From Wikipedia, the free encyclopedia
Նեյտրոֆիլները հատիկավոր լեյկոցիտներ են, կազմում են լեյկոցիտների ընդհանուր քանակի 50-70%-ը, ունեն 13-15 մկմ տրամագիծ։ Էոզինոֆիլների և բազոֆիլների հետ միասին պատկանում են բջիջների պոլիմորֆոնուկլեար խմբին[2][3][4]։ Բնականոն պայմաններում նրանց միայն մի մասն է շրջանառում, իսկ մնացածն անոթներում զբաղեցնում է առպատային դիրք, կպչում մազանոթների էնդոթելին ու չի մասնակցում արյան հոսքին։ Արյան հունում նեյտրոֆիլները գտնվում են 8-12 ժամ, ապա գաղթում են հյուսվածքներ ու տեղակայվում թոքերում, լյարդում, փայծաղում, երիկամներում, ստամոքս-աղիքային ուղիում, որտեղ և քայքայվում են։
Նեյտրոֆիլային գրանուլոցիտներ | |
---|---|
Տեսակ | բջջի տեսակ |
Ենթադաս | Գրանուլոցիտներ[1] |
Մասն է | innate immune response? |
MeSH | A11.118.637.415.583, A11.627.340.583, A11.733.689, A15.145.229.637.415.583, A15.382.490.315.583 և A15.382.680.689 |
Foundational Model of Anatomy | 62860 |
Terminologia Histologica | H2.00.04.1.02012 |
Neutrophils Վիքիպահեստում |
Ըստ հասունացման աստիճանի առողջ արյան մեջ հանդիպում են մետամիելոցիտներ, կամ երիտասարդ ձևեր (0-1%), ցուպիկակորիզավորներ ( 1-5%) և սեգմենտակորիզավորներ (45-65 %), իսկ հիվանդագին դեպքերում նաև միելոցիտներ։
Արյան մեջ շրջանառում են նեյտրոֆիլների ընդամենը 1 %-ը, իսկ մնացածը գտնվում են օրգաններում և հյուսվածքներում։ Նեյտրոֆիլների ցիտոպլազմայում գոյություն ունեն երեք տիպի նեյտրոֆիլ հատիկներ։ Առաջին խմբի հատիկները ֆունկցիոնալ իմաստով լիզոսոմներ են, որոնք պարունակում են բակտերիաների թաղանթները քայքայող, միկրոօրգանիզմների շնչառության և բնականոն ընթացքը խանգարող բազմաթիվ ֆերմենտներ (պրոտեազներ, հիդրոլազներ և այլն)։ Այս ֆերմենտների ներգործությամբ է իրականանում ֆագոցիտոզի ենթարկված մարմինների ներբջջային մարսողությունը։ Երկրորդ տիպի հատիկները նույնպես պարունակում են լիզոցիմ, վիտամին B12-ի փոխադրիչներ, իսկ երրորդ տիպինը՝ թթու գլիկոզամինագլիկաններ, որոնք հյուսվածքներում մասնակցում են բազմացման, աճի և վերականգնման գործընթացների կարգավորմանը։ Երկրորդ և երրորդ տիպի հատիկները սեկրետոր օրգանոիդ են և գործում են ֆագոզիտոզից անկախ, որով էլ նեյտրոֆիլները դասվում են կենսաբանական ակտիվ նյութեր արտադրող բջիջների շարքը։
Նեյտրոֆիլներն օժտված լինելով ֆագոցիտոզի հատկությամբ՝ կլանում են բակտերիաներ և հյուսվածքների քայքայման արգասիքներ։ Բորբոքված, վնասված, կամ վարակի ենթարկված հյուսվածքներում արտադրվում են քեմոտաքսիկ և անոթալայնիչ նյութեր, որոնք որոշում են նեյտրոֆիլների գաղթի ուղղությունը։ Այդ նյութերը մեծացնում են նաև մազանոթների անդրբջջային թափանցելիությունը և, առանց մազանոթի պատը վնասելու, նեյտրոֆիլներն իրենց կեղծ ոտիկներով շարժվում են դեպի ախտահարված հյուսվածքներ։ Դրանք համարվում են լեյկոցիտների ավանգարդը, որովհետև առաջինն են հասնում բորբոքային օջախ։ Նրանց շարժման արագությունը հասնում է 40 մկմ/րոպե։ Մեկ նեյտրոֆիլը կլանում է 25-30 բակտերիա, որի համար կոչվում է միկրոֆագ։ Նեյտրոֆիլների մանրէասպան