բավական շատ են և տարածված են ենթալորձային շերտում, արտադրում են լորձ։ Որկորի առանձին մասերն ունեն անատոմիական նեղացումներ, որոնք պահպանվում են դիակների որկորում, և ֆիզիոլոգիական նեղացումներ, որոնք լինում են միայն կենդանի մարդու մոտ։ Բացի անատոմիական 3 նեղացումներից՝ ըմպային(կերակրափողի սկզբում), շնչափողային(շնչափողի երկատման տեղում) և ստոծանիական (ստոծանու միջով անցնելու դեպքում), ռենտգենով հետազոտելիս երևում են նաև 2 ֆիզիոլոգիական նեղացումներ՝ աորտային(կերակրափողի և աորտայի հատման տեղում) և կարդիալ (որկորի և ստամոքսամուտքի միացման տեղում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 390)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.