From Wikipedia, the free encyclopedia
Ինքնագիտակցում, ինքնության փիլիսոփայության մեջ սեփական անձի կամ անհատականության փորձն է[1]: Այն չպետք է շփոթել գիտակցության հետ՝ որակական իմաստով: Եթե գիտակցությունը մարդու մարմնի և շրջակա միջավայրի մասին իրազեկ լինելն է, ապա ինքնագիտակցումը այդ գիտակցության (ինքնա)ճանաչումն է[2]: Ինքնագիտակցումն այն է, թե ինչպես է անհատը զգում և հասկանում իր բնավորությունը, զգացմունքները, շարժառիթները, ցանկությունները, պահանջմունքները:
Անհատի` որպես մշակույթի և առհասարակ կյանքի սուբյեկտի կյանքի ուղու վրա աստիճանաբար նկատվում է մարդու գիտակցության և ինքնագիտակցության դիալեկտիկական կապի գիտակցում և տիրապետում, ինչը կարևոր պայման է կյանքի ռազմավարության մշակման և սահմանման համար:
Հետազոտողներն ուսումնասիրում են, թե ուղեղի որ հատվածն է թույլ տալիս մարդկանց ինքնագիտակ լինել և ինչպես են մարդիկ կենսաբանորեն ծրագրավորված ինքնագիտակ լինելու համար: Վիլեյանուր Ռամաչանդրանը ենթադրում է, որ հայելային նեյրոնները կարող են ապահովել մարդու ինքնագիտակցության նյարդաբանական հիմքը[3]: 2009 թվականին Edge Foundation-ի համար գրված էսսեում Ռամաչանդրանը տվել է իր տեսության հետևյալ բացատրությունը. «Այս նեյրոնները ոչ միայն կարող են օգնել այլ մարդկանց վարքագիծը մոդելավորելուն, այլև կարող են շրջվել դեպի «ներս», այսպես ասած, Ձեր սեփական ուղեղի ավելի վաղ պրոցեսների երկրորդ կարգի պատկերացում կամ մետապատկերացում ստեղծելու համար: Սա կարող է լինել ներդաշնակության և ինքնագիտակցման և այլ գիտակցության փոխադարձության հիմքը: Այստեղ ակնհայտորեն հավի կամ ձվի հարց կա, թե որն է առաջինը զարգացել, բայց... Հիմնական բանն այն է, որ երկուսն էլ զարգացել են՝ փոխադարձաբար հարստացնելով միմյանց՝ ստեղծելով «ես»-ի մասին հասուն պատկերացումը, որը բնութագրում է ժամանակակից մարդկանց»[4]:
Մարմնի (ինքնա)գիտակցումը կապված է պրոպրիոցեպցիայի (մարմնի տարբեր մասերի տեղադրության զգացողություն)[5] և վիզուալիզացիայի[6] հետ[7]: Առողջապահության և բժշկության մեջ մարմնի գիտակցումը նշանակում է իր ուշադրությունը տարբեր ներքին զգացողությունների վրա ճշգրիտ ուղղելու մարդու կարողություն: Ե՛վ պրոպրիոցեպցիան, և՛ ինտերոցեպցիան թույլ են տալիս անհատներին հասկանալ իրենց մարմնի բազմաթիվ զգացողությունները[8]: Պրոպրիոցեպցիան թույլ է տալիս անհատներին և հիվանդներին կենտրոնանալ իրենց մկանների և հոդերի ընկալիչների, կեցվածքի և հավասարակշռության վրա, մինչդեռ ինտերոցեպցիան ծառայում է ներքին օրգանների զգացողությունները որոշելու համար, ինչպիսիք են սրտի բաբախյունը, շնչառությունը, թոքերի ցավը կամ հագեցվածությունը: Մարմնի չափազանց սուր գիտակցումը, մարմնի ոչ սուր գիտակցումը և մարմնի խեղաթյուրված գիտակցումը ախտանիշներ են, որոնք առկա են մի շարք առողջական խանգարումների և պայմանների դեպքում, ինչպիսիք են գիրությունը, նյարդային անորեքսիան և հոդերի քրոնիկ ցավը[9]: Օրինակ, քաղցից հագեցվածության խեղաթյուրված ընկալումը առկա է նյարդային անորեքսիայով տառապող հիվանդի մոտ:
