From Wikipedia, the free encyclopedia
Մենաշնորհ (մոնոպոլիա հունարեն μόνος «միայնակ» + πωλέω «վաճառում եմ» բառերից )-կազմակերպություն, որը վերահսկում է շուկայում գինը և առաջարկի ծավալը[1] և որպես արդյունք կարող է մաքսիմիզացնել շահույթը[2]՝ ընտրելով առաջարկի ծավալը և գինը, կամ էլ ունի բացառիկ իրավունք՝ կապված հեղինակային իրավունքի, պատենտավորման, ապրանքանիշի կամ էլ պետության կողմից ստեղծված արհեստական մենաշնորհի հետ։
Շուկայում գերակա դիրք զբաղեցնելու արդյունքում երկարաժամկետ հատվածում ունեցած շահույթը կարող է գերազանցել դեմպինգի կամ շուկան գրավելու մեկ այլ ռազմավարության որդեգրումից առաջացած կորուստները[3][4]։ Ինչ-որ բարիքի ողջ շուկան գրավելու դեպքում, այդպիսի մենաշնորհ ունեցող ընկերության թողարկումը կլինի ողջ ոլորտի թողարկման ծավալը, իսկ ընկերության առաջարկը՝ ողջ ոլորտի առաջարկը։ Շատ երկրներում ընդունված են օրենքներ, որ հակամենաշնորհային են և խրախուսում են մրցակցությունը, ինչի համար ստեղծված են հակամենաշնորհային ծառայություններ։
Մենաշնորհի դեպքում կազմակերպությունը գործում է առանց նշանակալի մրցակիցների (թողարկում արտադրանքներ կամ առաջարկում ծառայություններ, որոնք չունեն փոխարինողներ) առկայության պայմաններում։ Մենաշնորհի դեպքում շուկայում գործում է մեկ վաճառող. դա կարող է լինել ինչպես պետական մենաշնորհ, այնպես էլ մանսավոր մենաշնորհ՝ կարգավորվող կամ չկարգավորվող։
Մենաշնորհը, գերիշխելով տնտեսության որոշակի ճյուղերում և կենտրոնացնելով արտադրվող ապրանքների զգալի մասը, շուկայում սահմանում է բարձր գին, որը զգալիորեն գերազանցում է արտադրության համար աշխատանքային և նյութական նորմալ ծախսումները։ Մենաշնորհը ձգտում է սահմանափակել ապրանքների թողարկումը և առաջարկում ապրանքների պակասորդ, այնքան որ պահանջարկը գերազանցի առաջարկին։ Այս դեպքում մենաշնորհի եկամուտը կազմում է ապրանքի արժեքի և արհեստականորեն բարձրացված գնի միջև տարբերությունը։ Այսպես, մենաշնորհի եկամտին է միանում գնորդների նորմալ եկամտի մի մասը։
Մենաշնորհային շուկայում պահանջարկի օրենքը չի գործում։ Մրցակցային մակարդակը գերազանցող մոնոպոլ գներն ու շահույթը ուղղակի հակասում են սպառողների շահերին։ Այն իջեցնում է բնակչության կենսամակարդակը, քանի որ սպառողը ստիպված վճարում է բարձր գին, կրճատելով իր մյուս ծախսերը, իջեցնում է ապրանքների գները։ Այն նվազեցնում է արտադրության տնտեսական արդյունավետությունը, քանի որ մոնոպոլիաները չեն հոգում ծախսերի տնտեսման մասին և դրանց դիմաց վճարում են սպառողները։ Մոնոպոլ գինը շուկայական գնի հատուկ տեսակ է, որը սահմանվում է հավասարակշռված գնից բարձր կամ ցածր մակարդակի վրա՝ նպատակ ունենալով ստանալ մոնոպոլ շահույթ։ Գնորդը նույնպես կարող է ունենալ միակը լինելու իշխանություն, այն անվանում են մոնոպսոնիա։
