Նոր Կտակարան
From Wikipedia, the free encyclopedia
Նոր Կտակարան (հին հունարեն՝ Καινὴ Διαθήκη), հունարենով գրված 27 գրքերի ժողովածու, որը քրիստոնյաների կողմից համարվում է Սուրբ Գիրք և Աստվածաշունչ մատյանի մաս է կազմում։ Քրիստոնյաները հավատում են, որ ինչպես Հին Կտակարանի գրքերի ժողովածուն պատմում է այն Ուխտի մասին, որ կնքվել էր Աստծու և Իսրայելի ժողովրդի միջև, այնպես էլ Նոր Կտակարանը ներկայացնում է այն Նոր Ուխտը, որ Հիսուս Քրիստոսի արյունով կնքվեց Աստծու և մարդկանց միջև՝ մարդկության փրկության համար։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տարբեր ժամանակներում և տարբեր ծավալով գրված այս գրքերը ներկայացնում են քրիստոնեական եկեղեցին իր հիմնադրի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդից սկսած մինչև եկեղեցու տարածումը, ինչպես նաև հավատացյալների կյանքը տարբեր երկրներում։ Ներկայումս այս գրքերն իրենց դասավորումով ներկայացնում են հետևյալ խմբերը.
- Ավետարաններ (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես), որոնք պատմում են Հիսուսի կյանքն ու նրա քարոզչությունը։
- Առաքյալների գործերը, որ առաջին դարի եկեղեցու կյանքն է։
- Նամակներ, որոնք բաժանվում են երկու խմբի.
ա. Պողոս առաքյալի կողմից գրված նամակներ. ընդամենը 14 նամակ՝ ուղղված հռոմեացիներին, կորնթացիներին (Ա և Բ), գաղատացիներին, եփեսացիներին, փիլիպպեցիներին, կողոսացիներին, թեսաղոնիկեցիներին (Ա և Բ), Տիմոթեոսին (Ա և Բ), Տիտոսին, Փիլիմոնին և եբրայեցիներին։
բ. Ընդհանրական նամակներ. ընդամենը յոթ նամակ՝ գրված Հակոբոսի, Պետրոս առաքյալի (Ա և Բ), Հովհաննես առաքյալի (Ա, Բ և Գ) և Հուդայի կողմից։ - Հայտնություն (Հովհաննեսի), որը հայտնութենական տեսիլքով նկարագրում է բարու վերջնական հաղթանակը չարի դեմ և Քրիստոսի երկրորդ գալուստը։