Ինքնագիտակցումը «հավանաբար, ամենահիմնարար խնդիրն է հոգեբանության մեջ, ինչպես զարգացման, այնպես էլ էվոլյուցիոն տեսանկյունից»[10]:
Ինքնագիտակցման տեսությունը, որը մշակվել է Դյուվալի և Ուիքլունդի կողմից 1972 թվականի «Աբբյեկտիվ ինքնագիտակցության տեսություն» գրքում, ասում է, որ երբ մենք կենտրոնանում ենք ինքներս մեզ վրա, մենք գնահատում և համեմատում ենք մեր ներկայիս վարքագիծը մեր ներքին չափանիշների և արժեքների հետ: Սա առաջացնում է օբյեկտիվ ինքնագիտակցման վիճակ: Մենք դառնում ենք ինքնագիտակից՝ որպես ինքներս մեզ օբյեկտիվ գնահատողներ[11]: Ինքնագիտակցումը չպետք է շփոթել ինքնագիտակցության հետ[12]: Տարբեր հուզական վիճակներ սրվում են ինքնագիտակցմամբ:
Այնուամենայնիվ, որոշ մարդիկ կարող են ձգտել բարձրացնել իրենց ինքնագիտակցումը այդ միջոցներով: Մարդն ավելի հավանական է, որ իր վարքագիծը համապատասխանեցնի հենց իր չափանիշներին, երբ ինքն իրեն ինքնագիտակցում է: Մարդիկ ազդվում են, եթե չեն համապատասխանում իրենց անձնական չափանիշներին: Բնապահպանական տարբեր ազդակներ և իրավիճակներ հրահրում են սեփական անձի գիտակցումը, օրինակ՝ հայելիները, հանդիսատեսը կամ տեսանկարահանվելը կամ ձայնագրվելը: Այս ազդանշանները նաև մեծացնում են անձնական հիշողության ստույգությունը[13]:
Անդրեաս Դեմետրիուի ճանաչողական զարգացման նեո-Պիաժեյան տեսություններից մեկում ինքնագիտակցումը համակարգված կերպով զարգանում է ծնունդից մինչև կյանքի տևողությունը, և այն հիմնական գործոն է ընդհանուր եզրակացության գործընթացների զարգացման համար[14]: Ճանաչողական գործընթացների մասին ինքնագիտակցումը նպաստում է ընդհանուր ինտելեկտի զարգացմանը մշակման արդյունավետության գործառույթներ, ինչպիսիք են աշխատանքային հիշողությունը, մշակման արագությունը և մտածման հիմնավորումը[15]:
Ալբերտ Բանդուրայի Սոցիալական ուսուցման տեսության հանգուցային հասկացություններից մեկը` ինքնաէֆեկտիվությունը (ինքնաամրապնդման համար անհրաժեշտ ինքնաքաջալերման ունակությունը), նկարագրում է «իր կարողությունների նկատմամբ մարդու հավատը, որն անհրաժեշտ է պոտենցիալ իրավիճակները կառավարելուն ուղղված գործողությունները կազմակերպելու և իրականացնելու համար»:
Անձի հավատը հաջողության հասնելու իր ունակության նկատմամբ հիմք է ստեղծում, թե ինչպես է մարդը մտածում, վարվում և զգում: Օրինակ՝ ուժեղ ինքնավստահություն ունեցող մեկը մարտահրավերները դիտարկում է որպես առաջադրանքներ, որոնցով պետք է զբաղվել և հեշտությամբ չի հուսահատվում անհաջողություններից: Այդպիսի անձը գիտակցում է իր թերություններն ու կարողությունները և ընտրում է օգտագործել այդ հատկություններն առավելագույնս իր հնարավորություններով: Ինքնաէֆեկտիվության