հատկությունը պայմանավորված է ոչ միայն լիզոսոմների ֆերմենտների ներգործությամբ, այլև նրանց նյութափոխանակային բռնկումով։ Այս երևույթն սկսվում է մանրէի և նեյտրոֆիլի թաղանթների հպումից 30-60 վրկ հետո։ Մեծանում է նեյտրոֆիլի թթվածնի յուրացման աստիճանը, առաջանում են թթվածնի իոններ, ջրածնի գերօքսիդ և այլ ակտիվ նյութեր, որոնք մասնակցում են մանրէների թաղանթների քայքայմանը։ Նեյտրոֆիլների կողմից արտադրված ինտերֆերոնը ոչնչացնում է վիրուսներին։ Որոշ դեպքերում բակտերիաների թույներից ոչնչանում են իրենք՝ նեյտրոֆիլները[5] and some cancers[6][7],։
Նեյտրոֆիլների քանակի ավելացումը կոչվում է նեյտրոֆիլոզ։ Հիվանդագին դեպքերում (թարախային բորբոքումներ, տարափոխիկ հիվանդություններ) այն ունի ռեակտիվ բնույթ և զարգանում է նեյտրոֆիլների երիտասարդ ձևերի հաշվին։ Նեյտրոֆիլների այս ռեակցիան կոչվում է ձախ թեքումով նեյտրոֆիլոզ։ Ձախ է կոչվում, որովհետև լեյկոցիտային բանաձևի աղյուսակում երիտասարդ նեյտրոֆիլները նշված են նրա ձախ կողմում, իսկ հասուն և ծերացած սեգմենտակորիզավորների հաշվին զարգացող նեյտրոֆիլոզը կոչվում է աջ թեքումով։ Նեյտրոֆիլոզի ձախ թեքման չափը որոշում են ռեգեներացիայի ցուցանիշի օգնությամբ։ Դա երիտասարդ ձևերի (միելոցիտ, մետամիելոցիտ և ցուպիկակորիզ) գումարի և սեգնետակորիզավորների քանակի հարաբերությունն է։ Առողջ օրգանիզմում այն հավասար է 0, 05-0, 1 –ի, իսկ ծանր ինֆեկցիաների և բորբոքումների ժամանակ հասնում է 1-2-ի։ Երիտասարդ նեյտրոֆիլների առկայությունը մի կողմից վկայում է հիվանդության ընթացքի ծանրության, իսկ մյուս կողմից՝ օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների հուսալիության մասին։ Հակառակ դեպքում, երբ նեյտրոֆիլոզը բացակայում է, կամ նրանց ֆունկցիոնալ ունակություններն անբավարար են, հիվանդությունը կարող է անցանկալի ելք ունենալ։
Առողջ մարդու արյան մեջ կարող են հանդիպել երիտասարդ նեյտրոֆիլներ, որոնք ունեն խոշոր լոբաձև կորիզ և ձողիկակորիզավորներ, որոնց կորիզը բաժանված չէ առանձին հատվածների։ Հասուն կամ հատվածակորիզավոր նեյտրոֆիլների կորիզը բաժանված է 2-3 հատվածների։ Որքան կորիզում հատվածները շատ են, այնքան բջիջը ծեր է։ Երիտասարդ նեյտրոֆիլների հարաբերությունը հասուններին անվանում են նեյտրոֆիլային ցուցիչ, որը հավասար է 0.065-ի։
Նեյտրոֆիլներն օրգանիզմի ոչ մենահատուկ պաշտպանական համակարգի կարևոր տարրերն են, սինթեզում են հումորալ գործոններ՝ կոմպլեմենտ, լիզոցիմ, ինտերֆերոն, լակտոֆերին։ Իրականացնելով քայքայման արգասիքների և մանրէների ֆագոցիտոզ՝ նեյտրոֆիլները մահանում են, իսկ անջատված լիզոսոմային ֆերմենտները քայքայում են շրջակա հյուսվածքները՝ նպաստելով թարախակույտի առաջացմանը։ Նեյտրոֆիլների քանակը շատանում է վարակների և սուր բորբոքային հիվանդությունների ժամանակ։ Նեյտրոֆիլները մասնակցում են նաև արյունականգին, ակտիվացնում մակարդման հպման փուլը։ Նեյտրոֆիլներում սինթեզվող նյութերի ազդեցությամբ ուժեղանում է բջիջների միտոզային ակտիվությունը, խթանվում է արյունաստեղծումը և ֆիբրինալուծումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.