![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2d/%25D4%25B1%25D5%25B6%25D5%25BF%25D5%25A1%25D5%25BC.jpg/640px-%25D4%25B1%25D5%25B6%25D5%25BF%25D5%25A1%25D5%25BC.jpg&w=640&q=50)
Խոսրովի անտառ պետական արգելոց
From Wikipedia, the free encyclopedia
Խոսրովի անտառ պետական արգելոց (նաև Խոսրովի անտառ), պետության կողմից պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող տարածք Հայաստանի Արարատի մարզում[2]։ Պահպանվող տարածքը ստեղծվել է 330-338 թվականներին Խոսրով Գ.Կոտակ թագավորի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա։ Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն։ Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում։
![]() | |
Տեսակ | արգելոց |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Արարատի մարզ |
Հիմնվել է | սեպտեմբերի 13, 1958 |
Մակերես | 23 213,5 հեկտար[1] |
Անվանված է | Խոսրով Գ |
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով։ Արգելոցը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսարևելյան մասում, Գեղամա լեռնավահանի և Մերձարաքսյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների միջև։ Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն, զբաղեցնում է 23,213․5 հա տարածք և կազմված է Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա) տեղամասերից[3]։ Խոսրովի անտառ պետական արգելոցը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ։ 2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ[4]։