թույլ զգացողություն ունեցող մեկ ուրիշը խուսափում է մարտահրավերներից և արագորեն հուսահատվում է անհաջողություններից: Նրանք երկուսն էլ կարող են տեղյակ չլինել հնարավոր խնդիրների մասին, և հետևաբար, նրանց չհորդորեն փոխել իրենց վերաբերմունքը: Այս հայեցակարգը կենտրոնական է Բանդուրայի սոցիալական կոգնիտիվ տեսության համար, «որն ընդգծում է դիտողական ուսուցման, սոցիալական փորձի և փոխադարձ դետերմինիզմի դերը անձի զարգացման գործում»[16]:
Անհատները գիտակցում են իրենց մասին ինքնագիտակցման զարգացման միջոցով[10]: Ինքնազարգացման այս առանձնահատուկ տեսակը վերաբերում է սեփական մարմինը և հոգեվիճակը գիտակցելուն՝ ներառյալ մտքերը, գործողությունները, գաղափարները, զգացմունքները և ուրիշների հետ փոխհարաբերությունները[17]:
Ինքնագիտակցումը հանկարծակի չի առաջանում մեկ կոնկրետ վարքագծի միջոցով. այն աստիճանաբար զարգանում է տարբեր վարքագծերի հաջորդականության միջոցով, որոնք բոլորն էլ վերաբերում են «ես»-ին[18]: |
Սեփական հոգեկան վիճակների մոնիտորինգը կոչվում է մետաճանաչում և համարվում է ցուցիչ, որ գոյություն ունի «ես»-ի որոշակի հասկացություն[19]:
Ըստ Ֆիլիպ Ռոչատի՝ կան ինքնաճանաչման հինգ մակարդակ, որոնք բացահայտվում են մարդու վաղ զարգացման ընթացքում, և վեց պոտենցիալ հեռանկարներ՝ սկսած «0-րդ մակարդակից» (ինքնագիտակցում չունենալով) բարդությունը զարգացնելով մինչև «5-րդ մակարդակ» (բացահայտ ինքնագիտակցում).
Լույս աշխարհ եկած մարդը նորածին է, չի պատկերացնում, թե ինչ է իրեն շրջապատում, ոչ էլ իր շրջապատի մյուսների նշանակությունը[20] : Սկզբում «երեխան չի կարող ճանաչել իր դեմքը»[20] : Ընդամենը մի քանի ամսականում նորածինները հասկանում են իրենց ստացած ընկալման և տեսողական տեղեկատվության միջև կապը[21]: Սա կոչվում է «առաջին դեմքից ինքնագիտակցում»:
Մոտ 18-24 ամսականում երեխան հայտնաբերում է իրեն և ճանաչում իր արտացոլումը հայելու մեջ[22][23], սակայն ճշգրիտ տարիքը տարբերվում է կապված տարբեր սոցիալ-տնտեսական մակարդակների և մշակույթի և դաստիարակության տարբերությունների հետ[24]: Նրանք, ովքեր հասնում են գիտակցության այս մակարդակին, հասկանում են, որ հայելու մեջ իրենք իրենց են տեսնում, օրինակ՝ հայելային արտացոլման մեջ իրենց դեմքի կեղտը տեսնելով` դիպչում են իրենց դեմքին՝ այն մաքրելու համար: Շուտով այն բանից հետո, երբ փոքրիկները ռեֆլեկտիվորեն ինքնագիտակից են դառնում, նրանք սկսում են ճանաչել իրենց մարմինը որպես ֆիզիկական օբյեկտ ժամանակի և տարածության մեջ, որոնք փոխազդում են և ազդում այլ օբյեկտների վրա: Օրինակ, վերմակի վրա նստած փոքրիկը, երբ նրան խնդրում են ինչ-որ մեկին տալ այդ վերմակը, կհասկանա, որ պետք է իջնի դրանից, որպեսզի կարողանա այն վերցնել[21]: Սա մարմնի ինքնագիտակցման վերջնական փուլն է և կոչվում է օբյեկտիվ ինքնագիտակցում:
