![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/94/Canova-Hebe_30_degree_view.jpg/640px-Canova-Hebe_30_degree_view.jpg&w=640&q=50)
Նեոդասականություն
From Wikipedia, the free encyclopedia
Նեոդասականություն, նեոկլասիցիզմ կամ նեոկլասիկա, արվեստագիտության և մասամբ գրականագիտության մեջ ընդունված տերմին, որով նշվում են սոցիալական ուղղվածությամբ և գաղափարական բովանդակությամբ տարբեր 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի գեղարվեստական երևույթները, որոնց ներհատուկ է դասական արվեստի, Վերածննդի դարաշրջանի կամ Կլասիցիզմի (երաժշտության մեջ նաև բարոկկոյի շրջանի) արվեստների ավանդույթներին դիմելը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/94/Canova-Hebe_30_degree_view.jpg/320px-Canova-Hebe_30_degree_view.jpg)
Նեոդասականություն տերմինը լայնորեն կիրառվում է նաև (հիմնականում արտասահմանյան արվեստագիտության մեջ) 18-րդ դարի երկրորդ կեսից 19-րդ դարի առաջին կեսի ճարտարապետության և կերպարվեստի մեջ կլասիցիզմը (դասականություն) նշելու համար, ի տարբերություն 17-րդ դարի և 18-րդ դարի առաջին կեսի կլասիցիզմի։ Նեոդասականության առաջացումը (որպես ծրագրված վերադարձ անցյալի արվեստին) պայմանավորված էր տագնապալի և հակասական իրականությանը գեղագիտական ինչ-որ «հավերժ» արժեքներ, իսկ գեղարվեստական հոսանքների գաղափարական և ձևական համակարգին ապաժամանակային, ողջ կոնկրետ պատմականից «մաքրագործված» իդեալական կերպարներ, ձևերի խստություն ու վեհություն հակադրելու ձգտումով։ Միաժամանակ նեոդասականությունը ելակետային ընդհանուր գծեր ունի նեոռոմանտիզմի հետ, չնայած երբեմն հանդես է գալիս որպես նրա հակադրություն։ Դասական ավանդույթների զարգացումն ու ստեղծագործական վերաիմաստավորումը կարծես ի հայտ է բերում գեղարվեստական պրոցեսի պատմական հաջորդականությունը։ Միաժամանակ, դասական ձևական հնարքների մեխանիկական կիրառումը, դասական (20-րդ դարի արվեստում ոչ սակավ պաշտոնապես հորինված) մոտիվների միտումնավոր ընդմիջարկումը հանգեցնում են սխեմատիկ, անկենդան, կեղծ վեհությամբ երկերի ստեղծմանը։