Ագրեգատային վիճակ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիզիկայում ագրեգատային վիճակը նյութի գոյության կայուն ձևերից է։ Առօրյա կյանքում հանդիպում են պինդ, հեղուկ, գազային վիճակները ու պլազման։ Հայտնի է շատ այլ ագրեգատային վիճակների գոյությունը, ինչպիսիք են ապակին կամ հեղուկ բյուրեղները։ Ագրեգատային վիճակներից շատերը գոյություն ունեն միայն էքստրեմալ պայմաններում։ Այդպիսի վիճակներից են Բոզե-Այնշտայնի կոնդենսատը, այլասերված նեյտրոնային գազը, քվարկ-գլյուոնային պլազման, որոնք առաջանում են համապատասխանաբար էքստրեմալ ցածր ջերմաստիճանների, մեծ խտության և բարձր էներգիաների դեպքում։ Որոշ ագրեգատային վիճակների գոյությունը կանխատեսված է տեսականորեն, սակայն առայժմ փորձնականորեն ապացուցված չէ։
Պատմականորեն ագրեգատային վիճակների բաժանումը կատարվել է ըստ նյութի որակական հատկությունների տարբերության։ Պինդ վիճակում նյութը պահպանում է ծավալը և ձևը, ընդ որում նյութի բաղկացուցիչ մասնիկները (ատոմներ, մոլեկուլներ կամ իոններ) դասավորված են իրար մոտ՝ ֆիքսված դիրքերում։ Հեղուկ վիճակում նյութը պահպանում է ծավալը, սակայն նյութի ձևը փոփոխվում է՝ կախված այն պարունակող անոթից։ Այս վիճակում մասնիկները կրկին իրար մոտ են դասավորված՝ ունենալով ազատ շարժման հնարավորություն։ Գազային վիճակում նյութի ինչպես ձևը, այնպես էլ ծավալը փոփոխվում են, «հարմարվելով» նյութը պարունակող անոթին։ Մասնիկները գազային վիճակում իրար մոտ չեն գտնվում և նրանց դիրքերը ֆիքսված չեն։ Պլազմայի դեպքում փոփոխելի են և՛ ծավալը, և՛ ձևը։ Պլազման, բացի չեզոք ատոմներից, բաղկացած է նաև զգալի քանակությամբ իոններից և էլեկտրոններից, որոնք ազատ շարժման մեջ են։
«Փուլ» տերմինը երբեմն կիրառվում է ագրեգատային վիճակի իմաստով, սակայն համակարգը կարող է պարունակել նույն ագրեգատային վիճակի մի քանի չմիախառնվող փուլեր։