From Wikipedia, the free encyclopedia
Լարովի նարինջ (անգլ.՝ A Clockwork Orange), գեղարվեստական ֆիլմ, նկարահանել է ամերիկյան հայտնի ռեժիսոր Սթենլի Կուբրիկը 1971 թվականին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1971 թվականի դեկտեմբերի 19-ին, ԱՄՆ-ում։ Նկարահանված է գրող Էնթոնի Բյորջեսսի համանուն վեպի հիման վրա։ Արժանացել է 5, ներկայացվել՝ 16 մրցանակների, որոնց թվում 4 անվանակարգերում Օսկարի։ Նկարահանված է քրեական անտիուտոպիա ժանրում։ Ֆիլմում առկա են սեքսի և բռնության տեսարաններ, ինչի պատճառով արգելվում է դիտել 18 տարեկանից ցածր հանդիսատեսներին։
Ֆիլմի գործողությունները կատարվում են ոչ հեռու ապագայում (հարաբերականորեն 70-ականներում)։ Երիտասարդ Ալեքսը, որի անունից պատմվում է ֆիլմի պատմությունը, ղեկավարում է իր երեք ընկերներից կազված հանցախումբը։ Նա իր ավազակ ընկերների հետ կողոպտում է անմեղ մարդկանց բնակարաններ, ծեծկռտուքների մեջ է մտնում ուրիշ ավազակների հետ, բռնաբարում է տարբեր կանանց, իրագործելով իրենց սիրված «ուլտրաբռնաբարություն» ծրագիրը, ծեծում է անօթևաններին և այլն... Ալեքսի միակ թուլությունը Բեթհովենի երաժշտությունն է, որը նրան շատ է դուր գալիս և մի տեսակ, հզորություն պատճառում։ Նա ապրում է իր ծնողների հետ, սիրում է սեքսը և աշխույժ երիտասարդական կյանքը։
Մի օր, հերթական կողոպուտի ժամանակ, Ալեքսը դաժանորեն մի միայնակ կնոջ է սպանում, որը իր մեծ տանը, ապրում էր իր բազում կատուների հետ։ Նա հասցնում է մահից առաջ ոստիկանություն ահազանգել։ Երբ ոստիկանները տեղ են հասնում, Ալեքսի ընկերները դավաճանում են իրեն, վերջերս տեղի ունեցած տարաձայնությունների պատճառով։ Նրանք հարվածում են իրենց ընկերոջ դեմքին կաթի շշով և փախչում դեպքի վայրից։ Ալեքսին ձերբակալում են և բանտ նստացնում։
Բանտում նա իրեն շատ վատ է զգում դաժան տեսուչների, վատ պայմանների և կեղտոտ կալանավորների շուրջ։ Չդիմանալով բանտի կյանքին, Ալեքսը որոշում է ազատ արձակվել, վերջերս ի հայտ եկող նոր բուժման շնորհիվ։ Պետությունը հանցագործ մարդկանց համար, մի նոր բուժում է առաջարկում, որը կարող է այնպես անել, որ նախկին հանցագործը լիովին ուղղվի և այլևս մեղքեր չգործի։ Այդպիսի բուժման փորձ դեռ երբեք չի եղել և առաջին փորձի համար, մեկ հանցագործ անձ է հարկավոր։ Ալեքսն ամեն ինչ անում է, որ հենց իրեն ընտրեն այդ բուժման փորձի համար, ինչից հետո նրան բաց կթողնեն։ Ալեքսի սրամիտ լեզվի և իր ծանոթ բանտային հոգևորականի օգնությամբ, ընտրում են իրեն։
Բուժումը կազմված էր կինոսրահից, որտեղ Ալեքսին օրը մեկ կամ երկու անգամ, կապում են մի բազկաթոռից և դաժան տեսանյութեր ցուցադրում, որոնք ամբողջովին կազմված էին բռնության, սեքսի, պատերազմի և ուրիշ դաժան տեսարաններից։ Այդ ամենն ուղեկցվում է Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի երաժշտությամբ։ Արդյունքում Ալեքսը պետք է այնքան տեսներ այդ կեղտոտ տեսարանները, մինչև որ լիովին չապաքինվեր, հենց իր կեղտոտ բնավորությունից։ Այդպես էլ լինում է։ Ալեքսը պատվով անցնում է քննությունը և իրեն ազատ են արձակում։
