Կախովի կամուրջ
From Wikipedia, the free encyclopedia
Կախովի կամուրջ (անգլ.՝ Suspension bridge), կամուրջ, որի հիմնական կրող մասը կառուցված է առաձգական նյութից (ճոպան, շղթա և այլն)։ Աշխատում է գերձգումով, իսկ երթևեկելի հատվածը կլախված է։ Այս տեսակի կամուրջներն անվանում են կախովի, սակայն ճարտարապետական ու շինարարական մասնագիտական գրականության մեջ «կախովի կամուրջ» եզրը չի գործածվում։ Նմանատիպ կամուրջների ժամանակակից առաջին օրինակները կառուցվել են 1800-ական թվականներին։ Կախովի հասարակ կամուրջները, որտեղ բացակայում են ուղղահայաց կախոցները, երկար պատմություն ունեն և ստեղծվել են աշխարհի լեռնային շատ շրջաններում։
Կախովի կամուրջները հաջող կիրառություն ունեն կամրջի մեծ երկարության դեպքում, երբ հնարավորություն չկա կամ վտանգավոր է միջանկյալ հենասյուների տեղադրել (օրինակ` նավարկման վայրերում)։ Այս տեսակի կամուրջները շատ ներդաշնակ տեսք ունեն։ Կախովի կամրջի ամենահայտնի օրինակներից է Ոսկե դարպասները, որը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյի ծովախորշում։
Կրող հիմնական ճոպանները կամ շղթաները կամուրջը կախում են ափերին տեղադրված հենասյուներից, որոնց ամրացվում են ուղղահայաց ճոպաններ կամ հեծաններ, որոնցից կախվում է կամրջի հիմնական թռիչքի ճանապարհային պաստառը։ Հիմնական ճոպանները շարունակվում են հենասյուների հետևում և ամրացվում գետնին։ Ճոպանների շարունակությունը կարող է կիրառվել լրացուցիչ երկու թռիչքների համար։
Կենտրոնացված ծանրության ազդեցությամբ կրող կոնստրուկցիան կարող է փոխել իր ձևը, ինչը նվազեցնում է կամրջի կոշտությունը։ Ժամանակակից կախովի կամուրջներում ճկվածքից խուսափելու համար ճանապարհային պաստառն ամրացնում են հեծաններով կամ ֆերմաներով, որոնք տեղաբաշխում են ծանրությունը։