Մեղքի հույզ
From Wikipedia, the free encyclopedia
Մեղքի հույզը դիֆերենցիալ հույզերի տեսության մեջ դիտարկվում է որպես բազային հույզերից մեկը, որը այլ բազային հույզերի նման անցել է էվոլյուցիոն-բիոլոգիական զարգացման երկար ճանապարհ։ Մեղքի հույզին, ինչպես վախին, հատուկ են որոշակի ներքին ակտիվացնող կամ բնական գործոններ, որոնք կապված են անբարենպաստ սոցիալ-մշակութային պայմանների հետ։ Բացի այդ, յուրաքանչյուր մշակույթ և յուրաքանչյուր սոցիալական ինստիտուտ՝ ընտանիք, եկեղեցի և այլն, որոնց հիմքում ընկած են էթիկական և բարոյական սկզբունքներ, ստեղծում են մեղքի որոշակի պայմանական ազդանշաններ, սահմանում են վարքի որոշակի ստանդարտներ և փորձում են դրանք դաստիարակել մեծացող սերնդին։ Ձևավորված բարոյական և էթիկական սկզբունքները կազմում են խղճի կոգնիտիվ բաղադրիչը։ Հասուն խիղճը և նրա հետ կապված հույզերը ձևավորում են նրա աֆեկտիվ-կոգնիտիվ կառուցվածքը, որը գնահատում է մարդու յուրաքանչյուր քայլը, բարոյական սկզբունքներին նրանց համապատասխանությունը։ Ավելի շուտ մեղքի, քան վախի ապրումն է ազդում խղճի վրա։ Վերջինիս օգտին կա մի փաստարկ, որը կայանում է հետևյալում. մեղքի ապրումը մարդու ուշադրությունը կենտրոնացնում է մեղքի աղբյուրի վրա, այն մարդուն բաց չի թողնի մինչև զղջումը կամ էլ արարքի արդարացումը, իսկ վախի ապրումը, ընդհակառակը, ստիպում է փախչել վախի աղբյուրից և պահում է նրանից անվտանգ հեռավորության վրա։ Վախի կողմից թելադրված կոնֆորմիզմը և մեղքի զգացմամբ պայմանավորված պատասխանատվությունը միմյանցից բաժանող սահմանների հավասարակշռության պահպանման ունակությունը կարելի է դիտարկել որպես հասուն խղճի և բարոյական վարքի ապացույց։ Պատասխանատվության զգացումը հանդիսանում է խղճի կառուցվածքի կորիզը, այն ուղղված է մեղքի գիտակցմանը և միևնույն ժամանակ այն նպաստում է վարքի այնպիսի ոճի ընտրությանը, որը կնվազեցնի մեղքի ինտենսիվ ապրման հավանականությունը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/0/07/Caught_red-handed.jpg)