![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0f/Coat_of_arms_of_Armenia.svg/langhy-640px-Coat_of_arms_of_Armenia.svg.png&w=640&q=50)
Հայաստանի զինանշան
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թվականի ապրիլի 19-ին։ Վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թվականներ) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։
![]() | |
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Հայաստան |
Հաստատված | ապրիլի 19, 1992 |
Վահան | Արարատ![]() ![]() ![]() ![]() |
Վահանաբռնիչներ | Առյուծ և արծիվ |
Հիմք | Հացահատիկ, փետուր, շղթա, սուր, ժապավեն |
Այլ տարրեր | Պատկերված է Արարատ լեռը Նոյի տապանով |
Վաղ տարբերակներ | 1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Օգտագործում | Տարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա |
Զինանշանի հեղինակ | Ալեքսանդր Թամանյան |
Նկարիչ | Հակոբ Կոջոյան |
2005 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը[1]։
Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։