Մինչև 18 ամսական երեխան կարող է իր անունը հայտնել ուրիշներին, և երբ իր նկարը տեսնելիս նա կարող է ինքն իրեն ճանաչել: Երկու տարեկանում երեխան սովորաբար ձեռք է բերում գենդերային կատեգորիա և տարիքային կատեգորիաներ՝ ասելով այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «Ես աղջիկ եմ, ոչ թե տղա» և «Ես երեխա կամ փոքրիկ եմ, մեծահասակ չեմ»: Երբ նորածնային տարիքից անցնում է միջին մանկություն և հետո՝ պատանեկություն, երեխան զարգացնում է ինքնագիտակցման և ինքնանկարագրման ավելի բարձր մակարդակներ[20]: 24 ամսական հասակում փոքրիկը կդիտարկի և կկապի իր սեփական գործողությունները այլ մարդկանց և շրջակա միջավայրի գործողությունների հետ[22]:
Նախադպրոցական տարիքում երեխան սկսում է շատ ավելի կոնկրետ մանրամասներ տալ իրերի մասին, ընդհանրացնելու փոխարեն: Այս տարիքում, երեխան գտնվում է այն շրջանում, ինչ Ժան Պիաժեն անվանում է զարգացման նախագործառնական փուլ: Երեխան շատ ճշգրիտ չի դատում իր մասին: Օրինակ, այս փուլում երեխան չի կապի իր ուժեղ լինելը դպրոցում մարմնամարզական ջունգլիներն (jungle gym) անցնելու ունակության հետ, ինչպես նաև չի կապի մաթեմատիկական խնդիր լուծելու փաստը հաշվելու ունակության հետ[20]:
Դպրոցական տարիքում երեխայի հիշողության մասին գիտակցումը հասնում է սեփական անձի զգացողության մակարդակին: Այս փուլում երեխան սկսում է զարգացնել հետաքրքրություններ, հավանումներ և հակակրանքներ: Այս անցումը հնարավորություն է տալիս մարդուն ավելի լավ գիտակցել իր անցյալի, ներկայի և ապագայի մասին աճել, քանի որ նա ավելի հաճախ է հիշում իր գիտակցական փորձառությունները[22]:
Մարդը գիտակցում է իր զգացմունքները դեռահասության շրջանում: Երեխաների մեծամասնությունը երկու տարեկանում գիտակցում է այնպիսի զգացմունքները, ինչպիսիք են ամոթը, մեղքի զգացումը, հպարտությունը և ամոթխածությունը, բայց լիովին չեն հասկանում, թե ինչպես են այդ զգացմունքներն ազդում իրենց կյանքի վրա[25]: 13 տարեկանում երեխաներն ավելի են բախվում այս զգացմունքներին և սկսում են դրանք կիրառել իրենց կյանքում: Շատ դեռահասներ ընկերների շրջապատում դրսևորում են երջանկություն և ինքնավստահություն, իսկ ծնողների մոտ՝ հուսահատություն և զայրույթ՝ ծնողներին հիասթափվելու վախից: Դեռահասները կարող են իրենց խելացի և ստեղծագործ զգալ ուսուցիչների կողքին, մինչդեռ նրանք կարող են զգալ ամաչկոտ, անհարմար և նյարդայնացած մարդկանց շրջապատում, որոնց ծանոթ չեն[26]:
Երբ երեխաները հասնում են պատանեկության, նրանց սուր զգացմունքների զգացողությունն ընդլայնվում և վերածվում է մետաճանաչողական վիճակի, որի դեպքում հոգեկան առողջության խնդիրները կարող են ավելի տարածված դառնալ հուզական և սոցիալական բարձր զարգացման պատճառով[27]: Ինքնագիտակցման մարզումը կարող է նվազեցնել զայրույթի կառավարման խնդիրները և նվազեցնել դեռահասների ագրեսիվ հակումները[28]:
