Միջաստղային կլանում երկնային մարմինների ճառագայթման թուլացում միջաստղային տարածության մեջ։ Պայմանավորված է, հիմնականում, կլանման, դիֆրակցիայի և ցրման երևույթներով։ Հայտնագործել է ամերիկացի աստղագետ Տրյումպլերը (1930)։ Միջաստղային կլանման մեծությունը տարբեր ուղղություններով խիստ տարբեր է (տիեզերական փոշու անհավասարաչափ բաշխման հետևանքով), աճում է դեպի Գալակտիկայի հարթությունը և հասնում մի քանի աստղային մեծության՝ 1 կպս հեռավորության վրա։ Միջաստղային կլանման հետևանքով հեռավոր աստղերի լույսն այնքան է թուլանում, որ դրանք հաճախ, հատկապես Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ, նույնիսկ խոշորագույն աստղադիտակներով չեն դիտվում։ Միջաստղային կլանման չափը կախված է ալիքի երկարությունից և աճում է դեպի սպեկտրի կարճալիքային մասը (այդ պատճառով հեռավոր աստղերի լույսը դիտվում է բնականից ավելի կարմիր)։ Այդ կախումը որոշվում է կլանման օրենքով, որը ցույց է տալիս, որ միջաստղային կլանման ազդեցությունը զգալի է նաև սպեկտրի օպտիկական տիրույթից դուրս։ Միջաստղային կլանման ուսումնասիրությունը կարևոր է երկնային մարմինների ճշգրիտ հեռավորությունների որոշման, կլանումն առաջ բերող միջաստղային նյութի հատկությունների հետազոտման համար։ Միջաստղային կլանման պատճառը միջաստղային փոշենյութն է, որը կազմված է շուրջ 10−5 սմ տրամագծով հատիկներից։ Այն գալակտիկայում բաշխված է առանձին կլանող ամպերի ձևով, որոնք կենտրոնանում են գալակտիկայի սիմետրիայի հարթության շուրջը (տես Միջաստղային միջավայր)։ Միջաստղային կլանում առաջացնող ամպաձև կառուցվածքի վերաբերյալ պատկերացումը մշակել են Վ․ Հ․ Համբարձումյանը և Շ․ Գ․ Գորդելաձեն (1937)։ Լույսի կլանման փոքր ունակություն ունենալու հետևանքով կլանող ամպերը, մեծ մասամբ, անմիջականորեն չեն դիտվում։ Դրանց վիճակագրական ուսումնասիրության նպատակով Վ․ Հ․ Համբարձումյանը մշակել է երկնակամարի տարբեր տիրույթներում աստղերի ու գալակտիկաների խտության, ինչպես նաև Ծիր կաթնի պայծառության բաշխման միջաստղային կլանմամբ պայմանավորված ֆլուկտուացիաների տեսությունը։ Այն հնարավորություն տվեց ֆլուկտուացիաների միջոցով որոշել միջաստղային կլանման միջավայրը կազմող մութ միգամածությունների միջին հատկությունները (չափեր, կլանման ունակություն, տարածական խտություն և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 583)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.