Հույների ցեղասպանություն
From Wikipedia, the free encyclopedia
Հույների ցեղասպանություն, 1914-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում հույն ազգաբնակչության էթնիկական զտումներն են իրենց պատմական հայրենիքի՝ Անատոլիայի կամ Փոքր Ասիայի տարածքում՝ Առաջին համաշխարհային պատերազմի և դրան անմիջապես հաջորդած տարիներին (1914—1923)[1]. Որպես Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության առանձին դրվագ առանձնացնում են Պոնտոսի հույների ցեղասպանությունը։
Ինչպես և Հայոց ցեղասպանության պարագայում, հույների ցեղասպանությունը նախաձեռնված էր Օսմանյան կայսրության կառավարության և թուրքական իշխող վերնախավի կողմից։ Հակահույն արյունալի բռնությունները, կոտորածներն ու ցեղասպանական մյուս գործողություններն ուղղված էին Օսմանյան կայսրության հույն ազգաբնակչության դեմ և իրենց մեջ ներառում էին հույների եղեռնը, բռնի տարհանումը՝ դեպորտացիան, որի մասն էին կազմում մահվան երթերը, խմբային աքսորումները, բռնապետական պատիժները, ինչպես նաև հույն ուղղափառ մշակութային, պատմական և կրոնական հուշարձանների ավերումը։ Պարզ երևում է, որ Օսմանյան կայսրության կառավարող վերնախավը և նրա հլու հնազանդ պետական ապարատը գործում էր նույն արյունոտ ու վայրագ ոճով, ինչ հայերի պարագայում։ Զանազան աղբյոյրների տվյալների համաձայն՝ Օսմանյան կայսրության մի քանի հարյուր հազար հույն բնակիչներ զոհվեցին այդ ժամանակաշրջանում[2]: Փախստականների և տուժածների մեծ մասը մազապուրծ ապաստանում էին Հունաստանում (ընդհանուր թվով Փոքր Ասիայից մազապուրծ փախուստի դիմած այդ գաղթականները կազմեցին մինչև ցեղասպանության սկիզբը Հունաստանի ունեցած բնակչության մեկ քառորդից ավելին)[3]։ Ցեղասպանության արդյունքում մազապուրծ փախած և փրկված հույների որոշ մասը, հատկապես Օսմանյան կայսրության արևելյան նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի տարածքներում բնակվող հույները, ապաստան գտան Ռուսական կայսրությանը պատկանող Արևելյան Հայաստանի, Վրաստանի, Հարավային Կովկասի, Հյուսիսային Կովկասի և այլ երկրամասերի տարածքներում։ Այսպիսով, 1919—1922 թվականների Հույն-թուրքական պատերազմի վերջերին Փոքր Ասիայի հույների մեծ մասը կամ ստիպված փախել էին իրենց հայրենի տարածքներից կամ սպանվել էին[4]։ Փոքրաթիվ փրկվածները, որոնք մնացել էին Օսմանյան կայսրության նախկին սահմաններում՝ թուրքերի տիրապետության ներքո՝ Հունաստանին հանձնվեցին Ազգաբնակչության փոխանակման հույն-թուրքական պայմանագրի պայմանների համաձայն՝ 1923 թվականին։ Այդ պայմանագիրը պաշտոնականցրեց հույների հեռացումը և անհնարին դարձրեց գաղթականների վերադարձը։ Օսմանյան կայսրության մյուս բնակչության մասը կազմող ազգային խմբերը ևս ցեղասպանության ենթարկվեցին այդ ժամանակաշրջանում, այդ թվում առավել ահավոր էր իր պատմական հայրենիքում զանգվածային բնաջնջման, բռնի իսլամացման ու թրքացման ենթարկված, իր պատմական հայրենիքից զրկված հայերի ցեղասպանությունը, ինչպես նաև նրանց հասակակից հին ազգերից ևս մեկի՝ ասորիների ցեղասպանությունը, որոնք բոլորը միասին որոշ գիտնականների ու միջազգային կազմակերպությունների կողմից համարվում են ցեղասպանության միևնույն քաղաքականության իրադարձություններ[5][6][7][8][9][10][11][12]:
Հույների ցեղասպանության զոհերի թվաքանակը տարբեր գնահատականներով կազմում է 350 հազ-ից մինչև 1,2 մլն մարդ[13][14][15][16][17][18][19]։
Անտանտի պետությունները, հատկապես Անգլիան և Ֆրանսիան դատապարտել են Օսմանյան կայսրության կառավարության կողմից սկսված եղեռնը որպես Հանցագործություն մարդկության հանդեպ։ 2007 թվականին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (Ցեղասպանության հետազոտողների միջազգային ընկերակցությունը` en:International Association of Genocide Scholars) բանաձև է ընդունել՝ Օսմանյան կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի, հույների, ասորիների դեմ ռազմարշավի մասին, համարելով դա որպես ցեղասպանություն[20]։ Որոշ այլ կազմակերպություններ նույնպես բանաձևեր են ընդունել՝ այդ ռազմարշավը համարելով որպես ցեղասպանություն։ Մասնավորապես նման բանաձևեր են ընդունել Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի, Նիդերլանդների, Շվեդիայի և Ավստրիայի խորհրդարանները։