Դեռահասների զարգացման մեջ ինքնագիտակցումն ավելի բարդ էմոցիոնալ ենթատեքստ ունի, քան վաղ մանկության փուլում: Տարրերը կարող են ներառել ինքնագնահատականը, «Ես» կոնցեպտը և ինքնագիտակցությունն այլ հատկանիշների թվում, որոնք վերաբերում են Ռոչատի ինքնագիտակցման վերջնական մակարդակին, սակայն ինքնագիտակցումը մնում է հստակ հասկացություն[29]:
Գոյություն ունեն երկու ընդհանուր մեթոդ, որով չափում են, թե որքան նվազ է անհատի ինքնագիտակցման մակարդակը: Բուժառուի իրավասությունների գնահատման սանդղակով (PCRS-Patient Competency Rating Scale) գնահատվում է այն բուժառուների ինքնագիտակցումն, ովքեր ունեցել են գանգուղեղային վնասվածք[30]: PCRS-ը 30 կետից բաղկացած ինքնաարձանագրման գործիք է Լիկերտի 5 բալանոց սանդղակով[31], որով սուբյեկտը գնահատում է իր դժվարության աստիճանը տարբեր առաջադրանքներում և գործառույթներում: Դրանից անկախ հարազատներից կամ ուրիշներից, ովքեր լավ գիտեն հիվանդին, նույնպես խնդրվում է գնահատել հիվանդին նույն վարքագծային կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ:
Հարազատների և հիվանդների ընկալումների միջև տարբերությունը համարվում է խանգարված ինքնագիտակցման անուղղակի չափանիշ: Այս գիտափորձի սահմանափակումները հիմնված են հարազատների պատասխանների վրա։ Նրանց պատասխանների արդյունքները կարող են հանգեցնել կողմնակալության: Այս սահմանափակումը դրդել է հիվանդի ինքնագիտակցման փորձարկման երկրորդ մեթոդին դիմել: Պարզապես հիվանդին հարցնելը, թե ինչու է նա գտնվում հիվանդանոցում կամ ինչն է սխալ նրա մարմնի հետ, կարող է համոզիչ պատասխաններ տալ, թե ինչ է նա տեսնում և վերլուծում[32]:
Սեփական դեֆիցիտներին տեղյակ չլինելու մասին կա բժշկական տերմին` անոսոգնոզիա, (anosognosia, հունարեն՝ ἀ- — չ, ան- + νόσος — հիվանդություն + γνῶσις — գիտելիք, իմանալ - հիվանդության մասին անտեղյակություն)[33] կամ ավելի հաճախ հայտնի է որպես խորաթափանցության պակաս: Հիվանդության տեղյակության կամ իրազեկվածության պակասը բարձրացնում է բուժման և ծառայության չհամապատասխանելու ռիսկերը[34]:
Բազմաթիվ խանգարումներ կապված են անոսոգնոզիայի հետ[33]: Օրինակ, գանգուղեղի կեղևային ախտահարումների պատճառով կույր հիվանդը, կարող է իրականում տեղյակ չլինեն, որ ինքը կույր է և կարող է ասել, որ ինքը չի տառապում տեսողական խանգարումներից: Աֆազիա ունեցող մարդը կարող է տեղյակ չլինել իր խոսքի որոշակի սխալների մասին[35]: Մարդը, ով տառապում է ալցհեյմերի հիվանդությամբ, հիշողության խանգարում ունի, ցրված ու մոռացկոտ է. այս դեֆիցիտը դառնում է ավելի ու ավելի ինտենսիվ հիվանդության ողջ ընթացքում[36]: Այս խանգարումների հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ, ովքեր ունեն անոսոգնոզիա և տառապում են որոշակի հիվանդություններով, կարող են անտեղյակ լինել դրանց մասին, ինչի հետևանքով, ի վերջո, իրենք իրենց կարող են վտանգավոր իրավիճակների մեջ դնել[35]:
