Հեղինակային իրավունք
From Wikipedia, the free encyclopedia
Հեղինակային իրավունքը կարգավորում է ստեղծագործությունների ստեղծման և օգտագործման կապակցությամբ առաջացող հարաբերությունները։ Այն մարդու հետ անխզելիորեն կապված իրավունքներից մեկն է, որի պաշտպանությունը ամրագրված է մի շարք ներպետական և միջազգային ակտերով։ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»-ը, ամրագրելով մարդկանց ի ծնե պատկանող իրավունքները, սահմանում է յուրաքանչյուրի՝ մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, գիտական առաջընթացին մասնակցելու և դրա բարիքներից օգտվելու, իր հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունքները[1]։
Օրենսդրության մեջ հեղինակային իրավունքը ընդգրկված է մտավոր սեփականությանն ինստիտուտի մեջ։ Հեղինակային իրավունքը ծագում է մարդու մտավոր գործունեության արդյունքում ստեղծագործության ստեղծման փաստով։ Ստեղծագործությունը համարվում է ստեղծված, եթե այն արտահայտված է ընկալելու հնարավորություն թույլատրող որևէ օբյեկտիվ ձևով։ Այն տարածվում է ինչպես արդեն իսկ հրապարակված, այնպես էլ դեռևս չհրապարակված ստեղծագործությունների վրա։ Ընդ որում, հեղինակային իրավունքները պաշտպանվում են անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից[2]։ Այսինքն՝ կարևոր չէ, որ այն ավարտուն տեսք ունենա։ Հեղինակային իրավունքների ծագման համար որևէ նշանակություն չունի ստեղծագործության ձևը․ այն կարող է լինել գրավոր, բանավոր կամ արտահայտվել որևէ այլ ընկալելու հնարավորություն թույլ տվող օբյեկտիվ ձևով։ Հեղինակային իրավունքը ծագում է առանց որևէ գրանցման կամ այլ գործողության[3]։ Իրավական համակարգերի մեծ մասը ճանաչում է հեղինակային իրավունքի սահմանափակումները՝ թույլատրելով դրանց ազատ օգտագործումը։