Կլիմաքս (էկոլոգիա)
From Wikipedia, the free encyclopedia
Կլիմաքս, էկոլոգիայում և գեոբոտանիկայում էկոհամակարգերի վերջնական, հարաբերական կայուն վիճակն է, որն առաջանում է հերթափոխության կամ սուկցեսիայի արդյունքում և որը զգալի չափով համապատասխանում է տվյալ միջավայրի էկոլոգիական պայմաններին։ Կլիմաքսը կախված է կլիմայական գործոններից, հողերի առանձնահատկություններից և մարդու բնության վրա ազդեցությունից։ Կլիմաքսային համակեցությունը տեսականորեն կարող է պահպանել իր գոյությունը անորոշ ժամանակահատվածում, նրա ներքին բոլոր բաղկացուցիչները հավասարակշռված են միմյանց հետ և այն հավասարակշռության մեջ է գտնվում ֆիզիկական միջավայրի հետ։ Դաշտային միջավայրում չափազանց բարդ է առանձնացնել կայուն կլիմաքսային համակեցություն։ Սովորաբար կարելի է միայն նկատել, որ սուկցեսիայի արագությունը նվազում է մինչև որոշակի մակարդակ, որից հետո որևէ այլ փոփոխություն տեղի չի ունենում։ Տարբեր համակեցություններում կլիմաքսային փուլին հասնելու ժամանակահատվածը տարբեր է։ Հաճախ կայունության հասնելու համար անհրաժեշտ է 100-300 տարի, սակայն տարերային աղետների առաջացման հավանականությունը այնքան բարձր է, որ սուկցեսիան կարող է երբեք չավարտվել։ Եթե հաշվի առնենք, որ հյուսիսային բարեխառն գոտու անտառային համակեցությունների, ինչպես նաև արևադարձային գոտիների վերականգնումը վերջին սառցե դարաշրջանից հետո մինչև հիմա շարունակվում է, ապա հարց է առաջանում արդյոք կլիմաքսային բուսականությունը տեսություն չէ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլիմաքս (այլ կիրառումներ)