2008 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աուտիզմով տառապող մարդկանց ինքնագիտակցումը հիմնականում տեղի է տալիս (նրանք կորցնում են ինքնավերահսկումը), երբ նրանք սոցիալական իրավիճակներում են, բայց երբ նրանք մենակ են մնում, ավելի ինքնագիտակից են:
Ուրիշների ընկերակցությամբ, երբ նրանք ներգրավվում են միջանձնային փոխազդեցության մեջ, ինքնագիտակցման մեխանիզմը կարծես ձախողվում է[37]: Աուտիզմի սպեկտրի խանգարման սանդղակով ավելի բարձր գործունակ անձինք հայտնել են, որ իրենք ավելի լավ են գիտակցում, երբ մենակ են, եթե միայն չեն գտնվում զգայական գերծանրաբեռնվածության մեջ կամ էլ սոցիալական ազդեցությունից անմիջապես հետո վիճակում չեն[38]: Ինքնագիտակցումը ցրվում է, երբ աուտիստը բախվում է պահանջկոտ սոցիալական իրավիճակի հետ, հնարավոր է վարքագծային արգելակման համակարգի պատճառով, որը պատասխանատու է ինքնապաշտպանման համար[38]:
2012 թվականին Ասպերգերի համախտանիշ ունեցող անձանց ուսումնասիրությունը «Ինքնադիտարկման հարցազրույցում» «ցույց է տվել «ես-որպես օբյեկտ» և «ես-որպես սուբյեկտ» տիրույթներում խանգարումներ»:[39]:
Շիզոֆրենիան, որպես հիվանդության վիճակ, բնութագրվում է կոգնիտիվ դիսֆունկցիայի խիստ խանգարմամբ, և անորոշ է, թե որքանով են հիվանդները տեղյակ այս թերության մասին: Մեդաալիան և Լիմը (2004) ուսումնասիրել են ուշադրության, ոչ խոսքային հիշողության և խոսքային հիշողության ոլորտներում իրենց ճանաչողական դեֆիցիտի վերաբերյալ հիվանդների տեղեկացվածությունը[40]: Այս հետազոտության արդյունքներում (N=185) բացահայտվել է մեծ անհամապատասխանություն հիվանդների կողմից իրենց ճանաչողական ֆունկցիայի գնահատման մեջ՝ համեմատած իրենց կլինիկաների գնահատման հետ: Թեև անհնար է մուտք գործել մարդու գիտակցությունը և իսկապես հասկանալ, թե ինչին է հավատում շիզոֆրենիկը, անկախ այս ուսումնասիրությունից, հիվանդները տեղյակ չէին իրենց ճանաչողական դիսֆունկցիոնալ դատողությունների մասին:
1993 թվականի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարաբերակցություն կա հիվանդի խորաթափանցության, պատրաստակամության և հիվանդության բուժման առաջընթացի միջև: Իրենց հիվանդության մասին թերի պատկերացում ունեցող հիվանդներն ավելի քիչ հավանական է, որ ենթարկվեն բուժմանը և ավելի հավանական է, որ նրանց վիճակն ավելի վատանա: Հալյուցինացիաներով հիվանդները երբեմն ունենում են պոզիտիվ ախտանշաններ, որոնք կարող են ներառել զառանցագին մտքեր, մտքերի գնա/գալ, գլխում օտար մտքեր ծագել (thought insertion) / մտքերը գլխից թռնել (thought withdrawal), իր մտքերը ուրիշներին հասանելի լինելու զգացում (thought broadcast), հետապնդման զառանցանքներ (persecutory delusion) և գերադրականություն ( grandiosity)[41]:
Շիմպանզեների, փղերի, դելֆինների և կաչաղակների վրա «Հայելու թեստեր» են արվել: Փորձարկման ընթացքում կենդանիներն անցնում են չորս փուլ[42].