Հիմա Ալեքսը սրտխառնոց է զգում յուրաքանչյուր կռվից, սեքսուալ հաճույքից, բռնությունից և այլ դաժանությունից։ Սրտխառնոց է զգում նաև Բեթհովենի իններորդ սիմֆոնիայից, որը լսելով, կարող է նույնիսկ ինքնասպան լինել։ Նա սովորական մարդ է դառնում, որը այլևս երբեք չի կարող իրեն ավազակի պես պահել։ Սակայն ազատության մեջ հեշտ չի գոյատևում։ Տանը նա տեղ չի գտնում, որովհետև իր ծնողներն արդեն ուրիշի են որդեգրել և պահանջում են, որ Ալեքսը լքի տունը։ Փողոցներում նա հանդիպում է այն անօթևանին, որին ժամանակին ստորացրել էր, և վերջինս իր ընկերների հետ, ծեծում են Ալեքսին։ Հետո նա հանդիպում է իր հանցախմբի նախկին ընկերներին, որոնք արդեն ոստիկան են դարձել։ Վերջիններս նույնպես տանում են Ալեքսին անտառ և ստորացուցիչ ծեծ տալիս։ Հետո Ալեքսը օգնություն փնտրելով, հայտնվում է այն տանը, որը ժամանակին կողոպտել էր, ծեծել էր տան տիրոջն ու բռնաբարել նրա կնոջը։ Տան տերը տանջում է Ալեքսին իններորդ սիմֆոնիայով և վերջինս իրեն ցած է գցում լուսամուտից։
Ալեքսը ողջ է մնում և հայտնվում է հիվանդանոցում, որտեղ իրեն խնամող անձնակազմի շնորհիվ, սկսում է ուշքի գալ։ Նրան այցելում են ծնողները և առաջարկում, ապաքինվելուց հետո տուն վերադառնալ, քանի որ խիղճը տանջում է իրենց։ Հետո Ալեքսին այցելում է ներքին գործերի նախարարը։ Թերթերը տպել են պետությունը քննադատող հոդվածներ, որոնց մեջ մեղադրում են կառավարությունը, իրենց բուժման համար։ Նախարարը մտահոգված լինելով, առաջարկում է Ալեքսին չբողոքել ժողովրդին բուժման վրա և փոխարենը մի նոր գործ կստանա, աշխատելով կառավարության ներքին գործերի համար։ Ալեքսն իմանում է, որ իրեն ցած գցելուց հետո, բուժման արդյունքները կորչել են, և նա նախկին Ալեքսն է։ Նա համաձայնվում է նախարարի առաջարկությանը։ Վերջին տեսարանը. Նախարարը գլխավոր հերոսին մեծաքանակ Բեթհովենի երաժշտությամբ սկավառակներ է նվիրում հիվանդանոցում և ներս են մտնում լրագրողներ ու լուսանկարիչներ, որոնք աշխույժ նկարահանում են Ալեքսին և նախարարին, իրար հետ ժպտալուց։ Ալեքսը չարագործ ձայնով արտասանում է. «Այո, ես լիովին ապաքինվեցի»։
Դերակատար | Դեր |
---|---|
Մալքոլմ Մաքդաուել | Ալեքս |
Ջեյմս Մարկուս | Ջորջի |
Մայքլ Թարն | Փիթ |
Ուորեն Կլարկ | Դիմ |
Լինդսի Քեմպբելլ | ոստիկանության տեսուչ |
Օբրի Մորրիս | Փ.Ռ. Դելտոիդ |
Պատրիկ Մեգի | Ֆրենկ Ալեքսանդր |
Կարլ Դյուրինգ | բժիշկ Բրոթսկի |
Շեյլա Ռեյնոր | Ալեքսի մայր |
Ֆիլիպ Սթոուն | Ալեքսի հայր |
«Լարովի նարինջ» ֆիլմը արժանացել է՝ 5, ներկայացվել՝ 16 մրցանակների։ Դրանցից են.
«Լարովի նարինջ» ֆիլմի առաջին ցուցադրությունից հետո, մի մեծ քննադատական ալիք բարձրացավ՝ ֆիլմի սյուժեի, պարունակության և ռեժիսորի հասցեին։ Անգլիայում ֆիլմի թողարկումից հետո, սկսվեցին ավազակային ընդհարումներ, որոնք ակնարկում էին ֆիլմը։ Տարբեր անձինք, հագնելով ֆիլմի հերոսների հագուստները, հարձակումներ էին կատարում քաղաքացիների վրա։ Այդպիսով, որոշ քննադատներ ասում էին, որ Սթենլի Կուբրիկը վնաս է հասցրել մարդկությանը իր «արվեստով»։ Արդյունքում, Մեծ Բրիտանիայում ֆիլմի ցուցադրությունը արգելվեց դատարանի կողմից՝ սեքսի և բռնության տեսարանների պատճառով։ Սակայն քննադատների և հանդիսատեսների մի մասն էլ հիացմունքով ընդունեցին ֆիլմը։ «Թայմ» ամսագիրը գրում էր.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.