Մենաշնորհային ընկերությունը իրենց շահույթը մաքսիմիզացնելու համար սահմանում է իր համար արտադրության ծավալ։ Դրա համար անում է նույնը, ինչ բացարձակ մրցակցության պայմաններում, այսինքն՝ համադրում է ընդհանուր ծախքերը և եկամուտները (TR և TC) և սահմանային ծախքերն ու եկամուտները (MR և MC)։ Միևնույն ժամանակ, երկրորդ մեթոդին դիմելն ունի իր առանձնահատկությունները․ ի տարբերություն բացարձակ մրցակցության՝ մենաշնորհային ընկերության արտադրանքի պահանջարկի դինամիկան համընկնում է ոլորտի արտադրանքի պահանջարկի դինամիկայի հետ։ Այն պատճառով, որ ֆիրման ապրանքատեսակի տարբեր քանակություններ կվաճառի տարբեր գներով, ապա սահմանային եկամուտը հաստատուն մեծություն չի կարող լինել։ Վաճառքի ծավալների աճին զուգընթաց այն կնվազի։ Պահանջարկի դինամիկայի՝ շարժի իմացությունը թույլ է տալիս իմանալ MR-ի փոփոխության դինամիկան։
Մենաշնորհացման գործոնները հաշվի առնելով՝ հիմնականում մենաշնորհը պաշտպանված է մրցակցությունից, և երկարաժամկետ հատվածում նրա վարքը շատ չի տարբերվում կարճաժամկետինից։ Մինչդեռ բնական և բաց մենաշնորհի դեպքում կարող են առաջանալ իրավիճակներ, որոնք հանգեցնում են ընկերության վարքի փոփոխության։ Բնական մոնոպոլիաների յուրահատկությունն է բարձր միջին ծախքերը՝ AC։ Բաց մենաշնորհների դեպքում կա վտանգ, որ շուկա կգան նոր ընկերություններ, որպեսզի դա տեղի չունենա, առաջինը շուկա մտած ընկերությունը ստեղծում է բնական մենաշնորհներին բնորոշ պայմաններ՝ սահմանելով օպտիմալից ցածր գին։
Ստանդարտ մոդելի համաձայն, մենաշնորհային ընկերությունը փորձելով մաքսիմիզացնել իր եկամուտը,փորձում է բարձրացնել իր ապրանքատեսակի գինը միաժամանակ թողնելով թողարկման ծավալը շահույթի մաքսիմիզացման մակարդակի (P>MR=MC), ինչը հանգեցնում է ծախսերի նկատմամբ ռեսուրսների բաշխման անարդյունավետության․ երբ արտադրված է էականորեն քիչ, քան հարկավոր է շուկայի հավասարակշռության համար, եթե շուկան լիներ լրիվ մրցակցային, այսինքն՝ ստեղծվում է նաև արհեստական պակասորդ՝ դեֆիցիտ։ Հաճախ պնդում են, որ ժամանակին համըթնաց մենաշնորհները դառնում են պակաս արդյունավետ և պակաս ինովացիոն՝ նորարար՝ դառնալով <<ինքնագոհ>>, քանի որ նրանց պարտադիր չէ լինեն էֆեկտիվ և նորարար շուկայում մրցակցելու համար։ Մենաշնորհների արդյունավետության օրինակ են բնական մենաշնորհները։
Յուրաքանչյուր երկրում ստեղծվում են տարբեր կառույցներ՝ մենաշնորհները վերահսկելու համար, որոնց նպատակն է շուկայում մրցակցություն ապահովելը, գների նկատամամբ վերահսկողո ւթյուն սահմանելը, այլ ընկերությունների կախվածությունը մենաշնորհայինից կանխարգելելը։ Մենաշնորհների կարգավորման և վերահսկողության համար սահմանվում է օրենսդրություն, որն էլ որոշում է մենաշնորհների գործունեության կանոնները շուկայում։ Մյուսների համեմատ ամենադժվարը բնական մենաշնորհները կարգավորող օրենսդրությունն է․ երբ առաջանում է նրանց գործունեության տնտեսական հիմնավորման, գների կամ եկամտաբերության օրենսդրական սահմանման հարցերը։ Նաև իրականացվում է վերահսկողություն սեփականության իրավունքի նկատմամբ․ պարզաբանվում են շահառուները և այն անձանց ցանկը, ովքեր կարող են որոշումներ կայացնել մենաշնորհային ընկերությունում։ Մենաշնորհները կառավարելու ավելի արդյունավետ միջոց է դրանք ազգայնացնելը․ այդ դեպքում լինում են խնդիրներ մենաշնորհային գործունեության տեղեկատվության սահմանափակումների կամ արտահոսքի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.