From Wikipedia, the free encyclopedia
Ծործորի վանք (պարս.՝ کلیسای زور زور), հայկական վանք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում (այժմ՝ Իրանի Մակու քաղաքից հյուսիս-արևմուտք, Զանգմար գետի ձախ ափին)։ 13-րդ դարի վերջին հիմնադրել է Զաքարիա եպիսկոպոսը։ Հիշատակվում է 1314 թվականից։
Ծոր Ծոր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մատուռ |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Մակուի գավառ և Մակու |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[1] |
Մասն է | Իրանի հայկական վանական համալիրներ |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[2] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | իլխադինյան ճարտարապետություն և հայկական ճարտարապետություն |
Մակերես | 5,03 հեկտար, 54,46 հեկտար |
Dzordzor Chapel Վիքիպահեստում |
Ծործորի վանքը, լինելով Արտազի հայկական իշխանության մշակութային կենտրոն, վերելք է ապրել 14-րդ դարի առաջին կեսին, երբ այստեղ է հաստատվել Հովհաննես Երզնկացին (Ծործորեցի)։ Բացվել են բարձրագույն դպրոց, գրչության կենտրոն, գրվել և թարգմանվել են աստվածաբանական երկեր ու մեկնություններ, ընդօրինակվել ձեռագրեր։ Հովհաննես Երզնկացին այս վանքում է գրել «Մեկնութիւն մարգարեութեանն Դանիէլի», «Մեկնութիւն Մատթէի Ավետարանին», «Համառօտ տեսութիւն քերականի» երկերը, քարոզներ, չափածո ստեղծագործություններ ևն։ 1316 թվականին Զաքարիա եպիսկոպոսը և Հովհաննես Երզնկացին մասնակցել են Ադանայի եկեղեցական ժողովին։
Ծործորի վանքը 14-րդ դարում դարձել է միարարական շարժման կենտրոն։ Վանքին կից բացված դպրոցում գիտամանկավարժական աշխատանք է կատարել Ֆրա Պոնցիուս վարդապետը։ Ծործորի բարձրագույն դպրոցում հայերեն են թարգմանվել եվրոպական սխոլաստիկայի անվանի ներկայացուցիչներ Նիկողայոս Լյուրացու, Թովմա Աքվինացու, Բոնավենտուրայի երկերը։
Վանքը գործել է մինչև 18-րդ դարի վերջը։ 1995 թվականին Ծործորի վանքի Սբ. Աստվածածին խաչաձև գմբեթավոր եկեղեցին (1298–1314, կառուցված է սրբատաշ քարով), Մակուում արհեստական լիճ ստեղծելու կապակցությամբ, իրանահայ ճարտարապետ Վ. Առաքելյանի նախաձեռնությամբ ու միջոցներով, տեղափոխվել է բարձրադիր վայր, Բարոն գյուղի մոտ[3]։
2008 թվականին հուլիսի 6-ին մատուռը ճանաչվել էր որպես Համաշխարհային ժառանգություն և Իրանում հայկական Սուրբ Թադևոսի և Սուրբ Ստեփանոսի վանքերի հետ նույնպես մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկի մեջ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.