Մարդպետունիներ
From Wikipedia, the free encyclopedia
Մարդպետունիներ, նախարարական տոհմ Արշակունյաց Հայաստանում։ Արքունիքում ժառանգաբար վարել են մարդպետության գործակալությունը։ Մարդպետունիների իրավասությանը ենթակա էին Հայոց թագավորի կանանոցի և արքունիքի վերակացությունը, արքունի ամրությունների, բերդերի, գանձերի, կալվածների, հանդերձարանի պահպանությունն ու հսկողությունը։ Հիշվում են «Հայր», «Հայր թագավորի», իրենց պաշտոնը՝ «Հայրություն» անուններով։ Համալրել են նաև արքունի պահակազորը։ Վարել են կենտրոնախույս նախարարությունների թուլացման, հնազանդեցման, արքունի կալվածների ընդարձակման քաղաքականություն, պայքարել կաթողիկոսի իշխանության, եկեղեցական աճող հողատիրության դեմ։ Սատարելով Արշակունիներին՝ Մարդպետունիները ձգտել են ընդլայնել իրենց տիրությունը և քաղաքական ազդեցությունը։ Մարդպետունիների տիրույթները հիմնականում եղել են Մարդաստան, և, ըստ երևութին, նաև Մարդաղի գավառները։ Տոհմը ունեցել է իր եպիսկոպոսը։ Նախարարությունների ներքին պառակտումները, ինչպես նաև հայ Արշակունիների անկումը պայմանավորել են Մարդպետունիների թուլացումը և նրանց վարած գործակալության վերացումը (Vդ. սկիզբ)։ Մարդպետունիները այնուհետև ենթարկվել են Արծրունիներին՝ թերևս դառնալով նրանց երկրորդական ճյուղերից մեկը։ Արծրունիները, տիրելով Մարդպետունիների կալվածները, յուրացրին նաև նրանց տիտղոսը։