Կաղապար (լեզվաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Կաղապար, գործառվում է կառուցվածքային լեզվաբանության մեջ նրա առանձին դրսևորումները (հնչյունաբանական, քերականական, բառապաշարային համակարգերը) ուսումնասիրելիս՝ լեզվաբանական հասկացությունների և դրանց միջև եղած կարգերի ճշգրտման համար, որն օգնում է լեզվական իրակությունների պարզեցմանը (կաղապար են անվանում նաև այդ կառուցվածքները )։ Ըստ գործառության ոլորտի կաղապարները լինում են՝
- հնչյունաբանական
- ձևաբանական
- իմաստաբանական։
Կաղապարի կառուցման համար օգտագործվում են մաթեմատիկական լեզվաբանության, միջոցներն ու մեթոդները։
Յուրաքանչյուր կաղապար արձանագրում է՝
- այն օբյեկտները, որոնք համապատասխանում են դիտարկման անմիջական տվյալներին (հնչյուններ, բառերի բազմություն)
- այն օբյեկտները, որոնք կառուցել են հետազոտողները նկարագրության համար («կառույցներ»)՝ նախօրոք ընտրված խիստ սահմանափակ քերականական կարգեր, նշաններ, իմաստային տարրական կառույցներ և այլն։
Եթե ուսումնասիրման ժամանակ տրվող նյութը («մուտքը») հնչյուն է, բառ, նախադասություն, իսկ արդյունքը («ելքը»)՝ քերականական կարգ և իմաստային կառուցվածք, կաղապարը կոչվում է վերլուծական, իսկ եթե տրվող նյութը քերականական կարգ, իմաստային տարրական կառուցվածք Է, իսկ «ելքը»՝ ձևական կազմություն, կաղապարը կոչվում է համադրական։ Քանի որ յուրաքանչյուր կաղապար նկարագրում է ոչ ամբողջ լեզուն, այլ նրա որոշ բնագավառ կամ նույնիսկ որևէ քերականական կարգ, ապա լեզվի ճշգրիտ նկարագրման համար միաժամանակ օգտագործվում են տարբեր կաղապարներ։
![]() |
Սա աշխարհ լեզուների մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 194)։ ![]() |