Գորդոն Գ. Գելափը ստեղծել է կարմիր բծերի տեխնիկա[43], որով ուսումնասիրել է պրիմատների ինքնագիտակցումը։ Այս տեխնիկան անզգայացած պրիմատի ճակատին կարմիր, առանց հոտի կետ է դնում: Բիծը տեղադրված է ճակատին, որպեսզի այն հնարավոր լինի տեսնել միայն հայելու միջով: Երբ պրիմատն արթնանում է և իր արտացոլումը տեսնում է հայելու մեջ, իրենից անկախ շարժումներ է անում դեպի կետը:
Դեյվիդ դը Գրազիան առանձնացնում է ինքնագիտակցման երեք տեսակ, որոնք նկատվում են ինչպես կենդանիների այնպես էլ մարդկանց մոտ: Մարմնի ինքնագիտակցումը թույլ է տալիս կենդանիներին հասկանալ, որ նրանք տարբերվում են մնացած միջավայրից: Այն բացատրում է, թե ինչու կենդանիներն իրենք իրենց չեն ուտում: Մարմնի գիտակցումը ներառում է նաև ֆիզիոլոգիական գիտակցում` պրոպրիոցեպցիա և զգացողություն:
Սոցիալական ինքնագիտակցումը, որը նկատվում է բարձր սոցիալական կենդանիների մոտ, թույլ է տալիս կենդանիներին շփվել միմյանց հետ: Ներհայեցողական ինքնագիտակցումն այն է, թե ինչպես կենդանիները կարող են զգալ զգացմունքները, ցանկությունները և վստահությունը[44]:
Շիմպանզեները և այլ կապիկները, որոնք լայնորեն ուսումնասիրված տեսակներ են, ամենից շատ նման են մարդկանց՝ ամենահամոզիչ բացահայտումներով և կենդանիների ինքնագիտակցման պարզ ապացույցներով[45]: Կարմիր բծի տեխնիկայի ժամանակ, հայելու մեջ նայելուց հետո, շիմպանզեները մատներով դիպչում էին իրենց ճակատի կարմիր կետին, իսկ կարմիր կետին դիպչելուց հետո նրանք հոտոտում էին իրենց մատների ծայրերը[46]: «Կենդանիները, որոնք հայելու մեջ կարող են իրենց ճանաչել, կարող են պատկերացում ունենալ իրենց մասին», - ասում է Գալուփը:
Դելֆինները ենթարկվել են նմանատիպ փորձության և ցույց են տվել նույն արդյունքները։ Նյու Յորքի ակվարիումի հոգեբան-կենսաբան Դիանա Ռեյսը հայտնաբերել է, որ քթադելֆինները կարող են իրենց ճանաչել հայելու մեջ[47]:
Երեք փղեր ենթարկվել են մեծ հայելիներով փորձի, և փորձարարներն ուսումնասիրել են նրանց ռեակցիաները, երբ փղերը տեսել են իրենց արտացոլանքը դրանում: Այս փղերի վրա «լակմուս` նշանի թեստն» են կիրառել` տեսնելու համար, թե արդյոք նրանք տեղյակ են, թե ինչ են նայում: Այս տեսանելի հետքը կիրառվել է փղերի վրա, և հետազոտողները արձանագրել են ինքնագիտակցման մեծ առաջընթաց[42]:
Հետազոտողները նաև օգտագործել են նշանի կամ հայելու թեստեր՝ ուսումնասիրելու կաչաղակիինքնագիտակցումը[48]: Քանի որ թռչունների մեծամասնությունը կտուցի տակը չի տեսնում, Պրիորը և այլք թռչունների պարանոցի վրա են նշան դրել: Արվել է երեք տարբեր գույներով՝ կարմիր, դեղին և սև (որպես իմիտացիա, քանի որ նորածին կաչաղակները սև են): Կարմիր և դեղին նշաններով թռչունները, երբ տեղադրվել են հայելու առջև, սկսել են քորել պարանոցը՝ ազդարարելով մարմնի վրա ինչ-որ այլ էակի ըմբռնման մասին: Հայելիով և նշանով մեկ դիտարկման ժամանակ հինգ կաչաղակներից երեքը ցույց են տվել ինքնուրույն վարքագծի առնվազն մեկ օրինակ: Այդ կաչաղակները սկսել են ուսումնասիրել հայելին՝ շարժվելով դեպի այն և նայելով դրա ետևը։
