From Wikipedia, the free encyclopedia
Կամերային երաժշտություն (ուշ լատիներեն` camera - սենյակ), երաժշտական արվեստի տարատեսակ, գործիքային կամ վոկալ ստեղծագործություն՝ գրված կատարողների ոչ մեծ կազմի համար (մենակատար, դուետ, տրիո, կվարտետ, կամերային անսամբլ և այլն)։
Նախապես սահմանված էր ունկնդիրների նեղ շրջանի համար (կատարվում էր սենյակում, այստեղից էլ՝ անունը)։ Մինչև XVI դ. վերջը վերաբերում էր միայն վոկալ ժանրերին, սկսած XVII դարից՝ նաև գործիքային երաժշտությանը։ XVI—XVIII դդ. «Կամերային երաժշտություն» տերմինը օգտագործվում էր վոկալ աշխարհիկ երաժշտության առնչությամբ՝ եկեղեցականից առանձնացնելու համար։ Կամերային երաժշտության ձևավորմանը նպաստել է նրա սերտ կապը կենցաղային պարային երաժշտությանը և ժողովրդական երաժշտական ստեղծագործությանը։ Կամերային գործիքային անսամբլների դասական ձևերը (սոնատ, տրիո, կվարտետ, կվինտետ և այլն) երևան են եկել ու բարձր զարգացման հասել Յո. Հայդնի, Վ. Մոցարտի, Լ. Բեթհովենի ստեղծագործություններում։ Ռոմանտիկ կոմպոզիտորներին (Ֆ. Շուբերտ, Ֆ. Մենդելսոն, Ռ. Շուման) հատկանշական են դաշնամուրային մանրանվագները, պիեսների շարքը, նոր գեղարվեստական արտահայտչամիջոցներով օժտված երգի ժանրը, նաև գործիքային ու վոկալ անսամբլները։ Դաշնամուրի համար կամերային երաժշտության ընտիր երկեր են ստեղծել Ֆ. Շոպենը, Ֆ. Լիստը։ Վոկալ և գործիքային կամերային երաժշտության զարգացման ասպարեզում նշանակալից ներդրում ունեն ռուս կոմպոզիտորներ Մ. Գլինկան, Ա. Դարգոմիժսկին, Ա. Բորոդինը, Պ. Չայկովսկին, Մ. Մուսորգսկին, Ն. Ռիմսկի-Կորսակովը, Ս. Տանեևը, Ս. Ռախմանինովը։ Բարձրարժեք նմուշներ են ստեղծել Յո. Բրամսը, է. Գրիգը, Ա. Դվորժակը, Կ. Դեբյուսին, Մ. Ռավելը, Ա. Շյոնբերգը, Ա. Բերգը, Ա. Վեբեռնը և ուրիշներ։ Կամերային երաժշտությանը բնորոշ է արտահայտչամիջոցների նուրբ մանրամասնումը, այն տիրապետում է քնարական հույզեր, հոգեկան վիճակների նրբին փոփոխություններ հաղորդելու մեծ հնարավորությունների։ Գեղարվեստական բարձր արժեքով առանձնանում են Ս. Ս. Պրոկոֆևի, Դ. Դ. Շոստակովիչի կամերային երկերը։
Հայաստանում դաշնամուրի և լարային գործիքների համար երկեր են ստեղծվել դեռևս նախասովետական շրջանում։ Կամերային երաժշտության ձևավորման համար մեծ ավանդ ներդրեցին Կոմիտասը, Ա. Սպենդիարյանը, Ն. Տիգրանյանը։ 1920-ական թթ. սկսած երևան եկան կամերային երաժշտության բոլոր ժանրերը։ Վոկալ երաժշտության զարգացմանը առանձնապես նպաստեցին Ռ. Մելիքյանի, Հ. Ստեփանյանի, Կ. Զաքարյանի ստեղծագործությունները։ Նշանավոր են Ա. Խաչատրյանի դաշնամուրային և ջութակի պիեսները։ Տարբեր շրջաններում տարբեր գործիքների համար մանրանվագներ են գրել Ս. Բարխուդարյանը, Գ. Եղիազարյանը, Ա. Բաբաջանյանը, Ա. Հարությունյանը, է. Աբրահամյանը, է. Բաղդասարյանը, Գ. Չեբոտարյանը և ուրիշներ։ Հայկական գործիքային կամերային երաժշտության առավել հարուստ բնագավառներն են սոնատը և կվարտետը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 202)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.