From Wikipedia, the free encyclopedia
Թոքեր (լատին․՝ pulmo, հին հունարեն՝ πνεύμων), մարդու, բոլոր կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների մեծ մասի և որոշ ձկների շնչառության օրգան։ Հիմնական ֆունկցիան գազափոխանակությունն է թոքաբշտիկներում պարունակվող օդի և թոքային զարկերակով հոսող արյան միջև։
Մարդու թոքերը շնչառության զույգ օրգաններ են, որ տեղակայված են կրծքի խոռոչում՝ ստոծանու համապատասխան գմբեթների վրա՝ սրտից, արյան խոշոր անոթներից և միջնորմի օրգաններից աջ ու ձախ՝ պարփակված կրծքամզային պարկերի մեջ։ Թոքերը կիսակոնաձև են, գագաթով՝ ուղղված վեր, իսկ հիմքով՝ վար, ունեն 3 մակերևույթ. առաջինը կողերին հպվող ուռուցիկ մակերևույթն է, դարձած է դեպի միջնորմը, երկրորդը ստորին գոգն է, որը կիպ հպվում է ստոծանուն, երրորդը միջային մակերևույթն է, որի վրա կա ռոմբաձև կամ օվալաձև մի փոս՝ թոքի դրունքը, որով անցնում են թոքի արմատը կազմող գլխավոր բրոնխը, թոքային զարկերակը, թոքային երկու երակները, ավշային անոթները և նյարդերը։ Թոքերի միջև գտնվող բոլոր օրգանները (սիրտ, աորտա և մի շարք այլ արյունատար անոթներ, շնչափողը և գլխավոր բրոնխները, կերակրափողը, ուրցագեղձը, նյարդեր, ավշային հանգույցներ և ծորաններ), կազմում են միջնաորմը (mediastinum)։
Աջ թոքն ավելի լայն է ու կարճ և 2 ակոսներով բաժանվում է վերին, միջին ու ստորին, իսկ ձախը՝ 1 ակոսով՝ վերին և ստորին բլթերի։ Գլխավոր բրոնխը թոքի դրունքում բաժանվում է բլթային բրոնխների, որոնք, թոքանյութի մեջ ծառանման ճյուղավորվելով, հաջորդաբար բաժանվում են հատվածային, բլթակային, ապա՝ ավելի փոքր տրամաչափերի սահմանային և շնչառական բրոնխիոլների։ Վերջիններս առաջացնում են 2 կամ 3 թոքաբշտիկային պարկիկներ, որոնց նուրբ պատերի արտափքումները կոչվում են թոքաբշտիկներ։ Թոքային զարկերակի և երակների ճյուղերն իրենց ընթացքով ուղեկցում են բրոնխներին և բրոնխիոլներին։ Թոքերը նյարդավորվում են թափառող նյարդի և սիմպաթիկ ցողունի ճյուղերից կազմված թոքային հյուսակով։
Բլթի ներսում թոքը կազմված է 25 մմ երկարությամբ և 15 մմ լայնությամբ բրգաձև մասերից, որոնց հիմքը ուղղված է դեպի մակերևույթ։ Բլթի գագաթում գտնվում է բրոնխը, որը շարունակական բաժանումով ստեղծում է նրա մեջ 18-20 եզրային բրոնխիոզ։ Դրանցից յուրաքանչյուրը վերջանում է թոքերի ֆունկցիոնալ կառուցվածքի մասերով՝ ացինուսներով։ Ացինուսը կազմված է 20-50 փոքրիկ բրոնխիոլներից, որոնք բաժանվում են թոքաբշտերի ծորանների, որոնց պատերը խիտ պատված են թոքաբշտերով։ Ամեն մի թոքաբշտային ծորան անցնում է վերջնաբաժիններ՝ երկու թոքաբշտային պարկերի։
Թոքաբշտերը կիսագնդաձև ուռուցիկ գոյացություններ են և կազմված են շարակցական թելային հյուսվածքից ու էլաստիկ թելերից։ Ծածկված են նրբագույն թոքաբշտային էպիթելով և պարուրված արյունատար մազանոթների խիտ ցանցով։ Թոքաբշտերում կատարվում է գազափոխանակություն արյան և մթնոլորտային օդի միջև։ Ընդ որում, թթվածինը և ածխաթթու գազը դիֆուզիայի ընթացքում անցնում են էրիթրոցիտների միջոցով մինչև թոքաբշտեր՝ հաղթահարելով թոքաբշտային էպիթելի, հիմնային թաղանթները և արյունատար մազանոթների պատերի ընդհանուր դիֆուզ սահմանը, որոնց հաստությունը 0,5 մկմ-ից մինչև 0,3 սմ է։ Թոքաբշտի տրամագիծը նորածնի մոտ 150 մկմ է, հասուն տարիքում հասնում է 208 միկրոմետրի, իսկ տարեցների մոտ՝ 300-350 միկրոմետրի։ Մեծահասակների մոտ թոքաբշտերի քանակը 600-700 միլիոն է, նորածին երեխայի մոտ՝ 30-ից մինչև 100 միլիոն։ Թոքաբշտերի ներքին մակերևույթի ընդհանուր մակերեսը արտաշնչման ու ներշնչման միջև ընկած ժամանակահատվածում տատանվում է 40 մ2 մինչև 120 մ2 սահմաններում (համեմատության համար, մարդու մաշկի մակերեսը 1,5-2,3 մ2 է)։
Այսպիսով, ավեոլներին օդը հասնում է շնչափողաբրոնխեալ ծառի միջոցով, որն սկսվում է գլխավոր շնչափողից և ճյուղավորվում գլխավոր բրոնխների, բլթային բրոնխների, բրոնխային ճյուղավորումների, միջբլթային, բլթային, ներբլթային բրոնխների։ Բրոնխներով անցնելով օդը մտնում է թոքերի շնչառական բաժին։
Տղամարդկանց աջ թոքի միջին բարձրությունը 27,1 սմ է, կանանց մոտ՝ 21,6 սմ, իսկ ձախինը՝ համապատասխանաբար 29,8 և 23 սմ։ Ըստ որոշ տվյալների՝ թոքի միջին զանգվածը կազմում է 374±14գ, իսկ առավելագույն զանգվածը՝ 470 գ[1]։ Ավելի մեծաքանակ մարդկանց մոտ կատարված այլ չափումների համաձայն՝ տղամարդու աջ թոքի միջին զանգվածը կազմում է 455 գ, կանանցը՝ 401 գ, տղամարդկանց ձախ թոքի միջին զանգվածը՝ 402 գ, կանանցը՝ 342 գ[2]։ Ընդհանուր տարողությունը տատանվում է 1290-4080 մլ և միջինը կազմում է 2680 մլ[3]։
Երեխաների թոքերի հյուսվածքը բաց վարդագույն է։ Մեծահասակների մոտ թոքերի հյուսվածքի գույնը գնալով մգանում է ներշնչվող ածխի ու փոշու մասնիկների պատճառով, որոնք կուտակվում են թոքերի հիմքի շարակցական հյուսվածքի վրա։
Թոքերն առատորեն հագեցած են զգայական, վեգետատիվ նյարդերով և ավշային անոթներոց։
Մարդու թոքերը ձևավորվում են ներարգանդային զարգացման երրորդ շաբաթվա ընթացքում։ Չորրորդ շաբաթում հայտնվում են երկու բրոնխաթոքային բողբոջները, որոնք համապատասխանաբար վերածվում են բրոնխների և թոքերի։ Բրոնխիալ ծառը ձևավորվում է հինգերորդ շաբաթից մինջև չորրորդ ամիսը։ Չորրորդից հինգերորդ ամիսներում ձևավորվում են շնչառական բրոնխիոլները, հայտնվում են առաջին թոքաբշտերը և ձևավորվում են ացինուսները։ Ծննդյան պահին բլթերի, բաժինների քանակը նույնն է, ինչ հասուն մարդու մոտ։
Այնուամենայնիվ, թոքերի զարգացումը շարունակվում է նաև ծնվելուց հետո։ Կյանքի առաջին տարվա ընթացքում բրոնխիալ ծառը մեծանում է մեկուկեսից երկու անգամ։ Ինտենսիվ աճի հաջորդ ժամանակահատվածը համապատասղանում է սեռական հասունացման ժամանակահատվածին։ Թոքաբշտային նոր ճյուղավորումների ձևավորումը ավարտվում է յոթից ինը տարեկանում, իսկ թոքաբշտերինը՝ տասնհիգից քսանհինգ տարեկանում։ Քսան տարեկան հասակում թոքերի ծավալը գերազանցում է նորածնի թոքերի ծավալը քսան անգամ։ Հիսուն տարեկանից հետո սկսում է թոքերի աստիճանական ինվոլյուցիան՝ ռեդուկցիան, որը ավելի է արագանում յոթանասուն տարեկանից հետո։
Թոքերի հիմնական ֆունկցիան գազափոխանակությունն է։ Թոքերի միջոցով օրգանիզմը ստանում է թթվածին, իսկ արյունը մաքրվում է ածխաթթու գազից Գազափոխանակությունից բացի, թոքերը կատարում են նաև արտաթորման գործառույթ. արտաշնչման փուլում արտազատում են ջրի գոլորշիներ և նյութափոխանակության այլ արգասիքներ։ Թոքերը մասնակցում են մարմնի հաստատուն ջերմաստիճանի պահպանմանը, արյան մակարդման կարգավորմանը, իմունային հակամարմինների մշակմանը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի փոխանակությանը։
Ներշնչման ժամանակ թոքերում ճնշումը ցածր է մթնոլորտայինից, իսկ արտաշնչման ժամանակ՝ բարձր, ինչը հնարավորություն է տալիս օդին շարժվելու մթնոլորտից դեպի թոքեր և հակառակը։ Սովորական հանգիստ ներշնչումը կապված է ստոծանու մկանների և միջկողային մկանների ներքին շերտի կծկման հետ։ Եթե ներշնչումը հաճախակի է, ապա մասնակցում են նաև մի շարք այլ մկաններ՝ իրանի և պարանոցի, մեջքի լայնածավալ մկաններ, կրծքա-անրակա-պտկային մկանները և այլն։ Ներշնչման ժամանակ ստոծանին իջնում է, կողերը բարձրանում են, նրանց միջև տարածությունը մեծանում է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.