Կաչաղակներից մեկը՝ Հարվին, փորձրից մի քանիսի ժամանակ առարկաներ վերցնելով կեցվածք էր ընդունում, թևերը թափահարում, և այդ ամենը հայելու առջև՝ առարկաները կտուցով բռնած: Սա ինքնագիտակցման արտահայտություն է. իմանալով, թե ինչ է կատարվում իր ներսում և իրենից դուրս: Հեղինակները ենթադրում են, որ թռչունների և կաթնասունների ինքնաճանաչումը կարող է լինել կոնվերգենտ էվոլյուցիայի դեպք, որտեղ նմանատիպ էվոլյուցիոն ճնշումները հանգեցնում են նմանատիպ վարքագծի կամ գծերի, թեև նրանք հասնում են նրանց տարբեր ուղիներով[49]:
Դիտարկման ընթացքում սև նշանի և հայելու հետ կապված կաչաղակի սեփական մարմնի նկատմամբ վարքագծի մի քանի աննշան դեպքեր են եղել։ Այս հետազոտության հեղինակները ենթադրում են, որ սև նշանը կարող էր շատ նկատելի չլիներ սև փետուրների վրա: «Սա անուղղակի աջակցություն է այն մեկնաբանության համար, որ նշանի նկատմամբ վարքագիծն առաջացել է հայելու մեջ սեփական մարմինը տեսնելով մարմնի վրա անսովոր կետի հետ միասին»[48]:
Հստակ հակադրություն կա կաչաղակների վարքագծի միջև` հայելու առկայության և բացակայության դեպքերում: Առանց հայելու փորձարկումներում, երբ հայելու փոխարեն նույն դիրքում դրվել է նույն չափերի չարտացոլող մոխրագույն թիթեղ, կարմիր, դեղին կամ սև նշանի առկայության դեպքում նշանի նկատմամբ որևէ գործողություն չի դիտվել[48]: Արդյունքները ցույց են տալիս, որ կաչաղակները հասկանում են, որ հայելում երևացող պատկերն իրենց սեփական մարմինն է. այսինքն, կաչաղակներն օժտված են ինքնագիտակցմամբ:
Բույսերի ինքնախտրականությունը դրսևորվում է իրենց արմատներում, ճյուղերում և ծաղիկներում. բույսերը խուսափում են իրենցից, այլ ոչ իրենց շրջապատից[50]:
Գիտաֆանտաստիկ գրականության մեջ ինքնագիտակցումը նկարագրում է մարդու կարևոր է - ական հատկությունը, որը հաճախ (կախված պատմության հանգամանքներից) անձնավորում է կենդանուն: Եթե համակարգիչը, այլմոլորակայինը կամ այլ առարկաները բնութագրվում են որպես «ինքնագիտակ», ընթերցողը կարող է ենթադրել, որ դրանց պետք է վերաբերվել որպես լիովին մարդկային կերպարի՝ նորմալ մարդու նման իրավունքներով, հնարավորություններով և ցանկություններով[51]: Նույն կերպ, գիտաֆանտաստիկ գրականության մեջ օգտագործվում են «Զգացմունք», «խելամտություն» և «գիտակցություն» բառերը:
«Ինքնագիտակցվելու» համար ռոբոտաշինության մեջ ռոբոտները կարող են օգտագործել ներքին մոդելներ՝ իրենց գործողությունների սիմուլյացիայի/մոդելավորման համար[52]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.