Էստոնիայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Էստոնիայի պատմություն - ժամանակակից Էստոնիայի տարածքում տեղի ունեցող իրադարձություններն են այն պահից, երբ մարդիկ սկսեցին բնակություն հաստատել այնտեղ մինչև այսօր։ Մարդկային առաջին բնակավայրերը այս տարածքում առաջացել են մ.թ.ա. մոտ 9500-9600 թվականներին՝ այսպես կոչված Կունդ մշակույթում։ X—XIII-րդ դարերում ձևավորվել էր հասարակության վաղ ֆեոդալական կառուցվածքը, որտեղ ծերակույտն ու զինվորական ջոկատների ղեկավարները գտնվում էին երկրի գլխավերևում։
XIII դարում խաչակիրները, ճնշելով էստոնացիների դիմադրությունը, այդ հողերը ներառեցին Լիվոնյան օրդենի մեջ։ Այդ ժամանակվանից, մի քանի դար շարունակ, գերմանացիները Էստոնիայում առանցքային դիրքեր են զբաղեցրել ուժային կառույցներում, մշակույթում, տնտեսությունում և այլն։ XVI -րդ դարում Էստոնիան անցավ Ռեֆորմացիայի դարաշրջանը, այդ ժամանակվանից բողոքականությունը դարձել է իր հիմնական կրոնական ուղղությունը։ Նույն դարում, Լիվոնյան պատերազմի արդյունքներով, հյուսիսային Էստոնիան մտավ Շվեդիայի կազմը, իսկ կես դար անց հարավային Էստոնիան նույնպես ներառվեց նրա կազմում։
Շվեդիայի և Ռուսաստանի միջև Հյուսիսային պատերազմից հետո Էստոնիան ներառվել է Ռուսական կայսրության կազմում 1721 թվականին։ 1897 թվականի մարդահամարի տվյալներով Էստոնիայում ապրում էր 958000 մարդ, որոնցից 90%-ից մի փոքր ավելին էստոնացիներ էին, 4%-ը՝ ռուսներ և 3,5%-ը՝ գերմանացիներ։
1918 թվականի փետրվարի 24-ին Ռուսական կայսրության փլուզումից հետո հռչակվեց Էստոնիայի անկախ և ժողովրդավարական Հանրապետությունը։ Անկախությունը ձեռք բերվեց համանուն Անկախության պատերազմի ժամանակ։ 1920 թվականի փետրվարի 2-ին Խորհրդային Ռուսաստանը և Էստոնիան ստորագրեցին փոխադարձ ճանաչման մասին հաշտության պայմանագիր։ 1921 թվականի սեպտեմբերի 22-ին Էստոնիան դարձավ Ազգերի լիգայի անդամ։
1939 թվականին ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև ազդեցության ոլորտների բաժանման արդյունքում 1939թ․ սեպտեմբերին Խորհրդային Միությունը Էստոնիային պարտադրեց «Փոխօգնության պայմանագիր»-ը, իսկ 1940 թվականի օգոստոսի 6-ին Էստոնիան ներառվեց ԽՍՀՄ կազմի մեջ։ 1941 թվականի հուլիսի 7-ից մինչև 1944 թվականի նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Էստոնիայի տարածքը օկուպացվեց նացիստական Գերմանիայի կողմից։ Այն բանից հետո, երբ խորհրդային զորքերը վերականգնեցին վերահսկողությունը Էստոնիայի տարածքի վրա, այն կրկին ընդգրկվեց ԽՍՀՄ կազմում։ Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ «դե ֆակտո» ճանաչեցին այս ներառումը և «դե յուրե» չճանաչեցին այն։
1990 թվականի մայիսի 8-ին Էստոնիայի անկախությունը վերականգնվեց։ 1991 թվականի սեպտեմբերի 17-ին Էստոնիան ընդունվեց ՄԱԿ։ 2004 թվականին Էստոնիան դարձավ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ։